Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Տեղեկատվության աղբյուրի գաղտնիության իրավունք

27.07.2006

Շուշան Դոյդոյան, բ.գ.թ.
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ

Լրագրող-տեղեկատվության աղբյուր հարաբերությունները կարելի է համեմատել  խոստովանահայր-խոստովանող հարաբերությունների հետ, երբ մի կողմը պարտավորվում է երբեք չբացահայտել իրեն հայտնի դարձած տեղեկությունները եւ տեղեկություն տրամադրողի ինքնությունը։ Տեղեկատվության աղբյուրի բացահայտման հարցը եւ՛ էթիկական, եւ՛ իրավական ոլորտում է. այն նախեւառաջ լրագրողի բարոյական պարտավորությունն է՝ հարգել տված խոստումը՝ չբացահայտել աղբյուրի ինքնությունը, բայց մյուս կողմից՝ խոստումը կատարելու դեպքում լրագրողի համար կարող են առաջ գալ իրավական լուրջ հետեւանքներ` բարձր տուգանքներ, նույնիսկ ազատազրկում։ Լրագրողները պատրաստ են կրել այս հետեւանքները՝ պահպանելով իրենց աղբյուրների գաղտնիությունը, քանի որ հակառակ դեպքում պետք է հրաժեշտ տան մասնագիտությանն ընդհանրապես։ Չէ՞ որ մեկ անգամ չարաշահելով աղբյուրի վստահությունը՝ մեկընդմիշտ կկորցնեն լրագրողի իրենց համբավը։ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային  կազմակերպության 2005 թվականի տվյալներով՝ միայն ԱՄՆ-ում 10 լրագրողներ են դատական կարգով հետապնդվում իրենց աղբյուրների ինքնությունը չբացահայտելու համար (www.rsf.org

1974 թվականի օգոստոսի 9-ին ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականը կարող էր տեղի չունենալ, եթե չլիներ Վաշինգտոն Փոստ թերթի երկու լրագրողների՝ Կարլ Բերնսթեյնի եւ Բոբ Վուդսվորդի գաղտնի եւ հուսալի աղբուրը՝ «Խորը կոկորդ» մականունով, որի տրամադրած տեղեկությունների շնորհիվ էր հիմնականում, որ լրագրողներին հաջողվեց բացահայտել նախագահ Նիքսոնի ապօրինի գործարքները եւ սկիզբ առավ Վոթերգեյթյան սկանդալը։ «Խորը կոկորդի» ինքնության մասին 30 տարի այդպես էլ ոչ ոք ոչինչ չիմացավ,  քանի որ  լրագրողները խոստացել էին չբացահայտել նրա ինքնությունը։ Միայն 30 տարի անց՝ 2005թ մայիսի 31-ին գաղտնի աղբյուրը՝ 90 տարեկան հասակում որոշեց բացահայտել ինքն իրեն՝ Մարկ Ֆելթ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից (
www.washingtonpost.com

Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջը կարող է խիստ վտանգավոր ազդեցություն ունենալ մամուլի ազատության եւ մամուլի միջոցով տեղեկատվություն ստանալու՝ հասարակության իրավունքի համար։ Ինչպես նշել է մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ աղբյուրի բացահայտման ցանկացած դեպք կարող է վտանգավոր ներգործություն ունենալ ապագայում այլ աղբյուրների կողմից տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության վրա՝ անկախ աղբյուրի կողմից տրամադրվող տեղեկատվության բնույթից (Տես. Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության դատավճիռը, կետ 37):

