Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

Արտակ Զեյնալյանի եւ Արայիկ Ղազարյանի դիմումը ՍԴ

07.03.2012

2012թ.-ի մարտի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի եւ փաստաբան Արայիկ Ղազարյանի դիմումը "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքի 8, 12-րդ հոդվածների դրույթները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ:

Դիմումի նախապատմությունը սկսվել էր 2010թ.-ի փետրվարի 10-ին, երբ "Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ" ՀԿ-ն, որի ներկայացուցիչներն են Արտակ Զեյնալյանը եւ Արայիկ Ղազարյանը, դիմել էր ՀՀ Պաշտպանության նախարարությանը` խնդրելով տեղեկություններ ՀՀ զինված ուժերում 2009թ.-ին մահացած ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների քանակի վերաբերյալ, ինչպես նաեւ խնդրելով մահացած զինծառայողների անունները, ազգանուները եւ հասցեները:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հարցմանը պատասխանել էր մերժումով` նշելով, որ խնդրվող տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնիք` համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով գործողության մեջ դրված "ՀՀ ՊՆ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկ"-ի:

Ուստի, "Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ"-ը նորից տեղեկություն ստանալու հարցում ուղարկեց նախարարությանը` այս անգամ խնդրելով ՀՀ Պաշտպանության նախարարի վերոնշյալ հրամանը եւ հրամանով գործողության մեջ դրված "ՀՀ ՊՆ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկ"-ը:

Այս հարցմանը նախարարությունը նույնպես մերժել էր` նշելով, որ ըստ "Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի դ. ենթակետի` ՀՀ կառավարությունը մշակում եւ հաստատում է պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկատվությունների ցանկը, եւ որ խնդրվող ակտերը նույնպես գաղտնիք են:

"Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ"-ը նախարարության այս մերժումը բողոքարկել էր ՀՀ Վարչական դատարան: Սակայն, Վարչական դատարանը կազմակերպության հայցը չեր բավարարել: Դատարանը նաեւ գտել էր, որ "Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, այսինքն, իր վրա էր վերցրել ՍԴ-ի լիազորությունները: Վարչական դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով, սակայն ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է: Արդյունքում,  "Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ" ՀԿ-ն Արտակ Զեյնալյանի եւ Արայիկ Ղազարյանի ներկայացմամբ դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի "զ" ենթակետը եւ 12-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերը հակասահմանադրական ճանաչելու համար:

2012թ.-ի մարտի 3-ին կայացրած որոշմամբ ՀՀ Սահմանադրական դտարանը մասնակիորեն բավարարեց  Արտակ Զեյնալյանի եւ Արայիկ Ղազարյանի դիմումը: Դատարանը գտավ, որ "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի "զ" ենթակետը եւ 12-րդ հոդվածի 6-րդ կետը չեն հակասում Սահմանադրությանը, իսկ 12-րդ հոդվածի 7-րդ կետի այն դրույթը, թե գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն, հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ անվավեր է, այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության:

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին