Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնի 200 շրջանավարտ պաշտոնյաները

23.06.2011

2011թ. հունիսի 8-ին ավարտվեց Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում քաղաքացիական ծառայողների ուսուցման երկրորդ փուլը, որի արդյունքում 200 պաշտոնյա շրջանավարտ ստացավ պետական վկայական “Ամբողջականության հիմունքների (Integrity), տեղեկատվության ազատության և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում” վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ։

Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են քաղծառայողներ ՀՀ բոլոր նախարարություններից, կառավարությանն առընթեր մարմիններից, մարզպետարաններից, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Դասընթացը բաղկացած է երկու հատվածից` ամբողջականության հիմունքները քաղաքացիական ծառայության համակարգում և տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում: Այս դասընթացի շրջանակներում քաղաքացիական ծառայողներին ուսուցանվում է տեղեկատվության ազատության իրավունք, “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման պրակտիկա, տեղեկատվություն ստանալու և տրամադրելու եղանակները. տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը. բողոքարկում և տեղեկություն ստանալու իրավունքի խախտման պատասխանատվություն, տեղեկատվության էլեկտրոնային կառավարման մեթոդներ, ինչպես նաև պաշտոնյաների էթիկա, կոմունիկացիայի կառուցվածք.քաղաքացիների սպասարկում, միջանձնային հարաբերությունների տեսակներ. ղեկավար-ենթակա հարաբերություններ. միջանձնային հարաբերություններն աշխատավայրում:  

Դասընթացին մասնակցող քաղաքացիական ծառայողներին տեղեկատվության ազատության վերաբերյալ դասաժամերի շրջանակներում առաջարկվել է լրացնել 2 հարցաշար ՏԱ վերաբերյալ` մեկը դասընթացի սկզբում, մյուսը` վերջում` պարզելու մասնակից քաղծառայողների տեղեկատվության ազատության վերաբերյալ ունեցած գիտելիքի ծավալը մինչ վերապատրաստումը և վերապատրաստումից հետո։

Առաջին հարցաշարը, սակայն, 200 քաղծառայողից 170-ն է լրացրել: 170 քաղծառայողից 107-ի (62%) աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում քաղաքացիներին կամ լրագրողներին տեղեկատվության տրամադրումը:

Չնայած “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ., բայց 170 մասնակցից 25-ը (14%) նշել էր, որ ՏԱ օրենքի մասին առաջին անգամ լսել է 2000-2003թթ..-ին, այսինքն՝ մինչ օրենքի ընդունումը։ 60 (36%) քաղծառայող ՏԱ օրենքի մասին առաջին անգամ լսել է 2003-2006թթ..-ի ընթացքում, իսկ 85 (50%) քաղծառայող էլ միայն 2007-2011թթ..-ին է իմացել, որ գոյություն ունի “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենք:

Հիմնականում պետական կառույցներից տեղեկատվություն ստանալիս խնդիրներ ծագում են ժամկետների պատճառով: Այն հարցին, թե ի՞նչ ժամկետներում պետք է պատասխանել տեղեկատվություն ստանալու հարցումներին, 170 քաղծառայողից 112-ը (66%) նշել է 5-օրյա ժամկետը, 47-ը (27%) դեռևս առաջնորդվում է 15-օրյա տարբերակով, իսկ 11-ը` (7%) պատասխանել է՝ 1 ամսյա ժամկետում:

Համաձայն “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Այն տեղեկությունը, որի տրամադրման համար պահանջվում է կատարել լրացուցիչ աշխատանք, տրամադրվում է հարցումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Դասընթացին մասնակցությունը հնարավորություն տվեց քաղծառայողներին իմանալ օրենքով սահմանված ժամկետների մասին, ինչը, հուսով ենք, կանդրադառնա նաև նրանց պրակտիկայի վրա:

Իրավիճակն ավելի վատ է պարտադիր հրապարակման պարտականությունը կատարելիս: Մինչ դասընթացն ավարտելը 170 մասնակցից միայն 37-ն (21%) էր տեղյակ, որ պետական մարմինները պարտավոր են սեփական նախաձեռնությամբ որոշակի խումբ տեղեկություններ հրապարակել, 53-ն (31% ) ընդհանրապես տեղյակ չէր օրենքի այս պահանջի մասին, իսկ 80 (48%/) մասնակից էլ նշել էր, որ մասամբ է տեղյակ։ Ըստ նրանց` պարտադիր հրապարակման են ենթակա “այն տեղեկությունները, որոնց ինքը տիրապետում է և ի պաշտոնե իրավունք ունի տրամադրելու” և “պաշտոնյայի լիազորությունների շրջանակներում է”, “գաղտնիություն չպարունակող տեղեկություններ”, “բյուջե”, “իր իրավասությանը վերաբերող” տեղեկությունները, ինչպես և “տարեկան հաշվետվությունները”, “պաշտոնատար անձի հայտարարագիրը”, “թափուր աշխատատեղերի մասին”, “քաղաքացիների ընդունելության կարգի, օրերի, ժամերի մասին”, “պաշտոնյայի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոս, էլ. փոստ” տեղեկությունները և այլն:

