Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Մարզպետական եկամուտներ 2010

06.09.2011

2011թ.-ի օգոստոսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր մարզպետների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: Նշենք, որ ՀՀ Կառավարության “Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող` հրատարակման ենթակա տվյալների ցանկը և տրամադրման կարգը սահմանելու մասին” որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն` լրատվության միջոցը վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար տեղեկանք ստանալու նպատակով կարող է դիմել յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում: Ուստի, ԻԱԿ-ը ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից մարզպետների 2010թ.-ի գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները կարող էր ստանալ միայն 2011թ.-ի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում: 2010թ.-ի ընթացքում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զբաղեցրել է Ալավերդու քաղաքապետի պաշտոնը: Ուստի, նա գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացրել է վերոնշյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացած եկամուտների վերաբերյալ:

2010թ.-ի ընթացքում բոլոր 10 մարզպետներից ոչ ոք որևէ անշարժ կամ շարժական գույք չի օտարել, և միայն 2-ն են նոր գույք ձեռք բերել: Այսպես, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ձեռք է բերել հողամաս, իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը` շենք և շինություն:

2010թ.-ին որևէ մարզպետ արտարժույթով եկամուտ չի ունեցել: Գույքով եկամուտ է ունեցել միայն Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` 12.000.000 դրամի չափով:

2010թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը` 17.739.735 դրամ: Նրան շատ քիչ է զիջում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ում ստացած ընդհանուր` գույքով և դրամով եկամուտը կազմում է 17.661.420 դրամ: Հատկանշական է, որ Էդիկ Բարսեղյանն 2009թ.-ին ստացել է ամենաշատ եկամուտը` 3.764.690 դրամ:

2010թ.-ին ամենաշատ եկամուտ ստացած մարզպետներից երրորդը Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն է` 10.644.164 դրամ եկամուտով: Նշենք մեկ հետաքրքիր փաստ` Լոռու մարզպետները վերջին 3 տարիների ընթացքում միշտ գտնվել են ամենաշատ եկամուտ ստացած մարզպետների եռյակում. 2008թ.-ին Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանն առաջինն էր (35.070.600 դրամ), 2009թ.-ին` երկրորդը (3.088.000 դրամ), իսկ 2010թ.-ին Լոռու ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը կրկին առաջինն է (17.739.735 դրամ):

2010թ.-ին ամենաքիչ եկամուտն ունեցել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը` 2.282.200 դրամ: Նրան հաջորդում են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը` համապատասխանաբար 2.378.400 դրամ և 2.518.582 դրամ եկամուտներով:

Մնացած մարզպետների` 2010թ.-ի ընթացքում ստացած եկամուտների չափը տատանվում է 2.5-9մլն դրամի սահմաններում:

Բոլոր մարզպետները միասին 2010թ.-ին ունեցել են դրամ 71.611.493 եկամուտ, որից 12.000.000-ը գույքով:
 

  1. Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան – 2.518.582 դրամ,
  2. Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյան – 5.661.420 դրամ և 12.000.000 դրամ գույքով, ձեռք է բերել հողամաս,
  3. Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան – 3.966.000 դրամ,
  4. Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյան – 2.378.400 դրամ,
  5. Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան – 17.739.735 դրամ, ձեռք է բերել շենք և շինություն,
  6. Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան – 9.064.661 դրամ,
  7. Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան – 2.596.862 դրամ,
  8. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան – 2.759.469 դրամ,
  9. Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյան – 10.644.164 դրամ,
  10. Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան – 2.282.200 դրամ: 

← Վերադառնալ ցուցակին