Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

27. ԻԱԿ-ն ու "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետի

02.12.2009

“Առավոտ” օրաթերթի մարզերի և Սփյուռքի էջի պատասխանատու, լրագրող Արամ Զաքարյանը 19.08.2009թ.-ին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին` marzpetaran@shirak.region.am էլ. փոստի հասցեով հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել.

“Հարգելի տիկին Նանյան,
Ինչպես հայտնի է` սկսած 2005 թվականից, ՀՀ պետական բյուջեով, բացի մարզպետարանների պահպանման ծախսերից, “Այլ նպաստներ բյուջեից” տողով ՀՀ մարզպետարանները գումարներ են ստանում: 2005, 2006, 2007 թվականներին յուրաքանչյուր մարզպետարան ստացել է 10-ական միլիոն դրամ, իսկ 2008 և 2009 թվականներին` 20-ակամ միլիոն:

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին:

  1. Ի՞նչ նպատակներով են ծախսվել այդ գումարները` ըստ տարիների:
  2. Խնդրում եմ մանրամասնել` ամեն տարի քանի՞ որոշում է կայացվել, ինչքա՞ն գումար է ծախսվել ամեն որոշմամբ”:
     

Սակայն հարցումը մնացել էր անպատասխան: Եվ “Առավոտ” թերթի մարզերի և Սփյուռքի էջի պատասխանատու, լրագրող Արամ Զաքարյանը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնին` խնդրելով օգնել իրեն` դատական կարգով վերականգնելու իր` տեղեկություն ստանալու խախտված իրավունքը:

2010թ.-ի հունվարի 29-ին ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետի գործով առաջին դատական նիստը:Պատասխանող կողմը՝ Շիրակի մարզպետարանի իրավաբան Գեղամ Բաղդասարյանը, մինչև վերջ պնդում էր, որ մարզպետարանը հարցումը չի ստացել, այլապես մարզպետարանն այնքան «թափանցիկ» է, որ չէր խախտի որևէ մեկի տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նույնը փաստեց նաև մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանը: Իսկ ընդհանուր բաժնի պետ Գ. Պապոյանը հայտնեց, որ մարզպետարանի էլեկտրոնային հասցեները՝ marzpetaran@shirak.region.am, grigoryan@shirak.regioan.am, մոտ մեկ տարի չեն գործում, և դրանք աշխատակիցների կողմից օգտագործվում են ինֆորմացիա տեղադրելու, խմբագրելու համար:

ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն այս հարցը հստակեցնելու համար դատարանին միջնորդեց տեղում նամակ ուղարկել մարզպետարանի էլեկտրոնային հասցեներին ու համոզվել՝ դրանք գործո՞ւմ են, թե՞ ոչ: «Եթե տարածքային կառավարման նախարությունը ձեզ նոր հասցե է տրամադրում, դա բնավ չի նշանակում, թե ձեր հասցեն չի գործում: Օրինակ, ես, որպես ֆիզիկական անձ, երեք հասցե ունեմ: Այնպես որ, մի հասցեի գոյությունը մյուսին չի բացառում»,- ասաց փաստաբանը: Վերջինս միջնորդեց նաև հարցաքննել «Առավոտի» հարցումն ուղարկած լրագրող Արամ Զաքարյանին ու ստուգել նրա էլեկտրոնային հասցեն, համոզվելու՝ օգոստոսի 19-ին Շիրակի մարզպետարան հարցում ուղարկվե՞լ է, թե՞ ոչ: Դատավորը բավարարեց փաստաբանի երկու միջնորդությունն էլ:

Մարզպետարանի հավաստմամբ` իրենք տեղեկատվություն ստանալու հարցումը չեն ստացել, քանի որ առկա է եղել տեխնիկական խնդիր: Մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել պահաջվող ողջ տեղեկատվությունը, ուստի կողմերի միջև կնքվեց հաշտություն:

2010 թվականի հունիսի 1-ին ՀՀ Վարչական դատարանը (Գյումրու նստավայր) հրապարակեց ԻԱԿ-ն ու "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատական գործով վճիռը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և "Առավոտ" օրաթերթը որոշեցին հաշտություն կնքել Շիրակի մարզպետարանի հետ:

 Հայցադիմում:
 Վճիռ:

← Վերադառնալ ցուցակին