Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

26. ԻԱԿ-ն ընդդեմ "Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն" ՊՈԱԿ-ի

12.11.2009

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ.-ի սեպտեմբերի 17-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Մինչեւ սույն թվականի օգոստոսի 1-ը ՊՈԱԿ-ի ռեեստրում փորձաքննություն իրականացնող քանի՞ մասնավոր ընկերություն է գրանցված եւ այդ ընկերություններն ու՞մ անունով են գրանցված: Նշեք հավատարմագիր ստացած ընկերությունների անունները:
  2. Տրամադրեք նաեւ ՊՈԱԿ-ի աշխատողների 2008 եւ 2009 թվականների հաստիքացուցակներն ու նույն ժամանակահատվածի աշխատողների աշխատավարձերի չափը հաստատող ցուցակը:

ՊՈԱԿ-ից ստացված կես էջանոց պատասխան գրության մեջ նշված է. “ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009թ-ի թիվ 99-Ա հրամանի համաձայն` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների կամ նրանց կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը տրվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության միջոցով:

Վերոգրյալի հիման վրա առաջարկում եմ տեղեկատվության ստացման նպատակով Ձեր հարցումն ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը”:

Այս գրությամբ, փաստորեն, պատասխան չէր տրվել ԻԱԿ-ի հարցմանը: Ուստի ԻԱԿ-ը դիմեց դատարան: 2010թ.-ի հունվարի 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի դատական գործի դատաքննությունը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պնդեց հայցը, իսկ պատասխանող կողմն էլ շարունակեց առարկել ԻԱԿ-ի պահանջների դեմ: “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը դատաքննության ժամանակ պնդեց ՊՈԱԿ-ի մերժման օրինականությունը (այն է` ԻԱԿ խնդրած տեղեկությունները պետք է ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից)` որպես հիմք նշելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009թ-ի թիվ 99-Ա հրամանը: Սակայն, ինչպես պարզվեց դատաքննության ժամանակ, վերոնշյալ հրամանի համաձայն ՊՈԱԿ-ին ոչ թե պարտադրվում էր հղում անել ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը, այլ պահանջվում էր տեղեկատվություն տրամադրելու պահանջի դեպքում տեղեկությունների տրամադրումը ընդամենը համաձայնեցնել ԱԻՆ-ի մամուլի ծառայության հետ: Այսինքն, սա, ըստ էության, տեղեկատվության տրամադրման ներքին կարգ, պայման սահմանող հանձնարարական է:

2010թ.-ի հունվարի 29-ին հրապարակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի դատական գործով դատարանի վճիռը: Դատարանը վճռեց հայցը ամբողջությամբ բավարարել` պարտավորեցնելով “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը: Վերջինս ԻԱԿ-ին տրամադրեց պահանջվող ողջ տեղեկատվությունը: Սակայն “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ը չէր փոխհատուցել ԻԱԿ-ի վճարած պետական տուրքի գումարը, ոստի ԻԱԿ-ը ստիպված էր դիմել ՀՀ ԱԴ Դատական ակտերի հարկադրի կատարման ծառայությանը` ՊՈԱԿ-ին դատարանի վճիռն ամբողջությամբ կատարել պարտավորեցնելու համար:

← Վերադառնալ ցուցակին