Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 14

14.12.2012

 

Տեղեկատվությունը թաքցնելու համար “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը համառ պայքարեց 3 տարի` դատական բողոքարկումների վրա վատնելով պետական ռեսուրսները եւ ի վերջո պարտվեց:

Մի կողմից, երկու անգամ անցնելով դատական բոլոր 3 ատյաններով՝ ԻԱԿ-ը հաջողեց հաղթել դատական գործը՝ այսպիսով ստեղծելով ՏԱ դատական պրակտիկայի բացարձակ դրական եւս մի մաս: Մյուս կողմից՝ այս գործով ԻԱԿ-ը հաջողեց նպաստել ՊՈԱԿ-ների վերաբերյալ տեղեկատվության պրոակտիվ հրապարակմանը:

 

Հիշեցնենք, որ 2009թ.-ին ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ն արժանացավ Ժանգոտ կողպեք բացասական մրցանակին, քանի որ չէր տրամադրել տեղեկատվություն ՊՈԱԿ-ի կնքած պայմանագրերի եւ ստացած հասույթի վերաբերյալ: Մրցանակաբաշխությունից հետո ՀՀ կառավարությունն անդրադարձավ այս հարցին՝ հրապարակելով ՊՈԱԿ-ների կողմից կնքված բոլոր պայմանագրերը կառավարության www.gov.am կայքում. կայքում ստեղծվեց “Թափանցիկ կառավարում” բաժինը, որտեղ մշտական հիմունքներով հրապարակվում է վերոնշյալ տեղեկատվությունը:

Գործի նախապատմությունը հետեւյալն է. ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՊՈԱԿ-ին դեռեւս 2009թ.-ի փետրվարի 27-ին` խնդրելով տեղեկություններ տրամադրել ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ, այդ թվում`2006, 2007, 2008թ.թ.-ին ՊՈԱԿ-ի հետ հանձնարարության եւ նկարագրության պայմանագիր կնքած կազմակերպությունների ցանկը եւ այդ պայմանագրերից ՊՈԱԿ-ի ստացած հասույթի չափը: Ի պատասխան` “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները համարվում են առեւտրային գաղտնիք: Այս պատասխանն անհեթեթ էր, քանի որ ՊՈԱԿ-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, չի հետապնդում առեւտրային շահ, հետեւաբար չի կարող ունենալ առեւտրային գաղտնիք: Հարկ է նշել, որ պահանջվող տեղեկություններն անգամ՝ ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների մասին, առեւտրային շահ չեն կարող համարվել, քանի որ ԻԱԿ-ը խնդրել է ընդհանուր հասույթի վերաբերյալ տեղեկություն` այլ ոչ թե յուրաքանչյուր կազմակերպությունից ստացված գումարի չափը: ՊՈԱԿ-ի մերժումը ԻԱԿ-ը բողոքարկեց դատական կարգով:

2009թ.-ի դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց ԻԱԿ-ի հայցը՝ գտնելով, որ ՊՈԱԿ-ն ըստ էության պատասխանել է ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը: ԻԱԿ-ը դատարանի վճիռը բողոքարկեց վճռաբեկության կարգով: 2010թ.-ի հունիսի 3-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը եւ գործն ուղարկեց նույն դատարան նոր քննության: Այս անգամ ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ "Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի: ՊՈԱԿ-ը ՀՀ վարչական դատարանի վճիռը բողոքարկեց վերաքննության կարգով, ապա, ստանալով մերժում, նաեւ վճռաբեկության կարգով: 2012թ.-ի հունվարի 18-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը վերջ դրեց տեղեկատվություն
ստանալու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եռամյա պայքարին՝ ուժի մեջ թողնելով ԻԱԿ-ի օգտին ՀՀ Վարչական դատարանի կայացրած վճիռը, որով ոչ իրավաչափ էին ճանաչվում ՊՈԱԿ-ի գործողությունները եւ ՊՈԱԿ-ը պարտավորեցվում էր տրամադրել պահանջվող տեղեկությունները 5-օրյա ժամկետում:

 

← Վերադառնալ ցուցակին