Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Պետական ռեգիստրում տեղեկատվություն փնտրելիս

12.01.2010

Բիզնես սկսելու առաջին քայլը իրավաբանական անձ հիմնելն է, որի համար անհրաժեշտ է համապատասխան տեղեկատվությամբ զինվել: Եվ այդ տեղեկատվության փնտրտուքները, բնականաբար, տանում են պետական ռեգիստր, որտեղ սակայն, մարդ հայտնվում է տեղեկատվության փակուղում: Պետական ռեգիստրում անհրաժեշտ որեւէ տեղեկատվություն հրապարակված չէ. պատերը դատարկ են, չկա տեղեկատվություն պարունակող ցուցանակներ:

Այնինչ համաձայն “Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին” ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմինը տրամադրում է գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի (օրինակ` կանոնադրության, իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշման) օրինակելի ձեւեր: Սակայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում նշեցին, որ այդ օրինակելի ձեւերը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարությունը, բայց նախարարություն գնալն էլ անիմաստ է, որովհետեւ օրինակելի ձեւերը դեռ չեն սահմանվել (եթե սահմանված լինեին, պետ ռեգիստրը կունենար): Հասարակական կազմակերպությունների գրանցման բաժնում նշեցին, որ իրավաբանական անձ հիմնադրելու դեպքում ամենալավ տարբերակը ՀՀ համապատասխան օրենսդրությունից օգտվելն է (օրինակ` Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին, Հասարակական կազմակերպությունների մասին, Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքներից) եւ այդ իրավական ակտերին համաձայն փաստաթղթեր կազմելն ու ներկայացնելը: Մի խոսքով, իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված տեղեկատվություն ստանալու ամենահարմար եւ արդյունավետ տարբերակը համապատասխան օրենսդրությունը ուսումնասիրելը եւ ՀՀ ԻԱ պետ ռեգիստրի գործակալության աշխատակիցների խորհուրդներին ապավինել է:

Նույն վիճակն է տիրում նաեւ տարածքային ստորաբաժանումներում: Օրինակ, պետ. ռեգիստրի Կենտրոնի տարածքային ստորաբաժանումում փակցված է միայն տեղեկատվություն, թե ինչպես հաշվառվել որպես հարկ վճարող: Եվ ուրիշ ոչինչ:

Երբ պետ. ռեգիստրի Կենտրոնի տարածքային ստորաբաժանումում աշխատակիցներից մեկից հարցրինք, թե որտեղից կարելի է հնարավոր տեղեկություն ստանալ կազմակերպության գրանցման մասին, նախ հետաքրքրվեց, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը: Այնուհետեւ ուղղորդեց, թե ուր պետք է դիմեմ: Իսկ այն հարցին, թե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, գրանցման կարգի մասին որտեղից կամ ինչպես է հնարավոր տեղեկություն ստանալ, պատասխանեց, որ պետք է նայել օրենքը կամ էլ կարող եմ իմանալ հենց իրենցից. իրենք պատրաստ են տեղեկություն տրամադրել: Այդ օրը, իրոք, պատրաստակամ էին, անհրաժեշտ տեղեկատվություն ստացանք, իսկ ինչ երաշխիքներ կան, որ վաղը, կամ մյուս օրը տյալ աշխատակիցը եւս այդքան բարեհամբույր կգտնվի եւ կպատասխանի պետ. ռեգիստրի վերաբերյալ տղեկատվություն փնտրողներին: Չէ՞ որ բացառված չէ, որ այդ աշխատակիցը հոգնած լինի, անտրամադիր, նյարդայնացած…

Համացանցում եւս պետ. ռեգիստրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չկա, չի գործում պետական ռեգիստրի կայքը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության կայքի համապատասխան բաժինը դատարկ է, զետեղված է միայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի նկարն ու կենսագրությունը: Նախկինում գոյություն ուներ www.stateregistry.am կայքը, որն ապահովում էր պետ. ռեգիստրի վերաբերյալ բավարար տեղեկատվություն: Այժմ այդ կայքը չի գործում:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Արմեն Գեւորգյանը պետ. ռեգիստրի կայքի անսարքությունն այսպես բացատրեց. “Այժմ կայքը չի գործում տեխնիկական պատճառներով` սերվերը որի վրա տեղադրված էր կայքը խափանվել է, պահանջվում է որոշ ժամանակ այն վերականգնելու համար: Այժմ արվում է հնարավոր աշխատանքները կայքը վերականգնելու համար”: Այս պատասխանից անցել է արդեն մի քանի ամիս, սակայն պետ. ռեգիստրի կայքն այդպես էլ դեռ այդպես էլ չի գործում: Իսկ թե ինչու, պատասխանում են, որ “աշխատանքներն ընթացքի մեջ են”::

