Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը

11.04.2008

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակեց 105 լրագրողների հարցումների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքները լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության մասին։ Այստեղ կարող եք ծանոթանալ ուսումնասիրության ամբողջական տեքստին։

Հարցումներին մասնակցել է 105 լրագրող (Երեւանից 60 հոգի, ՀՀ մարզային լրագրողներ` 40 հոգի, օտարերկրյա լրատվամիջոցների թղթակիցներ` 5 հոգի):

Լրագրողները նշում են, որ պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը Հայատանում շարունակում է մնալ լուրջ խնդիր: Չնայած պաշտոնյաներն ընդունում են, որ տեղեկատվություն տրամադրելն իրենց պարտականությունն է, պրակտիկան ցույց է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը դեռեւս անբավարար է: Որպես հիմնական խոչընդոտ լրագրողները նշել են պետական պաշտոնյաների մտածելակերպը` 62%:

Պետական մարմիններում տեղեկատվության տրամադրման համար սահմանված մեխանիզմների բացակայությունը 57 լրագրողի (54.2%) կարծիքով խոչընդոտներից երկրորդն է: 44%-ը նշել է, որ լրագրողները չգիտեն իրենց իրավունքների մասին: Իսկ օրենսդրական ընթացակարգերի բացակայության պատճառը որպես տեղեկատվության տրամադրման խոչընդոտ համարում են 38 լրագրող կամ 36%: Նրանք նշում են, որ պետական մարմիններում չի գործում տեղեկատվության տրամադրման միասնական համակարգ։ Մի մարմնում այդ գործառույթն իրականացնոմ է հանրության հետ կապերի վարչությունիը, մյուսում` մամուլի ծառայությունը, երրորդում` քարտուղարությունը կամ աշխատակազմի ղեկավարը:

Լրագրողները փաստում են, որ չնայած տեղեկություններ ստանալու իրավունքը վերաբերում է յուրաքանչյուրին, պաշտոնյաները խտրականություն են դնում քաղաքացիների եւ լրագրողների միջեւ` 102 լրագրող կամ 97%: Խտրական վերաբերմունք է նկատվում նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ:

Հարցումների արդյունքներով 105 լրագրողներից 46%-ի կարծիքով ամենաբաց եւ հրապարակային պետական մարմին է Արտաքին գործերի նախարարությունը: Որպես փակ, տեղեկատվության առումով դժվարամատչելի գերատեսչություն են համարել Ազգային անվտանգության ծառայությունը (38%):

Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք թվում է, թե առավել մատչելի եւ հրապարակային պետք է գործեին հանրության համար, ըստ լրագրողների` փակ կառույցների թվում են: Լրագրողների ընդամենը 23 տոկոսն է կարծում, որ թաղապետարանից հեշտ է տեղեկատվություն ստանալը։

Ամենից հաճախ անօրինական մերժումները լրագրողները բողոքարկում են տվյալ պաշտոնյայի վերադասին` 62%: Դատարանին իրենց խախտված իրավունքների վերականգնումը վստահում են` 28%, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` 14.2%-ը:

Ուսումնասիրությունն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի ղեկավար՝ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյան։

← Վերադառնալ ցուցակին