Աղբյուրների գաղտնիությունը պահպանելու սկզբունքը պայմանավորված է մի քանի կարեւոր հանգամանքով։ Առաջին, լրագրողի գործունեության ընթացքում լինում են դեպքեր, երբ տեղեկություն տրամադրող անձը համաձայնում է խոսել միայն չբացահայտվելու պայմանով։ Լրագրողն այս դեպքում իհարկե, պետք է պարզի աղբյուրի գաղտնի մնալու շարժառիթը, եւ միայն դրանից հետո խոստանա չբացահայտել։ Երկրորդ, լրագրողներն իրենց գործունեության ընթացքում շատ հաճախ օգտվում են տեղեկատվության այնպիսի աղբյուրներից, որոնք  ցանկանում են գաղտնի մնալ՝ ահազանգելով իրենց հաստատություններում տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Արտահոսված տեղեկությունն օգտագործելը, այսպիսով, կարևոր նշանակություն կարող է ունենալ  լրագրողի աշխատանքի արդյունավետության համար, եթե լրագրողը երաշխավորի աղբյուրի գաղտնիությունը: Այս միտքն արտահայտվել է Գուդվինի գործով Եվրոպական դատարանի կայացրած որոշման մեջ. «Նման պաշտպանության բացակայության պարագայում տեղեկատվության աղբյուրները կդադարեն մամուլին աջակցելուց, ինչն էլ բացասաբար կանդրադառնա... ստույգ և վստահելի տեղեկատվություն տրամադրելու մամուլի հնարավորության վրա: Արդյունքում, կխաթարվի մամուլի, որպես հասարակության շահերի պաշտպանի կենսականորեն կարևոր դերը» (Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորությանը, 1996, կետ 39:  Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Վճիռների ընտրանի (1978-2000թթ.) /Վ. Հովհաննիսյան, Լ. Հակոբյան, Երեւան, Տիգրան Մեծ, 2002): Սակայն  լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի ամենակարևոր հիմնավորումն այն բացասական տպավորությունն է, որ կարող է առաջանալ հանրության, և մասնավորապես տեղեկատվության աղբյուրների մոտ. «...մամուլը և լրագրողները կարող են հեշտությամբ ներգրավվել ոստիկանության կամ դատական համակարգի գործունեության մեջ»:

Մարդու  իրավունքների եվրոպական դատարանը «Գուդվինն ընդդեմ Միացյալ թագավորության» գործով կայացրած որոշմամբ սահմանել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը ներառում է նաև լրագրողների իրավունքը տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ. «Տեղեկատվության լրագրողական աղբյուրների պաշտպանությունը մամուլի ազատության հիմնարար պայմաններից է....»: Դատարանը շարունակում է այս միտքը՝ նշելով. «Նման պաշտպանության բացակայության պարագայում տեղեկատվության աղբյուրները կդադարեն մամուլին աջակցելուց, ինչն էլ բացասաբար կանդրադառնա հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ստույգ եւ վստահելի տեղեկատվություն տրամադրելու մամուլի հնարավորության վրա: Արդյունքում, կխաթարվի մամուլի՝ որպես հասարակական շահերի պաշտպանի կենսականորեն կարևոր դերը: Նկատի ունենալով ժողովրդավարական հասարակությունում տեղեկատվության աղբյուրների պաշտպանության կարեւորությունը մամուլի ազատության համար և այն վտանգավոր ներգործությունը, որով աղբյուրի բացահայտման մասին դատական կարգադրությունը կարող է ունենալ մամուլի ազատության վրա, նման միջոցը չի կարող համարվել համատեղելի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ, եթե դա արդարացված չէ ավելի կարեւոր հասարակական շահի առկայության անհրաժեշտությամբ»:

Տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը պաշտպանելու՝ լրագրողի իրավունքը երաշխավորելու նպատակով  Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը 2004թ. մարտի 8-ին հատուկ հանձնարարական է ընդունել համ. 2000 (7), որը հիմնված է եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթների վրա։ Հանձնարարականում ձեւակերպվում է «տեղեկատվության աղբյուրը բացահայտող տեղեկություն» հասկացությունը։ Այս հասկացության մեջ մտնում են տեղեկության հետեւյալ տեսակները.

ա. տեղեկատվության աղբյուր հանդիսացող անձի անունը, հասցեն, հեռախոսի/ֆաքսի համարը, գործատուի անունը եւ այլ անձնական տվյալներ, ինչպես նաեւ անձի ձայնը եւ պատկերը,
բ. տեղեկության ստացման փաստացի հանգամանքներ, օրինակ, աղբյուրի հետ հանդիպման տեղի եւ ժամանակի, հաղորդակցության ձեւերի կամ լրագրողի եւ աղբյուրի միջեւ կայացրած համաձայնության մանրամասների մասին տեղեկություն,
գ. տեղեկություն չհրատարակված նյութի բովանդակության մասին, օրինակ, փաստեր, տվյալներ, ձայնային ազդանշաններ կամ պատկերներ, որոնք կարող են բացահայտել աղբյուրի ինքնությունը եւ որոնք դեռ չեն հրապարակվել լրագրողի կողմից,
դ. լրագրողի կամ նրա գործատուի մասնագիտական պարտականությունների վերաբերյալ տվյալներ, օրինակ, լրագրողի աշխատանքից բխող անձնական տվյալներ, որոնք կարել է գտնել, օրինակ, հասցեների, հեռախոսազանգերի ցուցակում, համակարգչային հաղորդակցության գրանցումներում, բանկային եւ ճանապարհորդելու վերաբերյալ տվյալներում:
Ընդ որում, Հանձնարարականը նշում է, որ այս ցանկը սպառիչ չէ:

