Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Սպիտակ և Սև ցուցակներ

2022 2021 2020 2019 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001

Ըստ տարիների

Սև ցուցակ 2022

Այս գերատեսչությունների ղեկավարները 2022 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։

2022 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների  առցանց հարթակում գրանցվել է 162 տեղեկություն ստանալու հարցում։ Հարցումների 79.6%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 14.2%-ի դեպքում՝ թերի պատասխան: 2.5% հարցումների պատասխանները ստացել են «անհիմն պատասխան», իսկ 3.1%-ինը՝ «անհիմն մերժում» կարգավիճակ։ Նշենք, որ որևէ հարցում չի մնացել անպատասխան:
 

• ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով կորցված մարտական դիրքերի քանակի մասին տեղեկություններ և այդ ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց անվանացանկը: Հոկտեմբերի 3-ին ՊՆ-ը խնդրել է տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ժամանակ, սակայն հոկտեմբերի 19-ին՝ 16 օր անց մերժել է տրամադրել տեղեկությունները: Պատասխանը համարվում է անօրինական, քանի որ, անկախ մերժման հիմնավորումից, խախտվել է մերժումը տրամադրելու՝ օրենքով սահմանված կարգը․ մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում։ Տեղեկություն տնօրինողը լրացուցիչ ժամանակ կարող է խնդրել բացառապես պահանջվող տեղեկությունը օրենքով սահմանված կարգով տրամադրելու համար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար, ինչը ենթադրում է, որ տեղեկությունը մերժման ենթակա չէ։
http://www.givemeinfo.am/hy/case/3456/


• ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան

2022 թ. հոկտեմբերի 17-ին Ինֆորմացիային ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե 2021 թվականի ընթացքում ԱԱԾ-ն քանի հեռախոսային խոսակցություն է ձայնագրել։ Ծառայությունը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել տեղեկությունը՝ նշելով, որ «ԱԱԾ-ն առանձին հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վիճակագրություն չի վարում, քանի որ դրանք համաձայն գործող իրավակարգավորումների դատարանի համապատասխան որոշման ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են»: Պատասխանը համարվում է անհիմն, քանի որ ձայնագրությունների ոչնչացման կարգավորումը բավարար պայման և պատճառ չի կարող լինել ձայնագրության վերաբերյալ վիճակագրություն չվարելու համար, իսկ ԻԱԿ-ը պահանջել է բացառապես քանակական տվյալներ, ինչը այրման ենթակա տեղեկություն չէ:
http://www.givemeinfo.am/hy/case/3458/

• ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան

2022 թվականի հոկտեմբերի 7-ի տեղեկություն ստանալու հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Շիրակի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել Գյումրու թիվ 32 դպրոցում ՀՀ Շիրակի մարզպետի հրամանով 2018 թվականին անցկացված աուդիտորական ստուգման արդյունքների ակտը և մասնագիտական եզրակացությունը: Պատասխան գրությամբ մարզպետարանը հայտնել է, որ փնտրվող տեղեկատվությանը ՀՀ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «10. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:»:

Միաժամանակ, Մարզպետարանը վկայակոչել է «Ներքին աուդիտի մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների դրույթները և արձանագրել հաշվապահական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում և ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում պարունակվող տեղեկությունների՝ առևտրային գաղտնիք լինելը:
Ըստ մարզպետարանի գրության՝ ՀՀ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում հարցմամբ փնտրվող տեղեկությունը, սակայն միևնույն ժամանակ հայտնում է, որ այդ տեղեկությունը առևտրային գաղտնիք է, որից պարզ է դառնում, որ մարզպետարանը իրականում տիրապետում է այդ տեղեկությանը, սակայն անհիմն կերպով մերժում է դրա տրամադրումը:
http://www.givemeinfo.am/hy/case/3451/

• Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

2022 թվականի փետրվարի 11-ին «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2020 և 2021 թվականների ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով կայացված պատասխանատվություն նախատեսող, դատական կարգով բողոքարկման արդյունքում բավարարված բողոքների հետ կապված բողոքաբերներին հատուցված դեպքերի քանակի և գումարների (այդ թվում՝ դատական ծախսերի) վերաբերյալ: Պատասխանը որակվել է անհիմն, քանի որ առանց պատշաճ հիմնավորման հրաժարվել է տրամադրել տեղեկություններ հատուցված դեպքերի քանակի և գումարների վերաբերյալ՝ կոչ անելով դիմել վարչական դատարան՝ պահանջվող տեղեկությունը ստանալու համար:
http://www.givemeinfo.am/hy/case/3376/