Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

45. ԻԱԿ-ն ընդդեմ Ջերմուկի քաղաքապետարանի

15.02.2015

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014թ.-ի նոյեմբերի 5-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ջերմուկի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Ջերմուկի քաղաքապետի գործուղումների եւ Ջերմուկ քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքապետարան ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Ուստի, ԻԱԿ-ը 2015թ.-ի փետրվարի 13-ին դիմեց ՀՀ վարչական դատարան Ջերմուկի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումով:

Հայցը դատարան ներկայացնելուց հետո Ջերմուկի քաղաքապետարանը ԻԱԿ-ն տրամադրել էր պահանջված տեղեկությունները: Դա հաշվի առնելով` 2015թ.-ի ապրիլի 20-ին ՀՀ վարչական դատարանը որոշում կայացրեց դատական գործի վարույթը կարճելու մասին` համարելով որ պահանջվող տեղեկության տրամադրմամբ հայցը դարձել է առարկայազուրկ` վեճն ըստ էության սպառվել է:

Սակայն տեղեկության տրամադրմամբ առարկայազուրկ է դարձել ԻԱԿ-ի միայն մի հայցապահանջը` տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու վերաբերյալ: Անկախ նրանից, որ տեղեկությունն արդյունքում ստացվել է, Ջերմուկի քաղաքապետարանը տեղեկությունը "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում չտրամադրելով արդեն իսկ ոչ իրավաչափ անգործություն (գործողություն) է դրսեւորել, որի պատճառով ԻԱԿ-ը որոշակի վնասներ է կրել: Ուստի ԻԱԿ-ը գտնում է, որ Ջերմուկի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաեւ ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասի հատուցման պահանջով դատարանը պետք է շարունակեր գործի քննությունը:

ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանի` 2015թ.-ի ապրիլի 20-ի որոշումը բողոքարկեց ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան՝ խնդրելով բեկանել Վարչական դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանն 2015թ.-ի դեկտեմբերի 29-ին հրապարակած իր որոշմամբ ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի բողոքը՝ գործն ուղարկեց նոր քննության: 2017թ.-ի մարտի 16-ի վճով ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը, ոչ իրավաչափ ճանաչեց Ջերմուկի քաղաքապետարանի անգործությունը.


ԻԱԿ-ի` 2015թ.-ի փետրվարի 13-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական դատարանի՝ 2017թ.-ի մարտի 16-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին