Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Նախարարների անցած կիլոմետրերը

16.11.2009

Գեւորգ Հայրապետյան

2009թ.-ի հոկտեմբերի 1-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցումներով դիմեց ՀՀ բոլոր նախարարներին` խնդրելով տեղեկացնել, թե 2009թ.-ի օգոստոսին որքան վառելիք է ծախսել եւ քանի կիլոմետր վազք է գրանցել նախարարներից յուրաքանչյուրի ծառայողական ավտոմեքենան:

Այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց ոչ միայն հանրության համար ավելի թափանցիկ դարձնել մեր նախարարների աշխատանքը, այլ նաեւ ցույց տվեց, թե որ նախարարություններն են ավելի լավ կատարում Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները:

Նախ` համեմատենք մեր նախարարների ծառայողական մեքենաների անցած ճանապարհները եւ ծախսած վառելիքի քանակը: 2009թ.-ի օգոստոսի ընթացքում ՀՀ բոլոր նախարարների մեքենաները միասին ծախսել են 5128լ վառելիք եւ անցել են 26978կմ ճանապարհ (այս տվյալը չի ներառում Պաշտպանության եւ Մշակույթի նախարարներինը, քանի որ նրանք չեն տրամադրել ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները, Տարածքային կառավարման նախարարությունն էլ չի տրամադրել նախարարի ծառայողական մեքենայի վազքը, քանի որ չի իրականացվում դրա հաշվառում):

Վառելիքի ծախսի առումով անվիճելի առաջատարը Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ծառայողական ավտոմեքենան է, որի շահագործման համար օգոստոսին տրամադրվել է 1075լ բենզին` ավելի քան 10 անգամ ավել, քան ամենաքիչ վառելիքը ծախսած Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ծառայողական ավտոմեքենան, որը ծախսել է 100լ բենզին: Ամենաշատ վառելիք ծախսած մեքենաների երկրորդ հորիզոնականում Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ծառայողական ավտոմեքենան է` 450լ վառելիքով: Երրորդ տեղը բաժանեցին Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մեքենաները` 400լ վառելիքով:

2009թ.-ի օգոստոսի ընթացքում ամենաքիչ վառելիքը ծախսել են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի եւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենաները, համապատասխանաբար` 100, 110 եւ 139լ վառելիքով: Մնացած նախարարների մեքենաների ծախսը 160-ից 360լ է:

Օգոստոսին ամենաշատ ճանապարհ անցած նախարարական մեքենաների առաջատարը Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի մեքենան է` 2743կմ վազքով: Այս ցուցանիշը մոտ 4 անգամ ավել է, քան ամենաքիչ ճանապարհն անցած Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ծառայողական ավտոմեքենայի ցուցանիշն է` 700կմ: Երկրորդ եւ երրորդ տեղերում Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանի մեքենաներն են, համապատասխանաբար` 2700 եւ 2550կմ վազքով: Այս նախարարների ծառայողական մեքենաներին փոքր ինչ զիջում են Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մեքենան` 2534կմ, եւ Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի մեքենան` 2500կմ:

Ամենաքիչ ճանապարհ անցել է Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ծառայողական ավտոմեքենան: 2009թ.-ի օգոստոսին այս մեքենայի վազքը կազմում է 700կմ: Մնացած նախարարների մեքենաների վազքը 817-ից 2077կմ է:

1 կմ ճանապարհ անցնելու համար ամենաշատ վառելիք ծախսում են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի ծառայողական մեքենաները` 8.5լ/կմ եւ 8.3լ/կմ ցուցանիշներով: Ամենաքիչ ծախսող մեքենաները Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի մեքենաներն են` համապատասխանաբար 5.43, 5.55 եւ 5.87լ/կմ ցուցանիշներով: Մնացած նախարարների մեքենաները 1 կմ ճանապարհ անցնելու համար ծախսում են 6.095-ից 7.69լ:

Տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկվել է 18 նախարարների (այդ թվում ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին): ԻԱԿ հարցումն անպատասխան է թողել միայն Մշակույթի նախարարությունը: Իսկ Պաշտպանության նախարարությունը մերժել է տեղեկատվության տրամադրումը` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի շահագործման վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել` հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարի գործառույթները. նշված տեղեկատվությունը պարունակում է ծառայողական գաղտնիք: Մնացած բոլոր դեպքերում ԻԱԿ խնդրած տեղեկությունները տրամադրվել են, եւ դրանց մեջ որեւէ թերի, ոչ լիարժեք պատասխան չի եղել:

Միակ էլեկտրոնային տարբերակով պատասխանը ստացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունից` 14.10.2009թ.ին: Մնացած բոլոր պատասխանները ստացվել են փոստի կամ նախարարության աշխատակցի միջոցով:

Տարբեր է հարցումների պատասխանելու` նախարարությունների օպերատիվությունը: Ամենաշուտը ԻԱԿ տեղեկատվություն ստանալու հարցմանը պատասխանել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: 07.10.2009թ. թվագրված պատասխան գրությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստացել է հենց նույն օրը: Արտաքին գործերի նախարարությանը հաջորդում են Տարածքային կառավարման, Տրանսպորտի եւ կապի, Ֆինանսների, Քաղաքաշինության, Գյուղատնտեսության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, որոնց պատասխան գրությունները Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստացել է 12.10.2009թ.-ին, Սփյուռքի, ինչպես նաեւ Կրթության եւ գիտության նախարարությունները` 13.10.2009թ., Արտակարգ իրավիճակների նախարարությունը` 14.10.2009թ., Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությույնը` 15.10.2009թ.:

Ժամկետների առումով ամենավատ ցուցանիշը ցույց է տվել Բնապահպանության նախարարությունը. այս գերատեսչության 28.10.2009թ. թվագրված պատասխան գրությունը ԻԱԿ-ը ստացել է 30.10.2009թ.-ին: Վատ է նաեւ Առողջապահության նախարարության ցուցանիշը` 23.10.2009թ. թվագրված հարցումը հասցեատիրոջն է հասել 26.10.2009թ.-ին:

Ժամկետների առումով պակաս արդյունավետ են եղել նաեւ հետեւյալ նախարարությունները. Պաշտպանության, ինչպես նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները` 16.10.2009թ., Արդարադատության, ինչպես նաեւ Էկոնոմիկայի նախարարությունները` 19.10.2009թ.:

Ժամկետները վերլուծելիս հաշվի են առնվել այն ամսաթվերը, երբ ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստացել է պատասխան գրությունները: Այսինքն, հնարավոր է որ պատասխան գրությունը պատրաստ է եղել ավելի շուտ, սակայն փոստի կամ նախարարության` նամակն ուղարկելու համար պատասխանատու աշխատակցի պատճառով ուշ է հասել Ինֆորմացիայի ազատության կենտրոն: Նշեմ, որ բոլոր նախարարությունների պատասխան գրությունները, բացառությամբ Արտաքին գործերի եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունների, թվագրված են եղել դրանք ստանալու օրվանից 2-7 օր շուտ ամսաթվով:

Թերի պատասխաններ այս անգամ չեն եղել: Միայն Տարածքային կառավարման նախարարությունը չի տրամադրել նախարարի ծառայողական ավտոմեքենայի վազքի վերաբերյալ տեղեկություն, քանի որ չի իրականացվում նախարարի ավտոմեքենայի վազքի ամսական հաշվառում: Պարզ ասած` այդ տեղեկությունը նրանք պարզապես չունեին: Փոխարենը տրամադրել են ոչ միայն փոխվարչապետի ծառայողական մեքենայի օգոստոս ամսվա ընթացքում վառելիքի ծախսը, այլ նաեւ նշել են, որ մեքենայի շահագործման համար շաբաթական 175լ վառելիք (բենզին) է հատկացվում:

Չնայած ոչ լիարճեք պատասխան չի եղել, սակայն բովանդակության առումով լավ առումով աչքի են ընկել մի քանի նախարարություններ: Զարմանալի է, բայց ամենաուշը պատասխանած Բնապահպանության նախարարությունը պատասխան գրության բովանդակության առումով ամենալավ արդյունքն է ցույց տվել` տրամադրելով ոչ միայն պահանջվող տեղեկությունները (նախարարի ծառայողական մեքենայի վազքը եւ ծախսած վառելիքի քանակը օգոստոս ամսվա համար), այլ նաեւ նշելով բնապահպանության նախարարի ծառայողական մեքենայի մակնիշը, պետհամարանիշը, ինչպես նաեւ լրացուցիչ տեղեկացրել է, որ նախարարը մինչեւ օգոստոսի 14-ը գտնվել է արձակուրդում, հետեւաբար տրամադրված տեղեկատվությունը վերաբերում է օգոստոսի 15-31-ը ընկած ժամանակահատվածին: Այս առումով դրական են նաեւ Արտակարգ իրավիճակների եւ Քաղաքաշինության նախարարությունների պատասխանները, որոնցում նշված են նախարարների` մարզեր կատարած այցելությունների մասին տեղեկություններ: Այսպիսով նաեւ նախարարությունները նշել են նախարարների ավտոմեքենաների վազքի եւ վառելիքի ծախսի քանակի բացատրություն: Սփյուռքի նախարարության պատասխան գրությունը նաեւ տեղեկացնում էր, թե ինչ տեսակի վառելիք (բենզին) են օգտագործում՝ պրեմիում:

Ստորեւ ներկայացված են ՀՀ նախարարների ծառայողական մեքենաների վազքի եւ ծախսած վառելիքի չափերը 2009թ.-ի օգոստոս ամսվա համար:

Հ/Հ

Նախարարությունը

Վառելիքի ծախսը (լ)

Ավտոմեքենայի վազքը (կմ)

Ծանոթություն

1.

Տարածքային կառավարման նախարարություն

1075

_____

Մեքենայի վազքի ամսական հաշվառում չի կատարվում

2.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

360

2550

3.

Առողջապահության նախարարություն

210

1438

4.

Արդարադատության նախարարություն

400

2534

5.

Արտակարգ իրավիճակների նախարարություն

324

2700

6.

Արտաքին գործերի նախարարություն

310

1722

7.

Բնապահպանության նախարարություն

270

2077

Տվյալները վերաբերում են օգոստոսի 15-31-ը ընկած ժամանակահատվածին

8.

Գյուղատնտեսության նախարարություն

160

870

9.

Էկոնոմիկայի նախարարություն

260

1602

10.

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

270

1800

11.

Կրթության եւ գիտության նախարարություն

290

2075

12.

Մշակույթի նախարարություն

_____

_____

Հարցումին չեն պատասխանել

13.

Պաշտպանության նախարարություն

_____

_____

Տեղեկությունների տրամադրումը մերժվել է` հաշվի առնելով ՀՀ ՊՆ ծառայողական գործառույթները

14.

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

139

817

15.

Սփյուռքի նախարարություն

100

850

16.

Տրանսպորտի եւ կապի նախարարություն

400

2500

17.

Քաղաքաշինության նախարարություն

450

2743

18.

Ֆինանսների նախարարություն

110

700



← Վերադառնալ ցուցակին