Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ՏԱ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրում

26.06.2010

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդունում է քաղաքացիներից եւ կազմակերպություններից առաջարկներ` Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում:
Դրական անվանակարգեր`
• Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն
• Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք
• Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն
• Տեղեկատվության ազատության հիմնահարցերը ամենակտիվ լուսաբանած լրագրող/լրատվամիջոց
• Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի
Բացասական անվանակարգեր`
• “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին/գերատեսչություն
• Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին/գերատեսչություն

Ձեր թեկնածուներին կարող եք առաջադրել 560922 հեռախոսահամարով կամ foi@foi.am հասցեով:

 

Թեկնածություններն ընդունվում են ստորեւ ներկայացված չափորոշիչներով:

 

Դրական մրցանակների չափանիշներ

Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն

Ա) Տեղեկատվության ազատության ապահովումը հարցումներին ընթացք տալու միջոցով:
- Արդյոք տվյալ մարմնում տեղեկություն ստանալու իրավունքից օգտվո՞ւմ է  յուրաքանչյուր ոք` առանց խտրականության որեւէ դրսեւորման։
- Արդյոք տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին տվյալ մարմնում ընթացք է տրվո՞ւմ օրենքով սահմանված ժամկետներում (5-օրյա եւ 30-օրյա)։ Պատասխանը հետաձգելու դեպքում դիմողին տեղեկացվո՞ւմ է արդյոք հետաձգման ժամկետի եւ պատճառների մասին։
- Արդյոք տեղեկություն ստանալու բանավոր հարցումներին պատասխան տրվո՞ւմ է անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։
- Տեղեկատվություն ստանալու հարցումը մերժելու կամ տեղեկատվություն չտնօրինող լինելու դեպքում արդյոք 5-օրյա ժամկետում մարմինը տեղյակ պահո՞ւմ է դիմողին մերժման հիմքերի կամ տեղեկատվություն տիրապետողի մասին:
- Արդյոք հարցմամբ դիմողին տրամադրվո՞ւմ է հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն։
- Արդյոք տեղեկություն ստանալու հարցումները ստանալիս դիմողից չեն պահանջում հիմնավորում, թե ինչու է պետք տվյալ տեղեկատվությունը:
- Մերժումների հիմնավորում։ Տեղեկատվությունը մերժելիս տվյալ մարմինը արդյոք հիմնավորո՞ւմ է մերժումը` գրավոր հղում անելով օրենքի այն դրույթին, որի համաձայն մերժվում է տեղեկատվության տրամադրումը։
- Խտրականության բացառում: Արդյոք տվյալ մարմնում հավասա՞ր վերաբերմունք է դրսեւորվում տարբեր դիմողների հանդեպ (լրագրող, քաղաքացի, ՀԿ եւ այլք)։ Բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվո՞ւմ են արդյոք տվյալ մարմնում տեղեկատվություն ձեռբքերելու հավասար պայմաններ, որոնք աշխատանքին նպաստող են եւ ոչ խտրական։ Արդյոք լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը բոլոր լրագրողներին տրամադրվո՞ւմ է միաժամանակ, իսկ նախատեսվող միջոցառումների ճշգրիտ ժամանակի եւ վայրի մասին լրագրողները տեղեկացվում են սկսելուց առաջ` ողջամիտ ժամկետում:
- Աջակցություն դիմողներին: Արդյոք տվյալ մարմնում հատուկ կարիքներ ունեցող անձանց (գրագիտության պակաս, հաշմանդամություն) աջակցություն ցուցաբերվո՞ւմ է տեղեկություն ստանալու գրավոր հարցումները կազմելիս։  
- Մարմնում նշանակվա՞ծ է արդյոք տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձ։
- Կա՞ արդյոք տվյալ մարմնում քաղաքացիների ընդունելության համար նախատեսված սենյակ:

Բ) ՏԱ ապահովումը` տեղեկատվությունը սեփական նախաձեռնությամբ հրապարակելու միջոցով:
• Արդյոք մարմինը սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկո՞ւմ  է`  հրապարակելու իր մոտ պահվող տեղեկատվությունը` առանց տեղեկություն ստանալու հարցման: Մասնավորապես, ՏԱ օրենքի հոդված 7-ով նախատեսված տեղեկությունները: 
• Արդյոք հրատարակվե՞լ է ուղեցույց, թե ինչպես կարող են քաղաքացիները ծանոթանալ ՏԱ մասին օրենքին, եւ արդյոք այդ ուղեցույցը մատչելի է:
• Արդյոք մատչելի՞ է տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձեւ, եւ արդյոք այն պարունակո՞ւմ է ՏԱ մասին օրենքով նախատեսված բոլոր տվյալները:
• Արդյոք տեղեկություն ստանալու օրինակելի ձեւը մատչելի՞ է գերատեսչության ինտերնետային կայքում:
• Արդյոք առկա՞ է գերատեսչության ստացած հարցումների վիճակագրություն (հաշվառում), ինչպես նախատեսված է ՏԱ մասին օրենքով:
• Այդ տեղեկությունները հրապարակվո՞ւմ են արդյոք հանրության համար իսկապես մատչելի ձեւով:
• Արդյոք մարմինները պարբերաբար թարմացնո՞ւմ են հրապարակված տեղեկությունները։ Կատարված փոփոխությունները հրապարակվո՞ւմ են 10-օրյա ժամկետում։
• Տեղեկատվություն տնօրինողն արդյոք անհապաղ հրապարակո՞ւմ է իր տրամադրության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը:

