Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

49. Աշոտ Եղիազարյանն ընդդեմ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի

30.09.2015

ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը 2015թ.-ի օգոստոսի 31-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: Մասնավորապե, Աշոտ Եղիազարյանը խնդրել էր տրամադրել.

  1. Գիտական աշխատանքները փորձաքննության ուղարկելը կարգավորող իրավական ակտի պատճենը (փորձաքննության ուղարկելու կարգ, կանոնակարգումներ, չափանիշներ կամ այլ փաստաթուղթ),
  2. Իր գիտական աշխատանքը փորձաքննության ուղարկելու մասին ԲՈՀ-ի որոշման պատճենը,
  3. Իր գիտական աշխատանքը փորձաքննության ուղարկելու (փորձագետի հետ կնքված) պայմանագրի պատճենը:

Հանձնաժողովը “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում հարցմանը չէր պատասխանել: Ուստի, Աշոտ Եղիազարյանը իրավաբանական օգնություն ստանալու համար դիմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին:

Ուստի, 2015թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը ԻԱԿ-ի աջակցությամբ ԲՈՀ-ի անգործությունը (օրենքով սահմանված ժամկետում պատասխան չտրամադրելը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան:

Այն բանից հետո, երբ քաղաքացին արդեն դիմել էր ԻԱԿ-ին եւ ԻԱԿ-ի աջակցությամբ պատրաստվում էր դատական կարգով պաշտպանել տեղեկատվության ազատության իր իրավունքը, ԲՈՀ-ն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրեց պատասխան գրություն` որը, սակայն, չէր համապատասխանում Օրենքի պահանջներին. հարցմամբ պահանջված տեղեկություններից (պատճեններից) ոչ մեկը ԲՈՀ-ը չէր տրամադրել: Ուստի, քաղաքացին շարունակեց պնդել հայցը:

2016թ.-ի նոյեմբերի 9-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարեց Աշոտ Եղիազարյանի հայցը` ոչ իրավաչափ ճանաչեց ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի անգործությունը:


Աշոտ Եղիազարյանի` 2015թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին