Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Պաշտոնյաներն ուսանողների նշանակետում

18.02.2008

2007թ. նոյեմբերին արդեն երրորդ անգամ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները ՙԶԼՄ և օրենսդրություն՚ առարկայի շրջանակներում տեղեկություն ստանալու հարցումներ էին ուղարկել ՀՀ տարբեր գերատեսչություներ` պարզելու համար, թե որքանով են պաշտոնյաները հարգում ուսանողների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը: Ուսանողները հարցումները կազմելիս առաջնորդվել են ՀՀ Սահմանադրության 27, 27.1 հոդվածներով և  ՙՏեղակատվության ազատության մասին՚  ՀՀ  օրենքով:

Ուսանողները 64 հարցում էին ուղարկել տարբեր պետական, տեղական ինքնակառավարման, և հանրային նշանակության կառույցներ: Ուղարկված 64 հարցումներից 27-ը ուղղված էին տեղական ինքնակառավարման մարմիններին,  24-ը` պետական կառավարման մարմիններին, 7-ը` հանրային նշանակության մարմիններին, 4-ը` Ոստիկանության տարբեր վարչություններ, մեկական էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին:

 Հարցումների արդյունքները

 Ուղարկված 64 հարցումից.

46-ի (72%) դեպքում ուսանողներն ստացել են գրավոր պատասխան, որից 3-ին պատասխանել են ոչ լիարժեք, իսկ 43-ին` լիարժեք:

6 հարցում մնացել է անպատասխան (9%):

12 հարցման (19%) մերժել են պատասխանել, այն էլ միայն բանավոր: Ընդ որում` մերժումներից միայն մեկն է եղել օրինական, 11 մերժում եղել է ապօրինի: Գրավոր որեւէ մերժում չի  ստացվել:

Համեմատելով անցած տարվա արդյունքների հետ` կարող ենք ասել, որ արձանագրվել է առաջընթաց: Եթե 2006թ.-ին դրական պատասխանները կազմել են 60%, ապա 2007թ.-ին այդ ցուցանիշը հասնում է 71%-ի:

Այս տարի 3-րդ կուրսի ուսանողները, փոքրիկ փորձ կատարելով, իրենց հարցումները հղել են ոչ միայն որպես ուսանող, այլև որպես քաղաքացի կամ լրագրող, պարզելու համար, թե արդյո ՞ք տեղեկություն տնօրինողները խտրականություն դնում են տարբեր կարգավիճակ ունեցող դիմողների միջև: Պետական կառույցներին որպես ուսանող դիմել է 35 հոգի, որպես քաղաքացի` 15, որպես օտարերկրացի` 3, որպես լրագրող` 4 հոգի:  Հարցումների արդյունքում պարզվեց, որ պաշտոնյաները որևէ տարբերություն չեն դնում իրենց դիմողների միջև: Սա ապացուցում է, որ եթե պաշտոնատար անձը ցանկանում է աշխատել թափանցիկ, ապա նրա համար նշանակություն չունի դիմողի կարգավիճակը:

 Հարցումներից 12-ը ուղարկվել են էլեկտրոնային փոստով, 28-ը` պատվիրված փոստով, 15-ը` առձեռն, բանավոր ներկայացվել է 9 հարցում:

Պետք է նշել, որ այս տարի առաջին անգամ դասընթացի շրջանակներում ուսանողները փորձեցին էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ստանալու հարցում ուղարկելու տարբերակը ևս, որպեսզի տեսնեին, թե որքանով է հարցում ուղարկելու էլեկտրոնային տարբերակն արդարացնում իրեն: Ուղարկված 12 էլեկտրոնային հարցումներից պատասխանել են միայն 5-ին (ՀՀ կառավարությունը, Կրթության և գիտության, Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունները): 

Պաշտպանության նախարարությանը էլեկտրոնային փոստով հարցում էր ուղարկել 3 ուսանող: Սկզբում խնդիրներ առաջացան էլ. փոստի հասցեի հետ. պարզվեց` ՊՆ էլեկտրոնային փոստի հասցեն փոխվել էր, սակայն նախարարության պաշտոնական կայքում տեղադրված է դեռեւս նախկին հասցեն: Ուսանողները ստիպված նույն հարցումներն ուղարկեցին պատվիրված փոստով: 

Նշենք, որ պետական մարմինները հիմնականում լուրջ չեն վերաբերվում իրենց գերատեսչության պաշտոնական էլ. փոստով ստացված հարցումներին եւ անտեսում են դրանք: Միայն մի քանի բացառություն կազմող գերատեսչություններում են պարբերաբար ընթերցվում էլ. փաստով ստացված հարցումները: Մյուսներին առաջարկում ենք կամ կարդալ էլեկտրոնային նամակները, կամ իրենց պաշտոնական կայքերից ընդհանրապես հանել  ՙդիմեք մեզ՚  արտահայտությունը եւ դրան կից ներկայացվող էլեկտրոնային հասցեները` մարդկանց թյուրիմացության մեջ չգցելու համար:                              

