Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Տեղեկատվության ազատությունը` արդեն նաեւ գերեզմանատներում

20.10.2008

Անահիտ Քոչարյան

Այսուհետ Երեւանի բոլոր 21 գերեզմաններում տեղադրված կլինեն հատուկ տեղեկատվական ցուցանակներ, որոնց վրա փակցված կլինեն գերեզմանատներին առնչվող քաղաքապետի որոշումները, տվյալ գերեզմանի փակ, մասնակի փակ կամ բաց լինելու վերաբերյալ տեղեկատվություն, գերեզմանատան հատակագիծը, գերեզմանատեղեր տրամադրելու եւ այլ ծառայությունների սակագները, գերեզմաններից օգտվելու կանոնները եւ այլն:

Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել իրականացնելու “Բնակչության հատուկ սպասարկման ծառայությունների մասին” ՀՀ օրենքի եւ կառավարության՝ օրենքի պահանջները կատարելու վերաբերյալ այս տարվա սեպտեմբերին կայացրած «Բնակչության հատուկ սպասարկման ծառայությունների համակարգի առողջացման, աշխատանքների թափանցիկության եւ դիակիզարանների ստեղծման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման պահանջները: Եվ այս համատեքստում մեծ ուշադրություն է  դարձվելու աշխատանքների թափանցիկությանն ու տեղեկատվության մատչելիությանը:

Ինչպես տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի “Բնակչության հատուկ սպասարկում” ՊՓԲԸ-ի տնօրեն Արտաշես Գաբրիելյանը, “արդեն իսկ գերեզմանատներում տեղադրված են տեղեկատվական ցուցատախտակներ, որոնց վրա փակցված է այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը կօգնի բնակչության իրազեկման բարձրացմանը”:

Երեւանում գործող 21 գերեզմանատներին արդեն տրվել է  հատուկ իրավական ռեժիմը: Օրենքով նախատեսվում է երեք հատուկ ռեժիմ՝ փակ, մասնակի փակ, բաց։ Երեւանում սահմանվել է երկու ռեժիմ՝ մասնակի փակ եւ բաց։ Փակ ռեժիմի գերեզմանատուն մայրաքաղաքը չունի։ Ասենք, որ փակ ռեժիմը վերաբերում է այն գերեզմանատներին, որոնցում առկա են սանիտարահամաճարակային, ինչպես նաեւ բնական աղետների թելադրանքով առաջացած գործոններ։ Մասնակի փակ են համարվում նրանք, որոնցում նոր գերեզմանատեղեր հատկացնելու հողատարածք չկա, եւ հուղարկավորությունը կարելի է կատարել առկա ընտանեկան գերեզմանների տեղում, եթե կա ազատ տեղ։


Մահացածի հուղարկավորման տեղի եւ տեսակի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման հարցերը կարգավորվում են` հաշվի առնելով անձի կենդանության ժամանակ իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նրա կամքի գրավոր արտահայտությունը կամ, դրա բացակայության դեպքում, հուղարկավորության կազմակերպումն ստանձնողների ցանկությամբ` օրենքով սահմանված կարգով (ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման համաձայն):

Մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը գերեզմանատան տնօրինությանը ներկայացնում է մահվան վկայականը եւ առաջարկություն հուղարկավորության տեղի եւ տեսակի վերաբերյալ: Գերեզմանատան տնօրինությունը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ համատեղ որոշում է հուղարկավորության տեղը, ինչպես նաեւ օրը եւ ժամը: Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո: Գերեզմանատան տնօրինությունը մահվան վկայականի հիման վրա համապատասխան գրանցում է կատարում թաղումների եւ գերեզմանատեղերի գրանցման մատյանում եւ հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տալիս է գերեզմանի վկայական:

Քաղաքի 21 գերեզմանատներից 11-ը մասնակի փակ է, մնացածը՝ բաց։ Բաց են Արին-Բերդի, Կենտրոնական, Մուշական-Ջրաշեն, Շենգավիթ, Քաղաքային պանթեոն, Կարմիր-Բլուր, Շահումյան-2, Սպանդարյան, Սիլիկյան, Աջափնյակ գերեզմանատները: Ըստ օրենքի, մինչեւ 12 քմ հողատարածքը քաղաքացուն տրամադրվում է անվճար։ Եթե քաղաքացին ցանկանում է ավելին վերցնել, ապա կարող է առավելագույնը ստանալ եւս 10 քմ, սակայն՝ վճարովի։ Երեւան քաղաքի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի տեղեկացմամբ, “գների չափերը դեռեւս ճշտման փուլում են”։

Վերոհիշյալ ծրագրային միջոցառումների շարքում նախատեսված են նաեւ բոլոր բաց գերեզմանատների բարեկարգման, պարսպապատման, լուսավորության եւ ներքին բարեկարգման ծրագրեր։

← Վերադառնալ ցուցակին