Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Նախարարական եկամուտներ 2010

07.09.2011

2011թ.-ի օգոստոսի 30-ին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրեց ՀՀ բոլոր նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: Նշենք, որ ՀՀ Կառավարության “Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող` հրատարակման ենթակա տվյալների ցանկը և տրամադրման կարգը սահմանելու մասին” որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն` լրատվության միջոցը վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար տեղեկանք ստանալու նպատակով կարող է դիմել յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում: Ուստի, ԻԱԿ-ը ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից նախարարների 2010թ.-ի գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները կարող էր ստանալ միայն 2011թ.-ի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում: Չեն տրամադրվել միայն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տվյալները, քանի որ նա 2010թ.-ին որպես նախարար չի պաշտոնավարել, այլ եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն (նախարարի պաշտոնը ստանձնել է 2011թ.-ի հունվարի 1-ին): Ուստի, նախարարների եկամուտների տվյալները ներկայացված են 17 նախարարի հաշվարկով:

2010թ.-ի ընթացքում 17 նախարարներից 6-ը օտարել կամ ձեռք են բերել որևէ շարժական կամ անշարժ գույք: Այսպես, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ձեռք է բերել 1 շենք և շինություն: 1 շենք և շինություն է ձեռք բերել նաև Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: 2010թ.-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը օտարել են համապատասխանաբար «PRADO», «ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ» և «ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ» մակնիշի մեքենաներ` փոխարենը ոչինչ ձեռք չբերելով: Նշենք, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համապատասխանաբար «Մերսեդես C 180» և «PORSHE» մակնիշի ավտոմեքենաներ են օտարել նաև 2009թ.-ին և փոխարենը ոչինչ ձեռք չեն բերել: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը 2010թ.-ին 1 հողամաս է օտարել` փոխարենը ձեռք բերելով մեկ այլ հողամաս:

2010թ.-ին որևէ նախարար գույքով եկամուտ չի ունեցել: 2010թ.-ի ընթացքում արտարժույթով եկամուտ ունեցել են Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` 5000 ԱՄՆ դոլար, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` 781 ԱՄՆ դոլար, և Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը` 6602 ԱՄՆ դոլար:

2010թ.-ին նախարարներից ամենաշատ եկամուտն ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա եկամուտը կազմել է 326.543.484 դրամ, որը ավելի քան 100 անգամ գերազանցում է ամենաքիչ եկամուտը ստացած Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եկամուտը (3.071.600 դրամ): Հարկ է նշել, որ նախարարների ցուցակում Հարություն Քուշկյանն ամենաշատ եկամուտն է ունեցել նաև 2008 (381.607.396 դրամ) և 2009 (341.615.000 դրամ) թվականներին:

Առողջապահության նախարարին հաջորդում է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ում եկամուտը 2010թ.-ին կազմե է 103.250.403 դրամ: Բնապահպանության նախարարը երկրորդն է եղել նաև 2009թ.-ին` 131.061.616 դրամ եկամուտով: Ամենաշատ եկամուտ ստացած նախարարներից երրորդը Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է, ում եկամուտը 2010թ.-ին կազմել է 31.550.819 դրամ:

Ինչպես նշվեց, 2010թ.-ին ամենաքիչ եկամուտն ունեցել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` 3.071.600 դրամ: Նա ամենաքիչ եկամուտները ստացած նախարարների եռյակում է եղել նաև նախորդ 2 տարիների ընթացքում. 2009թ.-ին ունենալով 3.190.800 դրամ եկամուտ, իսկ 2008թ.-ին նրա ստացած 2.903.800 դրամ եկամուտը բոլոր նախարարների եկամուտներից ամենաքիչն է եղել: Հասմիկ Պողոսյանին հաջորդում են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` 3.592.020 դրամ եկամուտ, և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` 3.636.309 դրամ եկամուտ:

Մնացած նախարարների` 2010թ.-ին ստացած եկամուտների չափը տատանվում է 3.8-22.7մլն դրամի սահմաններում:

Գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացրած բոլոր 17 նախարարները միասին 2010թ.-ի ընթացքում ունեցել են 579.371.909 դրամ և 12.383 ԱՄՆ դոլար եկամուտ:
 

  1. Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան – 326.543.484 դրամ,
  2. Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան – 103.250.403 դրամ,
  3. Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան – 31.550.819 դրամ, ձեռք է բերել շենք և շինություն,
  4. Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան – 22.736.547 դրամ,
  5. Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան – 13.818.454 դրամ և 5000 ԱՄՆ դոլար, ձեռք է բերել շենք և շինություն,
  6. Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան – 12.527.855 դրամ,
  7. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյան – 12.062.000 դրամ, օտարել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոց «ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ»,
  8. Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան – 11.087.000 դրամ,
  9. Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյան – 7.675.000 դրամ, օտարել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոց «ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ»,
  10. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան – 6.666.552 դրամ, օտարել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոց «PRADO»,
  11. Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան – 6.417.310 դրամ և 781 ԱՄՆ դոլար,
  12. Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան – 6.313.880 դրամ,
  13. Քաղաքաշինության նախարար ՎարդանՎարդանյան – 4.548.444 դրամ և 6602 ԱՄՆ դոլար, ձեռք է բերել հողամաս, օտարել է հողամաս,
  14. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան – 3.874.232 դրամ,
  15. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան – 3.636.309 դրամ,
  16. Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան – 3.592.020 դրամ,
  17. Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան – 3.071.600 դրամ,

← Վերադառնալ ցուցակին