Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Հրապարակայնությունը ՀՀ կառավարության օրակարգում է

28.09.2009

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությանը, որը 2003թ.-ից ի վեր «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ներկաներին եւ խոսել է տեղեկատվության ազատության հիմնախնդիրների մասին։ Ըստ կառավարության ղեկավարի ժամանակակից աշխարհը տեղեկատվության եւ գիտելիքի վրա հիմնաված աշխարհն է։ Այս առումով հնարավոր չէ զարգացնել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, եթե չի ապահովվում դրա հիմնական ռեսուրսը, այն է՝ տեղեկատվությունը. «Այս գիտակցությունը ստիպում է մեզ նորովի մոտենալ տեղեկատվության ազատության խնդիրն։ Մենք պետք է ստեղծենք դաշտ, որը մշտապես հնարավորություն կունենա բացահայտելու թերությունները, այն է՝ եթե ՀՀ-ում կլինեն մարմիններ, օղակներ, որոնք չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն հասարակությանը, ապա դա պետք է դառնա լուրջ քննարկման առարկա»։

Վարչապետը խոսել է պետական կառույցներում տեղեկատվության ազատության խնդիրներին ավելի լուրջ ուշադրություն դարձնելու կարևորության մասին. «Գերատեսչությունների աշխատանքի արդյունավետությունը գնահատվելու է նաեւ տեղեկատվության ազատության օբյեկտիվ չափանիշներին համապատասխանության տեսակետից։ Մենք մտադիր ենք ձեր դատին ներկայացնել այդ չափանիշներն ըստ գետատեսչությունների, եւ դուք էլ, այդ թվում նաեւ հասարակական կազմակերպությունները, կլինեք խստապահանջ դատավորներ եւ կբացահայտեք, արդյո՞ք այդ գնահատականները համապատասխանում են իրականությանը։ Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ իր մեջ ներառում է շատ հստակ չափանիշներ։ Առաջինը՝ ինչ տեղեկատվություն նախարարները եւ նախարարությունները պարտավոր են տրամադրել եւ երկրորդը՝ ինչ հաճախականությամբ այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվի, երրորդ՝ ինչպիսին պետք է լինի նախարարությունների եւ հանրության կապը, այսինքն՝ ինչ հաճախականությամբ, ինչ ժամկետներում պետք է գերատեսչությունները պատասխանեն հայտերին, հայցերին եւ ինչպես պետք է առնչվեն ԶԼՄ-ների հետ։ Եվ սա պետք է իրականացվի ինստիտուցիոնալ ձեւով»։

Կառավարության ղեկավարն ասել է, որ իր մասնակցությամբ ցանկանում է խրախուսել եւ խթանել աշխատանքն այս ոլորտում։ Տեղեկատվության ազատության 2009թ. Ոսկե բանալի մրցանակները շնորհել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավարը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասեյակի ղեկավարը։

Աղբյուրը` http://www.gov.am/am/news/item/7591/

← Վերադառնալ ցուցակին