Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

41. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության

15.09.2013

2013թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով տրամադրել 2012թ.-ի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները:

2013թ.-ի ապրիլի 18 թվագրված գրությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մերժել էր տրամադրել պայմանագրերի պատճենները` պատճառաբանելով, որ դրանք պարունակում են առեւտրային գաղտնիք այն կազմակերպությունների վերաբերյալ, ում հետ կնքվել են պայմանագրերը: ԻԱԿ-ը սա համարել է անհիմն մերժում, մի կողմից, խոսքը գնում է պետական գնումների եւ պետական բյուջեից ծախսվող գումարների մասին, մյուս կողմից` մեկ անձից կատարված գնումների պայմանագրերը հրապարակային փաստաթղթեր են, բազմիցս (տարբեր տարիների համար) հրապարակվել են տարբեր մարմինների, այդ թվում` բոլոր նախարարությունների կողմից: Ուստի, չի կարող պայմանագրում կազմակերպության վերաբերյալ տեղեկությունը մի դեպքում համարվել գաղտնիք, մյուս դեպքում` ոչ:

Այս հիմնավորմամբ ԻԱԿ-ը 2013թ.-ի հունիսի 24-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` եւս մեկ անգամ խնդրելով տրամադրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Սակայն կրկնակի հարցմանը նույնպես նախարարությունը պատասխանեց մերժմամբ:

2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի` դատարանին խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը, պարտավորեցնել նախարարությանը տրամադրել 2012թ.-ի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները, ինչպես նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության` ԻԱԿ-ի առաջին հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար՝ 30.000 ՀՀ դրամի չափով, իսկ կրկնակի հարցմամբ պահանջվող նույն տեղեկատվությունը չտրամադրելու համար՝ 50.000 դրամի չափով:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը համաձայնության է եկել ԻԱԿ-ի հետ` դատական գործի հիմքում ընկած տեղեկությունները հրապարակելու վերաբերյալ` պարտավորվելով ապահովել ՀՀ կառավարության www.e-gov.am կայքի “Մեկ անձից կատարված գնումներ” բաժնում եւ/կամ ՀՀ քաղաքաշինության նախարարության կայքում 2012թ.-ի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների թվով 19 պայմանագրերի հրապարակումը` ներբեռնման հնարավորությամբ, ուստի, ԻԱԿ-ը դիմել է դատարանին գործը կարճելու միջնորդությամբ: 2015թ.-ի փետրվարի 4-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը կարճեց դատական գործը:

ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ուղարկված հարցումներին եւ նախարարության պատասխան գրություններին կարող եք ծանոթանալ  www.givemeinfo.am/hy/case/1182/  եւ  www.givemeinfo.am/hy/case/1222/  հղումներով:

ԻԱԿ-ի` 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ի եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության միջեւ կնքված հաշտության համաձայնությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին