Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

Գյուղապետերը տեղեկատվության տրամադրման համար համակարգիչ չունեն

04.08.2008

Հուլիսի 31-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների համար` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով:

Քննարկման մասնակիցները 25-ն էին` գյուղապետեր եւ մարզպետարանի աշխատակիցներ: Քննարկումը կազմակերպվել էր` համայնքապետերին եւ այլ պաշտոնատար անձանց ծանոթացնելու
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, որը կօգնի առավել արդյունավետ ձեւով իրականացնել քաղաքացիներին տեղեկատվության տրամադրումը: ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին հանգամանալից կերպով ներկայացրեց  օրենքի մանրամասները, տեղեկատվության տրամադրման, մերժման եւ պահպանման կարգը:

Ներկաների համար առավելապես անընդունելի էր օրենքի այն պահանջը, որ տեղեկատվություն պահանջողը պարտավոր չէ հիմնավորել, թե ինչի համար է իրեն պետք տվյալ տեղեկատվությունը: Անգամ Զառիթափի գյուղապետը տարակուսանքով հարց ուղղեց.
«Դեմոկրատիան եւ թափանցիկությունը շա՞տ կտուժեն, եթե հարցում ուղարկողը ասի, թե ինչի՞ համար է իրեն անհրաժեշտ տվյալ տեղեկատվությունը»:  Բանախոսը պարզաբանեց. «Քանի որ օրենքը դա չի պահանջում, հետեւաբար հարցում ուղարկողը պարտավոր չէ հիմնավորել իր պահանջը»: Համայնքապետերի մեծամասնության կարծիքով` «գյուղացիներն առանց այն էլ մատերիալ գրողներ են, շատ բան իմանան, ամբողջ օրը մատերիալ կգրեն»:

Գյուղապետերն ընդհանուր առմամբ դեմ չէին տեղեկատվություն տրամադրելուն, սակայն օբյեկտիվ պատճառաբանություններ էին մեջտեղ բերում: Մասնավորապես, կան գյուղապետարաններ, որոնք անգամ մեկ համակարգիչ չունեն:

Վայոց ձորի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Արամ Գրիգորյանը ներկայացրեց մարզերում առկա վիճակը.
«Օրենքն իդեալական է, առաջ է անցել, իրականությունը չի հասցնում ետեւից: Այսօր համայնքներում օրենքները կիրառելու համար չկան ոչ նյութական, ոչ հոգեբանական, ոչ մասնագիտական հնարավորություններ»:

Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում։

← Վերադառնալ ցուցակին