ՏԱ ուսուցումներ
Ընդհանուր տեղեկություն
2003-2023 թ.թ. ընթացքում ԻԱԿ-ի կազմակերպած դասընթացների շնորհիվ օրենքի կիրառման և օգտագործման վերաբերյալ գիտելիք և հմտություն է ստացել 8138 մարդ, ներառյալ` 3358 պաշտոնյա։
Որպես ուսուցումների անցկացման ինստիտուցիոնալ հիմք՝ 2010թ.-ի նոյեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հիմնադրեց «Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոն»՝ այդպիսով դառնալով պետական պաշտոնյաներին ՏԱ ազատության վերաբերյալ գիտելիքով և հմտություններով ապահովող կայուն ինստիտուցիոնալ մեխանիզմ:
Կենտրոնի նպատակն է ուսուցանել քաղաքացիական և համայնքային ծառայողներին տեղեկատվության ազատության իրավունքի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման պրակտիկայի, տեղեկատվության էլեկտրոնային կառավարման, ինչպես նաև պաշտոնյաների էթիկայի վերաբերյալ:
2001-2013 թ.թ.-ի ընթացքում ԻԱԿ-ը ՀՀ ողջ տարածքում տեղեկատվության ազատության վերաբերյալ տասնյակ դասընթացներ է կազմակերպել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար` օգնելով դասընթացների մասնակիցներին զարգացնել իրենց գիտելիքները տեղեկատվության ազատության ոլորտում: Միայն 2008-2010 թթ.. ընթացքում ԻԱԿ-ն անցկացրել է 40 ուսուցում ՀՀ 10 մարզերում /յուրաքանչյուրում 4 անգամ/՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման և օգտագործման վերաբերյալ:
ԻԱԿ-ը նաև տեղեկատվության ազատության վերաբերյալ աշխատանքային քննարկումներ է կազմակերպել տարբեր թիրախային խմբերի համար՝ իրավապահ մարմինների, լրագրողների, մարզպետարանների աշխատակազմերի ներկայացուցիչների, վարչական շրջանների ներկայացուցիչների և այլոց համար: 2009-2010 թթ.. ընթացքում մի շարք ուսուցումներ է կազմակերպել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգի վերաբերյալ: 2010 թ. փետրվար-ապրիլ ամիսներին ԻԱԿ-ը հատուկ 2-օրյա դասընթացներ է կազմակերպել ՀՀ 10 մարզպետարանների աշխատակիցների համար՝ ծանոթացնելով նրանց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգի հմտություններին:
Տեղեկատվության ազատության ուսուցումների արդունավետությունը բարձրացնելու նպատակով 2010 թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատրաստել է երկու ուսումնական տեսաֆիլմ` «Տեղեկատվություն տրամադրելու Ձեր պարտականությունը» և «Տեղեկացված լինելու իմ իրավունքը» վերնագրերով:
2008թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ սկսեց իրականացնել ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստում։ Դրա առաջին մեկնարկը եղավ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ իրականացրած «Տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար» ծրագիրը, որը նպատակաուղղված էր Հայաստանում տեղեկատվության մատչելության առավել բարձր մակարդակի ապահովմանը և ՀՀ պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների՝ ներառյալ 10 մարզպետարանների հասարակայնության հետ կապերի 84 պատասխանատու 2-օրյա ուսուցումների արդյունքում ձեռք բերեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման համար անհրաժեշտ գործնական գիտելիք և հմտություններ:
Որպես այս ուսուցումների արդյունք 2008թ. ապրիլի 17-ի N 302-Ա որոշմամբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը «Տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» վերապատրաստման դասընթացը ընդգրկեց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրում:
Այս համագործակցության հաջորդ արդյունքը եղավ այն, որ ՀՀ քաղծառայության համակարգի մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների պաշտոնի անձնագրերը լրամշակվեցին՝ այդուհետ ներառելով նաև կոնկրետ գործառույթներ ու պարտականություններ ՏԱ ոլորտում:
ԻԱԿ-Քաղծառայության խորհուրդ համագործակցության շարունակություն եղավ այն, որ «Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոն»-ում 2010թ. նոյեմբերից վերսկսեցին քաղաքացիական ծառայողների վերապատրաստումները։ 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և 2011թ մարտ-հունիս ամիսներին կրթական կենտրոնի վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 301 քաղաքացիական ծառայող ՀՀ նախարարություններից, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեից, Սոցիալական ապահովության ծառայությունից, ՀՀ 10 մարզպետարաններից, ինչպես նաև պետական կառավարման այլ թիրախային մարմիններից: Եռօրյա դասընթացների ավարտին մասնակիցներին տրվեցին պետական նմուշի վկայականներ:
Ուսումնական կենտրոնում դասընթացներն իրականացվում են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2010թ. հոկտեմբերի 28-ի N847 որոշմամբ հաստատված«Ամբողջականության հիմունքները և տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» ծրագրով: Դասընթացներն իրականացվում են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ՀՀ Քաղաքացիական ծառայողների միության հետ համատեղ։
2011 թ. հոկտեմբերից «Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոն»-ում ԻԱԿ-ը ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացնում է համայնքային ծառայողների վերապատրաստում: Դասընթացներն իրականացվում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2011թ. հոկտեմբերի 20-ի N129-Ա որոշմամբ հաստատված «Ամբողջականության հիմունքները և տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը տեղական ինքնակառավարման համակարգում» ծրագրով: Այս ծրագրով 2011-2012թթ.. ընթացքում Ինֆորմացիայի ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում վերապատրաստվել է 400 համայնքային ծառայող՝ ՀՀ տարբեր մարզերի գյուղական և քաղաքային համայնքներից:
2013 թվականի մայիսի 13-ից 30-ը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն անցկացրեց «Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար: Մայիսի 13-ին մեկնարկած ծրագրին 5 տարբեր խմբերով մասնակցեցին ՀՀ 11 մարզերի 78 քաղծառայող:
Դասընթացն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Խորհրդի ապրիլի 17-ի N 305-Ա որոշմամբ հաստատված ուսումնական ծրագրի համապատասխան։
2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Հայաստանի բոլոր մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար իրականցրել է հակակոռուպցիոն եռօրյա ուսուցումներ: Ընդհանուր առմամբ անցկացվել է 9 ուսուցում, որոնց մասնակցել են 90 քաղհասարկության ներկայացուցիչներ և լրագրողներ:
2018 թ.-ի փետրվարի 19-ին և 22-ին Ինֆորմացիայի ազատությայն կենտրոնը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ իրականացրեց 50 քաղծառայողների վերապատրաստում Տեղեկատվության ազատության ոլորտում:
«Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվել են ուսուցումներ ինչպես ենթադրամաշնորհային ծրագրերի մրցույթների պոտենցիալ մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչների և լրագրության և իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար։
2021 թվականի փետրվարին «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» (ՄՍԻ) կազմակերպության հետ համատեղ ԻԱԿ-ը անցկացրել է «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» խորագրով առցանց աշխատաժողովը, որը նախատեսված է պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Երկօրյա աշխատաժողովին մասնակցել են պետական կառավարման 57 մարմինների 112 ներկայացուցիչներ։
«Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ անցկացրել է 3 առցանց դասընթաց Երևանի պետական համալսարանի ուսանող լրագրողների և 1 առցանց սեմինար տարբեր լրատվամիջոցների պրակտիկ լրագրողների համար (ընդհանուր առմամբ `4 հանդիպում): Հանդիպումներին ընդհանուր առմամբ մասնակցել են 191 ուսանողներ և տարբեր ԶԼՄ-ների լրագրողներ:
Ապրիլի 5-23 Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակությամբ անցկացվեց «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» եռօրյա աշխատաժողովների շարքը, որի նպատակն էր բարելավել պաշտոնյաների՝ փաստերի ստուգման գիտելիքն ու հմտությունները։ Աշխատաժողովների շարքին ընդհանուր առմամբ մասնակցել են 44 պետական կառավարման մարմինների և Ազգային ժողովի 112 ներկայացուցիչներ:
Մայիսի ամսին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Իրազեկ և ուժեղ երիտասարդություն» ծրագրի շրջանակում անցկացրեց «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթաց հայաստանյան բուհերի ուսանողների համար։ Դասընթացը նախատեսված էր հայաստանյան բուհերում սովորող ուսանողների համար՝ անկախ մասնագիտական ուղղությունից։ Առաջին փուլին (մայիսի 19-22) մասնակցեցին երևանյան, իսկ երկրորդ փուլին (մայիսի 25-27)՝ մարզային բուհերում սովորող երիտասարդները։ Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցեցին 50-ից ավելի երիտասարդներ։
Հունիսի 3-ին և 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր «Զրպարտություն, վիրավորանք, ատելության խոսք. ինչպես պաշտպանվել» թեմայով առցանց հանդիպումներ 50-ից ավելի մարզային և երևանյան լրագրողների համար։ Հանդիպումներն անցկացվել են Միջազգային մեդիա աջակցություն (International Media Support) կազմակերպության աջակցությամբ իրականացվող «ԶԼՄ-ների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