Կարեւոր է այն հանգամանքը, որ Հանձնարարականը վերաբերում է ոչ միայն աղբյուրի հայտնած փաստերին, այլ նաև կարծիքներին կամ գաղափարներին: Ինչպես նաեւ, այս աղբյուրի գաղտնիությունը պահպանելու իրավունքը ոչ միայն լրագրողինն է, այլեւ խմբագրինը։ Սա հաստատվել է եվրոպական դատարանի Դե Հաեսը եւ Գիյսելսը ընդդեմ Բելգիայի 1997 թ. փետրվարի 27-ի որոշմամբ։ Խիստ կարեւոր է նաեւ լրագրող տերմինի ընդգրկուն մեկնաբանությունը։ Ըստ հանձնարարականի, լրագրող է համարվում «Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պարբերաբար կամ իր մասնագիտական պարտականությունների կատարման բերումով զբաղվում է տեղեկատվություն հավաքելով և դրանք զանգվածային լրատվության ցանկացած միջոցով հասարակությանը տարածելով»: Այսպիսով, լրագրող հասկացության մեջ են մտնում նաեւ ազատ լրագրողները, որոնք չեն համարվում որեւէ կոնկրետ ԶԼՄ-ի ներկայացուցիչ եւ աշխատանքային պայմանագրային հարաբերությունների մեջ չեն գտնվում որեւէ գործատուի հետ։
ՀՀ օրենսդրությամբ այս իրավունքը երաշխավորվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով.

«1. Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։
2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»։

Հոդվածի առաջին մասի ձեւակերպումից հստակ է, որ այս իրավունքն ունեն ինչպես լրատվական գործունեություն իրականացնողը, այնպես էլ լրագրողը, ինչպես դա սահմանված է Հանձնարարականում։

ՀՀ օրենսդրությունը ներառում է եւս մի կարեւոր երաշխիք. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության տակ է առնում   տեղեկատվության արտահոսք թույլ տված պաշտոնյաներին։ Այս պաշտոնյաների իրավական պաշտպանությունը նշանակում է, որ նրանք պաշտպանված են, նույնիսկ եթե տեղեկատվության տարածմամբ խախտել են իրենց պայմանագրային կամ օրենքով սահմանված պարտականությունները, եթե դա արել են՝ համոզված լինելով, որ պաշտպանում են հանրային շահերը։ Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը բացառում է ապօրինի գործողությունների մասին ահազանգած (արտահոսք թույլ տված) պաշտոնյաների վարչական կամ քրեական պատասխանատվությունը, եթե այդ տեղեկատվության հրապարակմամբ կարող են կանխվել հասարակությանը սպառնացող վտանգը, մարդկանց անվտանգությանն ու առողջությանը, շրջակա միջավայրին սպառնացող աղետները, մի խոսքով՝ գաղտնիքի հրապարկումն օգուտ է բերում հասարակությանը (ՏԱ մասին օրենքի 14 հոդվածի 2-րդ մաս)։
Հայաստանում աղբյուրը բացահայտելու պահանջ լրագրողական պրակտիկայում հաճախ է հանդիպում, սակայն դատական նախադեպ դեռեւս տեղի է ունեցել մեկ անգամ՝ 2002 թվականին։ Դատարանում որպես պատասխանող հանդես էր գալիս «Տարեգիր» էլեկտրոնային պարբերականը։ Հայցվորը՝ Անդրանիկ Պողոսյանը՝ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը, պահանջում էր հերքել 9 ամիս առաջ (22.01.2002թ.) տպագրված «Արյան գինը» հոդվածում առկա տեղեկությունները (հեղինակ՝ Լիլիթ Սեյրանյան)։  Հոդվածում լրագրողը գրել էր. «ՀՅԴ ԳՄ անդամ մեր զրուցակիցը, որը չցանկացավ բացահայտված մնալ, տեղեկացրեց, որ եթե գործով ամբաստանյալ Կուկուն, նույն ինքը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանը, 90 հազար դոլար է փոխանցել Անդրանիկ Պողոսյանին՝ դատավարության ընթացքում ներկայացվող սցենարին չընդդիմադրելու համար»։ Դատավարության ընթացքում հայցվորը հայտարարել էր, որ հոդվածն ամբողջությամբ զրպարտություն է՝ նշելով, որ իրեն ոչ այնքան տեղեկությունների անճշտությունն է հետաքրքրում, որքան այն, թե ով է լրագրողի տեղեկատվության աղբյուրը։ Լիլիթ Սեյրանյանը հրաժարվել է բացահայտել աղբյուրը՝ դրա համար, իր իսկ ասելով, ունենալով հիմնավոր պատճառներ։ Դատարանի որոշմամբ թերթին պարտադրվեց հերքել հրապարակված տեղեկությունները, եւ ոչ թե բացահայտել լրատվության աղբյուրը։ Այսպիսով, դատարանը պաշտպանեց լրագրողի՝ աղբյուրի ինքնության գաղտնիությունը պահպանելու իրավունքը։