 Անպատասխան հարցումներ

Անպատասխան է մնացել 6 հարցում (կամ հարցումների 9տոկոսը), որից 4-ն ուղարկվել էր Ոստիկանություն, իսկ 2-ը` հասարակական կազմակերպություններ: 2 հարցում ուղարկվել էր հասարակական կազմակերպություններին (ՙԿարմիր Խաչի՚ հայաստանյան գրասենյակ, ՙՄենք հանուն քաղաքացիական հասարակության՚), սակայն նրանցից ոչ մեկը չի պատասխանել: Ստացվում է, որ հասարակական կազմակերպությունները նույքան գաղտնի են աշխատում, որքան ոստիկանությունը:

ՀՀ Ոստիկանություն ուղարկված 4 հարցումները մնացին անպատասխան նույնիսկ մի քանի անգամ զանգահարելուց հետո:

 
Մերժումներ

 Մերժվել է 12 հարցում, որոնցից մեկը` օրինական, մյուս 11-ը` անհիմն: Գրավոր մերժում չի եղել: Մինչդեռ ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքն ասում է, որ տեղեկատվության մերժումը պետք է լինի անպայման գրավոր` պարունակելով մերժման հիմնավորում, ինչպես նաեւ հղում համապատասխան օրենքի նորմի վրա, որի հիման վրա կատարվել է մերժումը:

Ինչպես արդեն նշվեց, հարցումներից միայն մեկի դեպքում է ստացվել օրինական մերժում. ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժնին ուղղված հարցման մեջ ուսանողը` Հայարփի Սանոսյանը, սխալ էր նշել հետադարձ կապի հասցեն` գրելով միայն Ռուսաստանի Դաշնություն: Եվ երբ ուսանողուհին զանգահարել էր` պարզելու, թե ինչու չեն պատասխանել իր հարցմանը, նրան ասել էին, որ ճշգրիտ հասցեի բացակայությունն է եղել պատճառը:

Հարցումները մերժած գերատեսչություններից մի քանիսն ուղղակի ասել են, որ չեն պատասխանի: Այդպիսիք են Արմավիրի մարզպետարանը, Պաշտպանության նախարարությունը, ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը:

Ստացված մերժումներրը բազմազան են ու բազմաբնույթ: Այսպես, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Կարապետյանը աղբահանության վարաբերյալ հարցումով դիմել էր Արաբկիր համայնքի թաղապետարան: Սակայն այնտեղ անգամ նրա հարցումը չեն ընդունել` պատճառաբանելով, թե նա այդ համայքում գրանցված բնակիչ չէ: Մինչդեռ համաձայն ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի տեղյակ լինելու իրավունք` անկախ իր բնակության վայրից, համայնքի բնակիչ լինել-չլինելու հանգամանքից: Կարևոր հանգամանք է նաև այն, որ հարցումը շրջակա միջավայրի մաքրության մասին էր:  

Ռուզաննա Հեպոյանը հարցումով դիմել էր Արմավիրի մարզպետարան (պատվիրված փոստով): Հարցումը վերաբերում էր մարզի դպրոցներում դպրոցական համազգեստներ կրելու մասին մարզպետի որոշմանը: Սակայն երբ  ուսանողուհին գնացել էր իր հարցման հետքերով, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հենց մարզպետարանի միջանցքում շատ կոպիտ ձևով, առանց որևէ հիմնավորման  նրան ասել է, որ իրենք պարզապես չեն պատասխանելու հարցին: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հենց այս խախտման համար հայտնվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2007թ. իրավախախտ պաշտոնյաների Սեւ ցուցակում:

            Օրինաց երկիր՚ կուսակցությունում էլ անհիմն հրաժարվել են պատասխանել Արմինե Կարապետյանի այն հարցին, թե կուսակցությունը ինչքա ՞ն գումար է ծախսել վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ` ասելով, որ իրենք նման հարցումների չեն պատասխանում: ԹԵրեւս ընտրվելու դեպքում այսպես է պատրաստվում այս կուսակցությունն իրականացնել հրապարակային եւ թափացիկ կառավարման մասին խոստումները:

 

Պատասխանելու ժամկետները

Հարցումները ցույց են տվել, որ տեղեկություն ստանալու` օրենքով սահմանված ժամկետները շատ հազվադեպ են պահպանվում պաշտոնյաների կողմից:

Ինչպես և նախորդ տարիներին, հաշվի առնելով փոստային ծառայության   դանդաղ աշխատանքը` պատասխանների ստացման վերջնաժամկետ էր ընդունվել ոչ թե օրենքով սահմանված 5-օրյա, այլ 10-օրյա ժամկետը:

Փոստային ծառայության վատ աշխատանքի հետևանքով ուսանողուհիներից մեկը` Արևիկ Չափարյանը, ստիպված եղավ ՀՀ Մշակույթի նախարարությանն ուղղված իր հարցումն ուղարկել 2-րդ անգամ: Փոստում ասում էին, որ նամակն արդեն ուղարկել են, իսկ նախարարությունում ասում էին, որ չեն ստացել: 2-րդ անգամ

← Վերադառնալ ցուցակին