Դասընթացի սկզբին մասնակիցներից միայն 70-ն (41%) է նշել, որ տեղյակ է, թե ինչ հիմքերով կարող է մերժել տեղեկատվություն ստանալու հարցումը, 41-ը (24%) տեղյակ չէր, 59-ն (35%) էլ մասամբ էր տեղյակ: Որպես տեղեկատվության տրամադրման մերժման հիմքի օրինակ մասնակիցները նշել են “անհատական տվյալները”, “պետական գաղտնիքը”, “ծառայողական գաղտնիք պարունակող, պետական անվտանգություն, բանկային, ծառայողական, առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները”: Այս ցուցանիշը պրակտիկայում կարող է հանգեցնել մերժումների ոչ պատշաճ կիրառման:

Դասընթացի ավարտին մասնակիցներին առաջարկվել է լրացնել մեկ այլ հարցաշար` պարզելու համար, թե տեղեկատվության ազատության վերաբերյալ ինչ գիտելիք ստացան մասնակից քաղծառայողները: Երկրորդ հարցաշարին 200 մասնակցից պատասխանել է 185-ը: Պատկերը հետևյալն է.

185 քաղծառայողից 145-ը (78%) պատասխանել է, որ եթե քաղաքացին իրենց դիմում է տեղեկատվություն ստանալու բանավոր հարցմամբ, ապա իրենք անմիջապես պատասխանում են, իսկ 40-ն (22%) էլ նշել է, որ այդ պարագայում խնդրում է հարցումը գրավոր ներկայացնել: Պաշտոնյաներից ոչ մեկը չի նշել հարցաշարում առկա “որևէ ընթացք չենք տալիս” տարբերակը:

Այն հարցին, թե ինչ պետք է անել, եթե քաղաքացին տեղեկատվություն ստանալու գրավոր հարցումով խնդրել է տրամադրել գաղտնիք համարվող տեղեկություններ, մասնակիցներից 35-ը (19%) նշել է “պետք է զանգահարելու միջոցով տեղյակ պահել քաղաքացուն, որ իր խնդրած տեղեկությունները տրամադրման ենթակա չեն” տարբերակը, 143-ը (77%) նշել է “պետք է գրավոր մերժել խնդրված տեղեկությունների տրամադրումը” տարբերակը, իսկ 7 (4%) մասնակից էլ ընտրել է “պետք է չպատասխանել հարցմանը” տարբերակը: Փաստորեն, դասընթացի ավարտից հետո անգամ կային մասնակիցներ, որոնք շարունակում էին մնալ այն կարծիքին, որ գրավոր հարցմանը կարելի է զանգի միջոցով պատասխանել, կամ էլ` հարցումն անպատասխան թողնել, ինչը մտահոգիչ է: ՏԱ օրենքի համաձայն, եթե  քաղաքացին գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկում, մերժումը միանշանակ պետք է լինի գրավոր` համապատասխան հիմնավորմամբ:

Չնայած “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը, սակայն 44 (24%) մասնակից դեռևս այն կարծիքի է, որ, այնուամենայնիվ, տեղեկատվություն հայցող քաղաքացին պարտավոր է նշել, թե ինչի համար է իրեն անհրաժեշտ այդ տեղեկատվությունը, 185 քաղծառայողից միայն 141-ն (76%) է այն կարծիքի, որ տեղեկություն խնդրած քաղաքացին չպետք է նշի, թե ինչի համար է խնդրում կամ ինչ նպատակով է օգտագործելու իր խնդրած տեղեկությունները: Սա ևս մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ շատ հաճախ քաղաքացիները բախվում են հարցումը հիմնավորելու խնդրին:

Այնուամենայնիվ, հարցաշարերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս վերապատրաստման ավարտից հետո քաղծառայողների պատկերացումներն ու գիտելիքները տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ էականորեն փոխվում են: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներն առաջարկում են, որ կառույցների ղեկավարները ևս անցնեն “Ամբողջականության հիմունքների (Integrity), տեղեկատվության ազատության և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում” վերապատրաստման դասընթացը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բաց և հրապարակային աշխատել:

Ընդհանուր առմամբ, բոլոր մասնակիցները դասընթացից հեռանում էին գոհունակությամբ` ցանկություն հայտնելով կրկին վերապատրաստվել Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում: Մասնակիցներից շատերը գոհունակությամբ նշում էին, որ այս “դասընթացները շատ օգտակար էին և հետայսու ՏԱ օրենքը իրենք ոչ միայն կկիրառեն, այլն նաև` կօգտագորեն, քանի որ շատ հարցեր կարելի է պարզել` տեղեկատվության ազատության իրավունքի շնորհիվ”, “հնարավորության դեպքում նշված դասընթացները կազմակերպել ղեկավար աշխատողների` մարմինների ղեկավարների համար. դա նրանց համար անհրաժեշտ է”, “օգտակար նախաձեռնություն է միատեսակ աշխատանքից կտրվելու և իրերին այլ տեսանկյունից նայելու համար”, “հետաքրքիր էր, կփորձեմ կիրառել ստացած գիտելիքներս պրակտիկայում”, “այս կարգի քննարկումներն իսկապես խիստ անհրաժեշտություն են, տեսական և իմացական գիտելիքները տեղեկացվածության շրջանակաների ընդլայնմանն են նպաստում: Առօրյա և աշխատանքային գործունեության մեջ շատ օգտակար կլինեն”:

Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում վերապատրաստումների առաջին փուլն իրականացվել էր 2010թ. նոյեմբերի 22-ից 2010թ. դեկտեմբերի 22-ը, որին մասնակցել էր 101 քաղծառայող` ստանալով պետական նմուշի վկայական:
 

← Վերադառնալ ցուցակին