Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ԲԿԳ Հայաստան

2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը  քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am 

Հրապարակվել է ԲԿԳ նոր Գործողությունների ծրագրի նախագիծը

29.01.2014

ԲԳԿ հայաստանյան գործողությունների ծրագրի աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը հրապարակել է ԲԿԳ հայաստանյան գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը:

Աշխատանքային խումբը ձևավորվել է համաձայն ՀՀ վարչապետի՝ 2012 թվականի սեպտեմբերի 29-ի N 931-Ա որոշմամբ: Աշխատանքային խմբում ներգրավված են պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է երկրորդ գործողությունների ծրագրի մշակումը, որը նախատեսվում է իրականացնել 2014-2016 թվականներին: ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության հիմնական սկզբունքները (թափանցիկություն, մասնակցություն, հաշվետվողականություն, տեխնոլոգիաներ և նորարարություն): Նախագծում ներառված են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերություն, առողջապահություն, մշակույթ, քաղաքաշինություն, մաքսային և այլ ոլորտներ: 

Համաձայն ԲԿԳ չափորոշիչների՝ գործողությունների ծրագրում ներառվող պարտավորությունները պետք է լինեն կոնկրետ, հստակ և հակիրճ, իսկ արդյունքը՝ չափելի: Դրանցում պետք է պարզորոշ կերպով ներկայացված լինի պարտավորությունների համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին և սկզբունքներին: 

Գործողությունների ծրագրի իրականացման ժամանակահատվածը 2014-2016 թվականներն են: Ծրագրով ՀՀ կառավարությունը հանձն է առնում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք հստակ են, միտված են կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, նպաստում են տեղեկատվության մատչելիությանը և կոռուպցիայի վերացմանը:   

ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրի նախագիծը կազմվել է աշխատանքային խմբի անդամների առաջարկների հիման վրա: Այնուհանդերձ, այն դեռևս ամբողջական չէ, և ողջունելի են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտարկումները, առաջարկները, որոնք կարող եք ուղարկել foi@foi.am կամ roza.vardanyan@gov.am էլեկտրոնային հասցեներին: 

****

Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011-ին սեպտեմբերին` 8 երկրների նախաձեռնությամբ (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է ավելի քան 60 երկիր: Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:

 ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ

ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ մասնակցության մասին առավել մանրամասն կարող եք իմանալ www.ogp.am կայքում:

← Վերադառնալ ցուցակին