Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

23. ԻԱԿ-ն ընդդեմ "Հայ ազգային կոնգրես" դաշինքի

12.09.2009

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ.-ի ապրիլի 21-ին դիմել էր “Հայ ազգային կոնգրես” դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին` խնդրելով տրամադրել.
     1. Դաշինքի 2008թ.-ի ֆինանսական հաշվետվության պատճեն:
     2. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավել
         արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:

Սակայն տեղեկատվություն ստանալու հարցումը մնացել էր անպատասխան: Ուստի, ԻԱԿ-ը դիմեց դատարան:

Նախնական դատական նիստի ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չէին ներկայացել դատարան, սակայն գրավոր պատասխան էին ուղարկել, որում մասնավորապես նշել էին, որ ՀԱԿ-ը իրավաբանական անձ, սուբյեկտ, այսինքն` տեղեկատվություն տնօրինող չէ, հետեւապես իրենք չէին կարող պատասխանել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցմանը:

22.12.2009թ.-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն ընդդեմ “Հայ ազգային կոնգրես” դաշինքի դատական գործով դատարանի վճիռը:

Դատարանը որոշեց կարճել գործը` առանց ըստ էության քննելու: Գործը կարճելու պատճառը հետեւյալն էր. ըստ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի` քաղաքացիական գործերով որպես պատասխանող դատարանում կարող են հանդես գալ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք: Հետեւաբար, քանի որ Հայ Ազգային Կոնգրեսը կուսակցությունների դաշինք է, իսկ դաշինքը ոչ իրավաբանական անձ է, ոչ էլ` ֆիզիկական, ուստի Հայ Ազգային Կոնգրես դաշինքը չի կարող դատարանում հանդես գալ որպես պատասխանող: Այսինքն` չնայած այն բանին, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի` դաշինքը որոշակի իրավունքներով եւ պարտականություններով օժտված մարմին է, “Հայ ազգային կոնգրես” դաշինքը պատշաճ պատասխանող չէ:

Օրենսդրական այս կազուսի պատճառով էլ այս անգամ տուժեց տեղեկատվության ստանալու իրավունքը:

 

 

← Վերադառնալ ցուցակին