Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հարց ու պատասխան

ՏԱ սկզբունքներ

Սկզբունքներն ընդունվել են 2005թ. դեկտեմբերի 9-ին` Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Երեւանում քաղաքացիական հասարակության եւ իշխանության 70 ներկայացուցիչների կողմից «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում» աշխատանքային քննարկման ընթացքում, որը կազմակերպվել էր Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Փաստաթուղթը մշակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանական բաժնի կողմից: Փաստաթղթի համար հիմք են ծառայել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 2002թ.ին ընդունված «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ» հանձնարարականը եւ 2005թ.-ի սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը Բաց Հասարակության Արդարադատության նախաձեռնության ընդունած Տեղեկատվության ազատության սկզբունքերը:

ՏԱ Սկզբունքներն հիմնված են տեղեկատվության ազատության միջազգային չափանիշների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի առանցքային դրույթների վրա` ներառելով ՏԱ ազգային եւ միջազգային պրակտիկան:

Համոզված լինելով, որ տեղեկատվության ազատությունը կենսական նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական հասարակության զարգացման եւ բարգավաճման, ինչպես նաեւ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար,

Հաշվի առնելով, որ տեղեկատվության ազատությունը.

  • իրական եւ արդյունավետ է դարձնում կոռուպցիայի դեմ պայքարը,
  • նպաստում է մարդու իրավունքների իրականացմանը եւ պաշտպանությանը,
  • բարձրացնում է պետական կառավարման մարմինների արդյունավետությունն ու օգտակարությունը եւ նրանց օգնում է խուսափել կոռուպցիայի վտանգից,
  • նպաստում է պետական իշխանության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը,
  • օգնում է կրճատել աղքատության մակարդակը,
  • օգնում է շրջակա միջավայրի պահպանման ապահովմանը,
  • օգնում է կառավարումն արդյունավետ դարձնել,
  • նպաստում է որոշումների ընդունման արդյունավետության բարձրացմանը,

Հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի 19-րդ հոդվածի, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 2002թ.-ի «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ» (2002)2 հանձնարարականի, ՄԱԿ-ի՝ Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության եւ բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիության Օրհուսի կոնվենցիայի, եւ Բաց Հասարակության Արդարադատության նախաձեռնության «Տեղեկատվության ազատության» հիմնադրույթները,

Հավաստում ենք մեր պատրաստակամությունը ընդունել եւ իրականացնել տեղեկատվության ազատության հետեւյալ սկզբունքները.

1. Տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրինն է:
Յուրաքանչյուր ոք` անկախ իր մասնագիտությունից, սեռից, դիրքից, պաշտոնից եւ այլ հանգամանքներից, իրավունք ունի ծանոթանալ իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը։ Այս իրավունքից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք առանց խտրականության։

2. Տեղեկատվության ազատությունը կանոնն է, գաղտնիությունը` բացառությունը:
Գործում է պաշտոնական տեղեկատվության բաց լինելու կանխավարկած: Պաշտոնական տեղեկատությունը բաց է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել: Հիմնավորման պարտականությունը տեղեկատվություն տնօրինողինն է:

3. Մարդիկ իրավունք ունեն տեղեկություն ստանալ բոլոր պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական հիմնարկներից, պետական եւ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից, ինչպես նաեւ հանրային նշանակության մասնավոր կազմակերպություններից եւ դրանց պաշտոնատար անձանցից:

4. Տեղեկություն ստանալու հարցումը հիմնավորման կարիք չունի:
Դիմողը պարտավոր չէ հիմնավորել տեղեկություն ստանալու հարցումը, թե իրեն ինչու է անհրաժեշտ տվյալ տեղեկությունը կամ ինչպես է պատրաստվում այն օգտագործել:

5. Տեղեկություն ստանալու գործընթացը պետք է լինի պարզ, հեշտ եւ արագ:
Մարդիկ կարող են տեղեկություն խնդրել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Տեղեկություն ստանալու հարցմանը չեն կարող ներկայացվել այլ պայմաններ, քան սահմանված են օրենքով։ Տեղեկատվությունը պետք է տրամադրվի հնարավորինս սեղմ ժամկետում եւ ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետն է։ Տրամադրված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, ճշգրիտ եւ ըստ էության:

6. Տեղեկատվության տրամադրման մերժումները պետք է հիմնավորված լինեն:

6.1 Մերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն է: Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված հիմքերով: Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել պաշտոնատար անձին կամ գերատեսչությանը անհարմարություն պատճառելու, ժամանակ չունենալու հիմնավորումներով:

6.2. Տեղեկություն ստանալու իրավունքի սահմանափակումները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքով, անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությանը եւ ուղղված լինեն օրինական շահերի պաշտպանությանը:

7. Հանրային շահը առաջնահերթ է գաղտնիության շահի նկատմամբ:

Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա.
1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային աղետներին եւ դրանց հետեւանքներին,
2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
3) չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայատանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:

8. Յուրաքանչյուր ոք ունի տեղեկություն ստանալու իրավունքը խախտող որոշման վերանայման եւ բողոքարկման իրավունք: Այդ որոշումը պետք է վերանայվի արագ եւ արդյունավետ ընթացակարգով: Տեղեկություն տրամադրելուց ապօրինի հրաժարվելու, կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաեւ ՏԱ իրավունքի այլ խախտումներն առաջացնում են պատասխանատվություն օրենքի առաջ:

9. Յուրաքանչյուր մարմին պետք է սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ հրապարակելու իր մոտ պահվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ հրապարակի իր գործառույթներին եւ պարտավորություններին վերաբերող տեղեկություններ` առանց տեղեկություն ստանալու հարցման:

Տեղեկությունները հրապարակվում են հանրության համար մատչելի ձեւով, տեղեկատվություն տնօրինողի ինտերնետային էջի առկայության դեպքում` նաեւ դրանով:

10. Տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությունը պետք է երաշխավորվի Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ ՀՀ դատարանների կողմից։