Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

59. «Մեդիա դիֆենս»-ն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության

05.04.2021

Մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։ Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։

Հրետակոծությունը տեղի էր ունեցել 2020թ․ հոկտեմբերի 1-ին, երբ Մարտունի քաղաքի կենտրոնը կարճ ժամանակահատվածում խոցվեց մոտ 40 հրթիռով։ Չորս հոգի սպանվեց, կային ծանր վիրավորներ։ Նույն օրը, ավելի ուշ ադրբեջանական կառավարությունը, հղում անելով հրետակոծությանը, մեղադրեց Հայաստանին՝ լրագրողների կյանքը վտանգելու և միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Իրականում այս հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար թիրախավորել են լրագրողներին։ Բազմաթիվ լրագրողներ են հաղորդում լրագրողական աշխատանքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հետապնդումների և սպառնալիքների մասին։

Դիմողները պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի ռմբակոծման ընթացքում խախտել է նրանց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները։ Այս իրավունքները պաշտպանվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով։

Դիմողներին դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև հայաստանյան իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Հայցի մասին մամուլի հաղորդագրությունը՝ այստեղ։

Առցանց քննարկման հայերեն տեսագրությունը՝ այստեղ։

Առցանց քննարկման անգլերեն տեսագրությունը՝ այստեղ։

 

 

← Վերադառնալ ցուցակին