Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 17

14.03.2013

ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործի շնորհիվ 2013թ.-ի փետրվարի 19-ին կայացրած վճռով “Դուստր Մարիաննա” ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանը տեղեկություն չտրամադրելու համար ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 80.000 ՀՀ դրամի չափով (30.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի առաջին հարցմամբ և 50.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի կրկնակի հարցմամբ խնդրվող տեղեկությունները չտրամադրելու համար)։ Դատարանը տնօրենին պարտավորեցրեց նաև փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած 100.000 ՀՀ դրամ դատական ծախսերը և 3.000 ՀՀ դրամ վճարած պետական տուրքի գումարը: Ի դեպ, սա երկրորդ դատական նախադեպն է Հայաստանում, երբ պաշտոնյան վարչական պատասխանատվության է ենթարկվում տեղեկատվություն չտրամադրելու համար։

2011թ.-ի նոյեմբերի 18-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել "Դուստր Մարիաննա" ՍՊԸ տնօրեն Տիգրան Վարդանյանին` խնդրելով հայտնել` կազմակերպության կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց, ինչպես նաև տեղեկացնել, թե կազմակերպության կաթնամթերքից որն է բնական կաթից, որը՝ ոչ, և որ արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է: Կազմակերպությունը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 06.12.2011թ.-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ էր դիմել ՍՊԸ-ին:

Կրկնակի հարցմանն ի պատասխան` 2011թ.-ի դեկտեմբերի 16-ին ՍՊԸ-ն հայտնել էր, որ ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը մակնշված է կազմակերպության արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա, ինչպես նաև հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար հղում էր արել կազմակերպության կայքին: Սակայն ԻԱԿ-ի խնդրած տեղեկություններն առկա չէին ոչ կազմակերպության արտադրանքի տուփերի վրա, ոչ էլ կայքում:

2011թ.-ի դեկտեմբերի 19-ին ԻԱԿ-ը հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան (դատական գործն առավել մանրամասն տես` http://foi.am/hy/news/item/1196/): 2013թ.-ի փետրվարի 19-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` “Դուստր Մարիաննա” ընկերության տնօրենին տեղեկություն չտրամադրելու համար ենթարկելով վարչական պատասխանատվության և պարտավորեցնելով փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած դատական ծախսերը:
 

← Վերադառնալ ցուցակին