Այս իրավունքը մեծ կարևորություն ունի հատկապես հետաքննող լրագրողների համար: Եթե նրանք հղում կատարեն միայն պաշտոնական տվյալներին կամ հենվեն միայն սովորական ճանապարհներով ստացված տեղեկությունների վրա, ապա երբեք չեն կարողանա կատարել իրենց գործը: 2004 թվականին ՀՀ ՆԳ աշխատակիցների կողմից աղբյուրը բացահայտելու պահանջ էր ներկայացվել Հետաքննող լրագրողներ կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանին։ Է. Բաղդասարյանը «Առավոտ» օրաթերթում նյութ էր հրապարակել քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի նկատմամբ իրականացված բռնարարքի մասին՝ հրապարակելով այն սափրագլուխի լուսանկարը, որին Ա. Մանուչարյանը ճանաչել էր որպես հանցագործ։ Մինչդեռ նախաքննության մարմինը մինչ այդ հայտարարել էր, թե հանցագործի անձը հայտնի չէ։ Հոդվածի եւ լուսանկարի հրապարակումից հետո լրագրողը հրավիրվել էր քննչական բաժանմունք՝ ցուցմունք տալու, որից նա հրաժարվել էր։ Ավագ քննիչ Արսեն Այվազյանը 2004թ. սեպտեմբերի 15-ից լրագրողին գործով ներգրավում է որպես վկա Աշոտ Մանուչարյանի նկատմամբ իրականացված բռնարարքի առթիվ հարուցված քր. գործում։ Է. Բաղդասարյանը բողոքարկել է քննիչի որոշումը՝ իրեն որպես վկա ներգրավելու վերաբերյալ. «Միաժամանակ հայտնում եմ, որ հրաժարվում եմ ինֆորմացիայի աղբյուրները բացահայտել: Այդ մասին ես տեղեկացրել եմ նաեւ քննիչին՝ ասելով, որ ես որեւէ աղբյուր չեմ նշի՝ նախ եւ առաջ այդ մարդկանց անվտանգությունը հաշվի առնելով: Նշեմ, որ քննիչի բոլոր հարցերը վերաբերում են հենց տեղեկատվության աղբյուրների բացահայտմանը»,- պատմում է Է. Բաղդասարյանը: Սակայն «Քրեական դատավարության մասին» ՀՀ օրենսգրքի 86 հոդվածով չի նախատեսվում, թե որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել լրագրողները: Ընդհանրապես՝ ցուցմունքներ տալուց հրաժարվել կարելի է միայն այն պարագայում, երբ խոսքն ամուսնու կամ մերձավոր ազգականների մասին է: Մնացած բոլոր դեպքերում ցուցմունք տալը վկայի պարտականությունն է, որը չկատարելու դեպքում ենթակա է պատասխանատվության։ Սա հետաքրքիր դեպք է նրանով, որ ՆԳ աշխատակիցները՝ չկարողանալով ստիպել լրագրողին բացահայտել աղբյուրը՝ նրան գործով ներգրավում են որպես վկա՝ շատ լավ իմանալով, որ վկայի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը առաջ է բերում քրեական պատասխանատվություն։ Իսկ լրագրողները նման դեպքերից ապահովագրված չեն։ Փաստորեն, եթե լրագրողին հայտնի են դառնում քրեական գործով մանրամասներ, նրան կարող են ճանաչել որպես վկա եւ ներգրավել գործում, ինչը բխում է վկա հասկացության օրենսդրական ձեւակերպումից։ «Վկան ցուցմոււնքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող են հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ հանգամանք» (ՀՀ Քր. դատ. օրենսգիրք, հոդված 86)։ Տեղեկություններ տրամադրող աղբյուրին վերաբերող տվյալները քր. գործով պարզելու ենթակա հանգամանք են, ինչը չբացահայտող լրագրողը կենթարկվի պատասխանատվության՝ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 339 հոդվածի՝ ցուցմունք տալուց հրաժարվող վկան «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով»: Թերեւս նման հանգամանքներում լրագրողը կարող է դիմել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի պաշտպանությանը, համաձայն որի տեղեկատվության աղբյուրի բացահայտում լրագրողին կարող է պարտադրվել միայն դատարանի որոշմամբ (եւ ոչ նախաքննության կամ հետաքննության մարմինների կողմից), այն էլ միայն քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով։ Այս դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ։

Ներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննած շրջադարձային գործը՝ «Գուդվինն ընդդեմ Միացյալ թագավորության», որով դատական որոշումը կայացվել է 27.03.1996թ.։ Գուդվինի գործով որոշման հրապարակումից անմիջապես հետո ընդունվեց Նախարարների Խորհրդի համ. 2000(7) Հանձնարարականը:

1990 թվականին լրագրող Ուիլյամ Գուդվինը, որն աշխատում էր Լոնդոնի «Էնջինիեր» ամսագրում որպես լրագրող-ստաժոր, մեղավոր ճանաչվեց Լորդերի պալատի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Դատավճռի համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Գուդվինը հրաժարվել էր բացահայտել այն անձի ինքնությունը, որը նրան ֆինանսական տեղեկատվություն էր տվել «Տետրա» մասնավոր ձեռնարկության գաղտնի կորպորատիվ ծրագրերի մասին: Բացահայտման պահանջը համարվեց օրինական. բացահայտումը անհրաժեշտ էր արդարադատության շահերից ելնելով:

1989 թվականին նոյեմբերի 2-ին լրագրողին զանգահարում է մի մարդ  եւ տեղեկություն հայտնում այն մասին, որ «Տետրա» մասնավոր ընկերությունը այդ պահին զբաղված է 5 միլիոն ‎ֆ‎ունտ ստերլինգ վարկ վերցնելով, քանի որ ունի ֆինանսական պրոբլեմներ։ Լրագրողը զանգահարում է «Տետրա»՝ ստուգելու իրեն տրամադրված տեղեկությունները եւ պարզելու, թե ինչ պրոբլեմներ ունի ընկերությունը։ Լրագրողին հայտնի դարձած տեղեկատվությունը  առկա էր միայն ընկերության առաջիկա ծրագրերի փաթեթում, որից գոյություն ուներ ընդամենը 8 օրինակ, որոնք պահվում էին հույժ  գաղտնի պայմաններում։ 1989 թվականի նոյեմբերի 1-ին կորել էր 8 օրինակներից մեկը։ «Տետրան» դիմեց դատարան՝ պահանջելով արգելել որեւէ ԶԼՄ-ի, այդ թվում «Էնջինիերին» տպագրելու հայտնի դարձած տեղեկությունները։ Նոյեմբերի 22-ին ընկերությանը նաեւ հաջողվեց դատարանին համոզել ընդունել եւս մեկ որոշում՝ պարտադրել լրագրող Գուդվինին բացահայտել, թե ով է իրեն տրամադրել այդ տեղեկությունները, հիմնավորելով, որ բացահայտումով կկարողանան գտնել փաթեթի կորած օրինակը։ Անգլիայի Բարձր դատարանը 1990 թվականի ապրիլի 10-ին Գուդվինին տուգանեց 5000 ‎‎ֆունտ ստերլինգ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Անգլիայի դատարանները գտնում էին, որ սրանով հետապնդվում էր իրավաչափ նպատակ. պարզել գաղտնի փաստաթղթի անհետացման համար մեղավոր անձի ինքնությունը, որպեսզի վերադարձվի այդ փաստաթուղթը և նրա նկատմամբ դատական հետապնդում հարուցվի: (փաստաթղթերը լրագրողին էր հանձնել ընկերության աշխատակիցներից մեկը)։

Գուդվինը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պարզելու՝ արդյոք Անգլիայի դատարանի պահանջը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին արդարացի էր՝ ըստ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջների:

Ակնհայտ է, որ Անգլիայի դատարանների պահանջը տեղեկատվական աղբյուրը բացահայտելու մասին հետապնդում էր 10 (2) հոդվածում նշված իրավաչափ նպատակներից մեկը` «այլ անձանց իրավունքները պաշտպանելը», տվյալ դեպքում` Տետրայի ֆինանսական շահը:

Սակայն, Դատարանը նաեւ պետք է պարզեր, թե արդյո՞ք ազգային դատարանի պահանջը «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությանը»: Սա որոշվում է երեք չափորոշիչով. արդյո՞ք նման միջամտությունը պայմանավորված էր սուր հասարակական պահանջով, արդյոք միջամտությունը համաչափ էր նշված իրավական նպատակին հասնելու համար, եւ արդյո՞ք միջամտության ընտրված ձեւը բավարար միջոց էր: Դատարանի խնդիրն էր նաեւ պարզել, թե տվյալ հանգամանքներում ո՛ր շահն էր գերակշռում. լրատվության աղբյուրների գաղտնիության պաշտպանության հասարակական շա՞հը, թե՞ «Տետրա» ընկերության իրավունքները` գաղտնի պահել իր ֆինանսական դրությանն առնչվող տեղեկությունները։