Գ) Էլեկտրոնային հրապարակայնություն:
• Պետական մարմիններում պահվող տեղեկություններին ծանոթանալու գործընթացը հեշտացնելու նպատակով արդյոք մարմինները տեղեկությունները տեղադրո՞ւմ են իրենց վեբ-կայքերում՝ ներառյալ վերոնշյալ տեղեկությունները։
• Վեբ-կայքեր չունեցող մարմիններին խորհուրդ տրվո՞ւմ է դրանք ստեղծել և իրենց տեղեկությունները մատչելի դարձնել օնլայն ռեժիմում։
• Արդյոք պետական մարմինները պարբերաբար թարմացնո՞ւմ են վեբ-կայքերը (փոփոխությունները հրապարակվում են 10-օրյա ժամկետում)։
• Մարմիններում արդյոք նշանակո՞ւմ են հատուկ աշխատակից, ում հիմնական պարտականություններից է  պաշտոնական ինտերնետային կայքը թարմացնելը։
• Արդյոք պաշտոնական վեբ-կայքերում նշված էլեկտրոնային հասցեներով ուղարկված նամակներն ընթերցվո՞ւմ են ամեն օր, և բոլոր էլեկտրոնային հարցումներին պատշաճ և ժամանակին ընթացք տրվո՞ւմ է արդյոք։

• Էլեկտրոնային ՏԱ այլ մեխանիզմներ։ Արդյոք մարմիններում խրախուսվո՞ւմ է  հարցումները եւ կամ դիմումները ընթացք տալու էլեկտրոնային համակարգերի ներդրումը:


Դ) Անձնակազմ: Մարմնի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունների աշխատակիցներն ունե՞ն արդյոք տեղեկատվության ազատության բնագավառում համապատասխան գիտելիք եւ հմտություն։ Նրանք տիրապետում են արդյոք տեղեկատվության կառավարման տեխնիկական/գործնական հմտությունների։  

 Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք
• Հրապարակվա՞ծ է արդյոք պետական մարմնի/ՏԻՄ-ի ինտերնետային կայքում ՏԱ մասին օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը,
• Արդյոք հրապարակվա՞ծ են տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու անձի  կոնտակտային տվյալները. անունը, պաշտոնը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն,
• Կա՞ արդյոք կայքում Տեղեկատվության ազատություն վերաբերյալ ենթաբաժին,
• Արդյոք տեղեկություն ստանալու օրինակելի ձեւ առկա՞ է պետական մարմնի/ՏԻՄ-ի ինտերնետային կայքում
• Արդյոք կա՞ տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմելու հնարավորություն: Արդյոք գերատեսչությունը պատասխանո՞ւմ է տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներին/էլեկտրոնային տարբերակով տրամադրո՞ւմ է տեղեկատվություն:


Տեղեկատվության ազատության հիմնահարցերը ամենակտիվ լուսաբանած լրագրող/լրատվամիջոց
• Արդյոք տվյալ լրագրողը/լրատվամիջոցը իր գործունեության ընթացքում օգտվում է  ՏԱ մասին օրենքը:
• Արդյոք ՏԱ մասին օրենքը օգտագործվել է որեւէ փաստ բացահայտելու կամ հաստատելու համար,
• Լրագրողի/լրատվամիջոցի հրապարակումների թողած ազդեցությունը:


Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն
• Արդյոք ՀԿ-ն հետեւողակա՞ն է տեղեկատվություն փնտրելիս,
• Արդյոք ՀԿ-ն իր գործունեության ընթացքում  ակտիվորեն օգտագործել է ՏԱ մասին օրենքը:
• Ի՞նչ ազդեցություն ունի ՀԿ-ն հանրային կարծիքի վրա,
• Արդյոք այդ ՀԿ-ն պաշտպանել է այլ քաղաքացիների շահերը` ՏԱ մասին օրենքի օգնությամբ:
• Արդյոք տվյալ ՀԿ-ն այլ անձանց եւ կազմակերպությունների շրջանում քարոզել է ՏԱ մասին օրենքը:

Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի
• Արդյոք քաղաքացին հետեւողակա՞ն է տեղեկատվություն փնտրելիս,
• Արդյոք քաղաքացին տեղեկատվություն փնտրելիս ակտիվորեն օգտագործում է ՏԱ մասին օրենքը:


Բացասական մրցանակներ

 “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող պետական մարմին/ՏԻՄ

Պետական մարմին/ՏԻՄ, որը չի կատարել ՏԱ մասին օրենքով նախատեսված իր պարտականությունները, ինչպես նաեւ խախտել է քաղաքացիների` տեղեկություններ ստանալու իրավունքը:

Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ պետական մարմին/ՏԻՄ
Տեղեկություն ստանալու հարցմանը տրված ամենաանհեթեթ եւ ամենազավեշտալի պաշտոնական պատասխան:




← Վերադառնալ ցուցակին