Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

25. ԻԱԿ-ն ընդդեմ "Թիվ 2 բուժմիավորում" ՓԲԸ-ի

18.10.2009

10.06.2009թ.-ին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն դիմել էր “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը:
  2. Առկա անվճար տրամադրվող դեղերի ցուցակի պատճեն:
  3. Նաեւ տեղեկացնել, որ եթե երեխան հիվանդ է եւ բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ներառված չէ վերոնշյալ ցուցակում, ապա կա՞ այլ տարբերակ` մինչեւ 7 տարեկան երեխային անվճար տրամադրելու այդ դեղը:
  4. Ինչպե՞ս եւ տրամադրեք խնդրեմ տարբերակ, թե ինչ անի ծնողը, եթե անվճար տրամադրվող դեղերի ցուցակում կա դեղ, որի կարիքն ունի հիվանդ երեխան, եւ այն բժշկի կողմից չի տրամադրվում:

“Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ -ն ԻԱԿ-ի հարցմանը որեւէ պատասխան չէր տվել: Ուստի, ԻԱԿ-ը դիմեց դատարան: 2009թ.-ի դեկտեմբերի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործով նախնական դատական նիստը:

Նիստի ժամանակ ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցը, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչը հրաժարվեց ընդունել այն: “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ն դատարանին ներկայացրեց հայցադիմումի պատասխան: Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կարողանան ծանոթանալ հայցադիմումի պատասխանին:

27.01.2010թ.-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Է. Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” պոլիկլինիկա” ՓԲԸ-ի դատական գործով հերթական դատական նիստը:

ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց եւ պնդեց հայցը, իսկ պատասխանողի ներկայացուցիչը առարկեց հայցի դեմ` գտնելով, որ այն ենթակա է մերժման:

2010 թվականի ապրիլի 27-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործով վճիռը: 2009 թվականի դեկտեմբերի 2-ին սկսված դատավարության ընթացքում “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ն տրամադրեց ԻԱԿ-ի հարցման պատասխանը: Իսկ ԻԱԿ-ի երկրորդ պահանջը “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Խաչատրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դատարանը մերժեց:

 

 Հայցադիմում
 Վճիռ

 

← Վերադառնալ ցուցակին