Դատարանը հանգեց այն կարեւոր համոզման, որ տեղեկատվության աղբյուրների բացահայտումը կախված չէ տվյալ տեղեկատվությունը ստանալու հասարակական հետաքրքրության աստիճանից: Նույնիսկ եթե տվյալ տեղեկատվությունը ստանալու հասարակական հետաքրքրությունը փոքր է,  աղբյուրի բացահայտումը չի կարող արդարացված լինել, որովհետեւ դա խիստ «…բացասաբար կանդրադառնա հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ստույգ եւ վստահելի տեղեկատվություն տրամադրելու՝ մամուլի հնարավորության վրա: Արդյունքում, կխաթարվի մամուլի՝ որպես հասարակության շահերի պաշտպանի, կենսականորեն կարեւոր դերը», կետ 39: Դատարանը որոշեց, որ տեղեկատվական աղբյուրների բացահայտումը կարող է լրջորեն վնաս հասցնել լրագրողների եւ նրանց աղբյուրների միջեւ փոխհարաբերություններին, եւ ապագայում լրագրողներին տեղեկատվություն տրամադրելու՝ աղբյուրների պատրաստակամությանը:

Դատարանը գտավ նաեւ, որ աղբյուրի գաղտնիությունը բացահայտելու պահանջը համաչափ չէ հետապնդվող  իրավական նպատակին հասնելու համար: «Տետրա» ընկերությունն արդեն ստացել էր հոդվածների հրապարակումը կասեցնող դատական արգելք, որով իրականացրել էր ֆինանսական գաղտնիությունը պահպանելու իր իրավունքը: Աղբյուրի բացահայտման լրացուցիչ իրավունք ստանալով խախտվում է հասարակական շահի եւ «Տետրայի» իրավունքների միջեւ հավասարակշռությունը. մամուլի ազատության լրացուցիչ սահմանափակումը, որն առաջացնում էր տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը բացահայտելու պահանջը, ըստ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակների, չուներ բավարար հիմք:  Այսպիսով, Դատարանը գտավ, որ «չկա ողջամիտ համաչափություն տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջով հետապնդվող իրավաչափ նպատակի եւ դրան հասնելու համար օգտագործված միջոցների միջեւ: Տվյալ դեպքում պետությունն օգտագործել էր երկու միջոց. լրագրողից պահանջելով բացահայտել գաղտնի տեղեկությունը հայտնող անձի ինքնությունը եւ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու համար լրագրողի վրա դրված տուգանքը: Երկու միջոցներն էլ Դատարանի կողմից համարվեցին ոչ համաչափ, ուստի, տեղի էր ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը այն կարծիքը հայտնեց, որ բացահայտելու պահանջը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ, քանի դեռ դա պայմանավորված չէ գերակշռող հասարակական շահով:

Իրավունքը բացարձակ չէ. սահմանափակումներ

Լրագրողի՝ աղբյուրի ինքնությունը չբացահայտելու իրավունքը բացարձակ չէ եւ ենթակա է սահմանափակման։ Այս իրավունքի սահմանափակման հիմքերը տրված են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի երկրորդ մասում, որը նշում է «պարտավորությունների» եւ «պարտականությունների» մասին, որոնք կարող են լրագրողի իրավունքը սահմանափակել աղբյուրների գաղտնիությունը պահպանելու առումով: Եթե նման պարտավորությունները եւ պարտականությունները բախվում են 10-րդ հոդվածի երկրորդ մասում տրված շահերին, ապա այստեղ վճռորոշ դեր է խաղում այն շահը, որը գերակշռում է ազատ խոսքի իրավունքին: Եվրոպական դատարանը որոշել է, որ լրագրողական աղբյուրը բացահայտելու դատարանի պահանջը «...արդարացված է,  եթե դա է պահանջում կենսական նշանակություն ունեցող հասարակական շահը» (Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորությանը, 1996, կետ 40: www.echr.coe.int):

Համաձայն ԶԼ մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լրագրողին կամ լրատվական գործունեություն իրականացնողին, աղբյուրը բացահայտելու պահանջ կարող է ներկայացվել հետեւյալ հանգամանքների առկայության դեպքում։ Ընդ որում այս հանգամանքները պետք է առկա լինեն միաժամանակ.

1. տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ,
2. պահանջը կարող է ներկայացվել քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով,
3. սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները,
4.հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ պետք է լինի, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը։

Առաջին պայմանը նշում է, որ դատարանից բացի որեւէ պետական կամ այլ մարմին չի կարող աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնել (օր. ոստիկան, քննիչ, դատախազ եւ այլն)։ Միայն դատարանի որոշմամբ կարող է պարտադրվել բացահայտում։

Տվյալ պահանջը դատարանը կարող է ներկայացնել միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն բացահայտելու նպատակով։ Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի՝ ծանր հանցագործություն է համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար Քր. օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը։ Առանձնապես ծանր հանցագործություններ են դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսվում է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Երրորդ եւ չորրորդ պայմաններից բխում է, որ դատավորը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է նժարի վրա դնի մի կողմից՝  հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը։ Եթե առաջինն ավելի ծանրակշիռ է, ապա դատավորը կարող է բացահայտում պահանջող որոշում կայացնել։ Կարեւոր երաշխիք է այն, որ աղբյուրի բացահայտման ժամանակ լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ։

Վերոնշյալ պայմանները բխում են  Հանձնարարականի պահանջներից, որտեղ նշվում է, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է համարվել անհրաժեշտ, երբ համոզիչ կերպով հաստատված է.

ա. տեղեկատվության աղբյուրի բացահայտում պահանջող անձանց կամ պետական մարմինների մոտ սպառվել են այլընտրանքային միջոցները
բ. աղբյուրի բացահայտման իրավաչափ նպատակը գերակշռում է հասարակական շահին։

Լրատվության աղբյուրի բացահայտումը կարող է համարվել արդարացված, եթե դատավարության երկու կողմերը սպառել են բոլոր այլ միջոցները: Այդպիսի միջոցներն են, օրինակ, գաղտնի տեղեկության տարածման կապակցությամբ ընկերության ներսում ներքին քննության վարումը, գաղտնի տեղեկություն ստանալու սահմանափակումների ուժեղացումը, կամ որպես հակազդող քայլ հակառակ տեղեկության տարածումը եւ այլն: Մինչ լրագրողին աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելը, դատավարության կողմերը պետք է սպառեն նաեւ այլ ոչ-լրագրողական աղբյուրները: Այդպիսի աղբյուրներ կարող են համարվել, օրինակ, աշխատակիցները, գործընկերները, պայմանագրային կարգով աշխատողները եւ այլն: Այն անձինք կամ պետական իշխանությունները, որոնք պահանջում են բացահայտել տեղեկատվության աղբյուրը, պետք է նախեւառաջ որոնեն եւ կիրառեն համաչափ այլընտրանքային միջոցներ, որոնք պատշաճ կերպով կարող են պաշտպանել իրենց իրավունքները եւ շահերը: Այլընտրանքային միջոցների առկայության դեպքում տեղեկատվության աղբյուրը բացահայտելու  անհրաժեշտությունը վերանում է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ խոսքի ազատության սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հստակ սահմանված լինի: Այս իմաստով (բ) ենթակետը պահանջում է հստակորեն ցույց տալ, որ աղբյուրը բացահայտելու պահանջը պայմանավորված է իրավաչափ նպատակի առկայությամբ, որը գերակշռում է աղբյուրը բացահայտելու հասարակական շահը: «Հստակ կերպով ցույց տալ» այս պարագայում նշանակում է ուսումնասիրել տվյալ գործի բոլոր փաստերը, ինչպես նաեւ օգտագործել հայեցողության իրավունքը այնպես, որպեսզի հետագայում հնարավոր լինի դա ստուգել: Առաջարկվում է, որ համապատասխան իշխանությունները նշեն բոլոր այն պատճառները, ըստ որոնց հասարակական շահը գերակշռում է աղբյուրը չբացահայտելու իրավունքին:

Դատարանը բազմիցս նշել է, որ լրատվության միջոցների պարտականությունն է տեղեկատվության եւ գաղափարների տարածումը, իսկ հասարակության իրավունքն է դրանք ստանալը (Տես.  Ֆրեսսոզը և Ռուարն ընդդեմ Ֆրանսիայի, 21 հունվար 1999, կետ 51):  Լրագրողի կողմից աղբյուրը բացահայտելու երեւույթի վտանգավոր ներգործությունը  կարող է խոչընդոտ հանդիսանալ լրատվության միջոցների համար: Այդ պատճառով ազգային դատարանները եւ իշխանությունները առանձնակի ուշադրություն պետք է դարձնեն տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու լրագրողական իրավունքի կարեւորության վրա: Լրագրողի կողմից տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է կատարվել միայն ելնելով բացառիկ հանգամանքներից, որոնք սպառնում են կենսականորեն կարևոր հասարակական եւ անձնական շահերին, որոնց առկայությունը կարելի է հստակորեն ցույց տալ (Տես. Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության դատավճիռը, կետ 37): Միայն այն դեպքերում, երբ հասարակական շահը գերակշռում է եւ հանգամանքները խիստ և կենսական կարեւորություն են ներկայացնում, աղբյուրի բացահայտումը կարող է համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության համար՝ ըստ Եվրոպական Կոնվենցիայի 10(2) հոդվածի:

Այնուամենայնիվ, մարդու իրավունքների եւ մամուլի հարցերով փորձագետների աշխատախումբը եկել է այն եզրակացության, որ 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված իրավաչափ նպատակներից մի քանիսը կարող են հիմք լինել տեղեկատվության աղբյուրի բացահայտման անհրաժեշտության համար: Այսպիսով, աղբյուրի գաղտնիության հասարակական շահը չի կարող գերակշռել, եթե բացահայտումը անհրաժեշտ է.

- մարդու կյանքի պաշտպանության համար,
- ծանր հանցագործության կանխման համար,
-ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանության համար ։

Մարդու կյանքի իրավունքը ամենակարեւոր իրավունքն է։ Մյուս բոլոր իրավունքները ստորադաս են կյանքի իրավունքին: Այս իրավունքի պաշտպանությունը արդարացնում է տեղեկատվության աղբյուրի բացահայտումը:

Ծանր հանցագործությունների թվում են սպանությունը, անչափահասի բռնաբարությունը, ահաբեկչությունը, բանդիտիզմը, ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները եւ այլն: Նման հանցագործությունների կանխման նպատակով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է արդարացված լինել:

Եւ վերջապես, ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի պաշտպանության իրավունքը կարող է արդարացված հիմք համարվել լրագրողական աղբյուրի բացահայտման համար: Սա բխում է Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածից, որը սահմանում է մեղադրյալի արդար դատավարության իրավունքը։

Վերջին հաշվով լրագրողն ինքն է որոշում՝ բացահայտե՞լ տեղեկատվության աղբյուրը, թե՝ ոչ, նույնիսկ եթե խոսքը գնում է դատարանի պահանջը կատարելու մասին:

Հարց է առաջանում, եթե լրագրողը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը՝ բացահայտելու աղբյուրը, ի՞նչ պատասխանատվության կենթարկվի։ Քրեական օրենսգրքի 353 հոդվածը «Դատական ակտը չկատարելը» վերաբերում է միայն պաշտոնատար անձանց կողմից դատական ակտը չկատարելուն, իսկ լրագրողը պաշտոնատար անձ չի կարող համարվել, հետեւաբար լրագրողը չի կարող դատական ակտը չկատարելու համար ենթարկվել քրեական պատասխանատվության։ Կարող էր կիրառվել օրենսգրքի մեկ այլ հոդված՝ 343-ը՝ «Անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ», սակայն հոդվածի բովանդակությունից բխում է, որ այս հանցակազմը կարող է դրսեւորվել միայն դատաքննության մասնակիցներին կամ դատավորին վիրավորելով, մինչդեռ դատական ակտը կատարելուց հրաժարվելը չի կարող համարվել վիրավորանք՝ համաձայն «Վիրավորանք» հասկացության (Քր. օրենսգիրք, 135-րդ հոդված)։ Այսպիսով, լրագրողը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։ Միեւնույն ժամանակ, դատական ակտի կատարումն ապահովում են դատական ակտերի հարկադիր կատարողները։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 206.5 հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու համար՝ տուգանք նվազագույն աշխատավարծի 100-ապատիկից 200-ապատիկի չափով։ Տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին դատարանի որոշումը լրագրողին կպարտադրվի  կատարել հարկադիր կատարողի կողմից, որի որոշումը չկատարելու դեպքում լրագրողը ենթակա է վարչական պատասխանատվության վերը նշված հոդվածով։

Մեր կարծիքով, լրագրողի համար լավագույն ելքը կարող է լինել աղբյուրի կամ աղբյուրների հետ համաձայնության գալը, որ գաղտնիության խոստումը պահպանվի մինչեւ դատական փուլ հասնելը: Նման համաձայնության դեպքում լրագրողն ավելի պաշտպանված կլինի: Աղբյուրի ինքնության գաղտնիությունը պաշտպանելը լրագրողի համար եւ՛ իրավական, եւ՛ էթիկական պարտականություն է՝ կատարել տրված խոստումը, որից եւ կախված է լրագրողի նկատմամբ վստահությունը եւ՛ աղբյուրների հետ փոխհարաբերություններում, եւ՛ հասարակության մեջ ընդհանրապես։

← Վերադառնալ ցուցակին