Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 15

20.12.2012

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական ջանքերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի Շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում (www.mineconomy.am) տեղադրվեցին տվյալ ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքները:

Նշենք, որ վերջին շրջանում շուկայի վերահսկողության պետական տեսչությունն իրականացրել էր աղմկահարույց ստուգումներ տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային ապրանքների, ծառայությունների, տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ, ինչի մասին սպառողը տեղեկատվություն էր ստանում միայն ԶԼՄ-ներից, այն էլ՝ ոչ ամբողջական:

Ուստի, ԻԱԿ-ը հարցմամբ դիմել է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ պարոն Լևոն Խալիկյանին՝ խնդրելով հայտնել, թե որտե՞ղ և ի՞նչ կարգով է Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը հրապարակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները: Հարցմանն ի պատասխան հղում էր արվել նախարարության կայքի տվյալ բաժնին, որտեղ, սակայն, չկային այդ տեղեկությունները: ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խնդրելով ապահովել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջում տեղադրվի Շուկայի վերահսկողության պետական տեսչության վերաբերյալ` Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը: Եվ 2012թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ արդեն նախարարության կայք-էջի շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում տեղադրված են տվյալ ծառայության կողմից իրականացված 2011 և 2012թթ.. ստուգումների ամփոփ հաշվետվությունները, ստուգումների ընթացքում պահանջվող փաստաթղթերը, ստուգաթղթերի լրացման վերաբերյալ ուղեցույց, տեսչության հասցեն, հեռախոսահամարները, նաև՝ օրենսդրության փաթեթը, որի շրջանակներում աշխատում է նշյալ կառույցը:

 

← Վերադառնալ ցուցակին