Ինչպես տեղեկացրեց պետ. ռեգիստրի գործակալության պետը “իրենց պաշտոնական կայքը՝ www.stateregistry.am-ը, ունեցել է բազմաթիվ թերություններ, մասնավորապես, կենտրոնական մարմնի և ռեգիստրի տարածքային բաժնների միջև կապն իրականացվել է մոդեմների և հեռախոսագծերի միջոցով: Հաշվի չէր առնվել փոխանակվող տեղեկատվության մեծ ծավալը: Նման կապի միջոցով հնարավոր չի այդ ծավալի ինֆորմացիա փոխանցելը: Ինչպես եւ կենտրոնական մարմնում տեղակայված մեկ մոդեմը չի կարող սպասարկել Երևանի 8 և մարզերի 10 բաժիններին: Ներկայումս մոդեմային կապի կիրառումը համարվում է չափազանց անարդյունավետ` ցածր արագագործություն, միջազգային զանգերի թանկություն”:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում նախատեսվում է 2010թ. ստեղծել նոր եւ ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված տեղեկատվական համակարգ, որը կնպաստի իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձացմանը եւ տեղեկատվական միջավայրի ստեղծմանը:

Իսկ ինչպե՞ս տեղեկատվություն ստանալ պետ. ռեգիստրի գործունեության վերաբերյալ, երբ տարածքային բաժիններում որեւէ տեղեկատվություն փակցված չէ, կայքը չի գործում, նախարարության պաշտոնական կայքում էլ տվյալ բաժինը դատարկ է: ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին. “Քանի որ պետ, ռեգիստրն ունի իր առանձին կայքը, այդ իսկ պատճառով էլ իրենք տեղեկատվություն չեն տեղադրում ՀՀ ԱՆ պաշտոնական կայքում: Տվյալ բաժնում տեղադրված է միայն պետ. ռեգիստրի կայքի հղում”: Կայքն այժմ չի գործում, ինչպես տեղեկություն ստանալ պետ. ռեգիստրի վերաբերյալ հարցին նախարարությունից պատասխանեցին, որ “շուտով կայքը կրկին հասանելի կլինի ընթերցողներին”, նաեւ խոստացան պետ. ռեգիստրի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տեղադրել նաեւ Արդարադատության նախարարության կայքում: Սակայն այս խոստումը եւս մնաց անկատար:

Պետ. ռեգիստրի գործակալության պետ Ա. Գեւորգյանն էլ լուծման նշյալ տարբերակն է առաջարկում. “Մինչև www.stateregistry.am էջի կարգավորումը այցելել պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում կամ օգտվել “Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքից, որում հստակ սահմանված են իրավաբանական անձանց գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը”:

Իսկ պետ. ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում, ինչպես արդեն նշել ենք, տեղեկատվությունը տրվում է միայն բանավոր` մարդկանց կախման մեջ գցելով աշխատակիցների տրամադրությունից եւ սուբյեկտիվ վարքագծից: Պետ. ռեգիստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանում այցելության ժամանակ մեր բախտը բերեց. աշխատակիցը պատրաստակամ էր եւ ազատ ժամանակ ուներ, իսկ եթե զբաղված լիներ, բնականաբար, որեւէ տեղեկատվություն ստանալու համար մարդ ստիպված պետք է հերթ կանգնի եւ անտեղի ժամանակ կորցնի:

Այնինչ տեղեկատվության հրապարակայնությունը, իրականում, մեծ ծախսեր կամ ռեսուրսներ չի պահանջում. պետ. ռեգիստրի ստորաբաժանումներում կարելի է համապատասխան տեղեկատվություն պարունակող մի քանի էջ տպել եւ փակցնել պատերին: Նաեւ կարելի է այդ տեղեկատվությունը տեղադրել ինտերնետային կայքում: Քանի որ տեղեկատվության հրապարակայնության ապահովվումը նաեւ օրենքի պահանջ է` “Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին” եւ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքներով սահմանված:

← Վերադառնալ ցուցակին