ՀՀ համայնքներում անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով 2021 թ․ օգոստոսին «Անձնական տվյալների պաշտպանությունը ՏԻՄ-երի համար» ծրագրի շրջանակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցկացրեց անցկացրեց քառօրյա վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերի 110 ՏԻՄ աշխատակիցների համար։ Վերապատրաստումն ԻԱԿ-ն իրականացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ։
2021 թվականի դեկտեմբերի 7,8,9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Open Ownership-ի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընկերությամբ իրականացրել է «Իրական շահառուների տվյալների ստանդարտի կիրառումը Հայաստանում» առցանց աշխատաժողով՝ ԶԼՄ-ների և ՔՀԿ 25 ներկայացուցիչների համար: Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան «իրական շահառու» հասկացությանը, սովորեցին ուսումնասիրել Հայաստանի իրական շահառուների հայտարարագրերը և տեսնել ժամանակի ընթացքում ընկերության հայտարարագրի փոփոխությունները, գտնել իրական շահառուների հայտարարագրերը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, հասկանալ, ներբեռնել, հավաքել և դիտել հայտարարագրերի տարբերակները json ձևաչափով, օգտագործել առկա տվյալները հետազոտության, վերլուծության և շահերի պաշտպանության նպատակով:
2021 թվականի դեկտեմբերի 17-ին և 18-ին, 2022 թվականի հունվարի 18-ին և 19-ին և հունվարի 26-ին և 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողով՝ 62 մասնավոր կազմակերպությունների 81 ներկայացուցիչների համար։ Աշխատաժողովի առաջին փուլում մասնակիցներն ուսումնասիրեցին մեդիագրագիտությանն ու ապատեղեկատվությանն առնչվող խնդիրներն ու դրանց ազդեցությունը գործարար ոլորտի վրա, ծանոթացան փաստերի ստուգման գործիքներին։ Դասընթացի առանձին հատված նվիրված էր իրական շահառուների թափանցիկության ապահովման կարգավորումներին։ Բիզնեսի ներկայացուցիչներին ներկայացվեց նաև ապատեղակատվության դեմ պայքարի առանձնահատկությունները հանրային կապերի, ինչպես նաև ձեռներեցությամբ զբաղվող ընկերությունների և գովազդատուների համագործակցության համատեքստում։
Մարտի 15-17-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպել էր «Փաստերի ստուգումը ուսուցիչների և դասախոսների համար» խորագրով աշխատաժողով։ «Փաստերի ստուգման լաբորատորիաներ դպրոցներում և բուհերում» ծրագրի շրջանակում կազմակերպված առցանց աշխատաժողովին մասնակցում էին 9 դասախոս և ուսուցիչ Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, Անատոլ Ֆրանսի անվան Լիցեից և թիվ 119 ավագ դպրոցից։
2022 թ․-ի ապրիլի 19-20-ը, 21-22-ը, 27-28-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր փաստերի ստուգման և ապատեղեկատվության դեմ պայքարի կարողությունների զարգացման դասընթաց ՏԻՄ ներկայացուցիչների համար։ Դասընթացին մասնակցել են Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի և Տավուշի մարզերի տարբեր համայնքների 126 ներկայացուցիչներ։ Դասընթացն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) հետ համատեղ իրականացվող «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, աջակցությամբ։
2023 թ․-ի հունվարի 10-ին, փետրվարի 21-ին և փետրվարի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր «Իրական շահառուների հայտարարագրում․ բիզնեսի ձայնը» խորագրով աշխատանքային հանդիպում- դասընթացներ իրական շահառուների հայտարարագրման թեմայով։ Հանդիպումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 123 բիզնես ներկայացուցիչ։ Դասընթացներն իրականացվել են Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից ֆինանսավորվող «Վերացնել կլեպտոկրատիան՝ զարգացնելով իրական շահառուների թափանցիկությունը» ծրագրի շրջանակում։
2023 թվականի մայիս-հունիս ամիսներին կազմակերպել է իրական շահառուների հայտարարագրման թեմայով խորհրդատվական հանդիպում-դասընթացների շարք բիզնես համայնքի ներկայացուցիչների համար։ Ընդհանուր առմամբ անցկացվել է 4 հանդիպում, որոնց մասնակցել են 120 ներկայացուցիչներ։ Դաընթացները իրականացվել են Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից ֆինանսավորվող «Վերացնել կլեպտոկրատիան՝ զարգացնելով իրական շահառուների թափանցիկությունը» ծրագրի շրջանակում։