Հրապարակումներ
Վերլուծություններ
«Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը խիստ խնդրահարույց է
28.10.2023
«Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ ՀՏ մասին օրենք) նախագիծը «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի նախագծի լրամշակված, սակայն դեռևս աշխատանքային տարբերակն է: Ի տարբերություն նախագծի նախորդ տարբերակի՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը (ՏԱ մասին օրենք) ոչ նախագծի ընդունմամբ ոչ թե ուժը կորցնում է, այլ շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչի պարագայում ՀՏ մասին օրենքի նախագծում որոշակիորեն պահպանված են ՏԱ գործող օրենքի որոշ դրույթներ: Այդուհանդերձ, ՀՏ մասին օրենքի նախագիծը շարունակում է լինել խնդրահարույց հետևյալ պատճառաբանությամբ.
- Նախագծի նախորդ տարբերակի վերաբերյալ Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը ներկայացրել էր տեղին դիտողություններ, որոնք ՀՏ մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակում հաշվի առնված չեն: Խնդրահարույց նորմերը պահպանելով՝ Նախագծում զուտ ներմուծել են ՏԱ գործող օրենքի նորմերը:
- ՏԱ մասին գործող օրենքի կարևոր կարգավորումնել տեղեկության տրամադրման սահմանափակման/մերժման, տեղեկության ազատ օգտագործման վերաբերյալ փոփոխվել են և խնդրահարույց են, էականորեն սահմանափակում են տեղեկություն հայցողի՝ ՏԱ գործող օրենքի համադրելի դրույթներով սահմանված և պրակտիկայում հաստատված իրավունքները:
- Որոշ դեպքերում նախագիծը դուրս եկել ՏԱ կարգավորման դաշտից և սկսել է կարգավորել անձնական տվյալների պաշտպանության կամ տեղեկությունների սահմանափակման այնպիսի դեպքեր, որոնք այլ օրենքների կարգավորման առարկա են. ընդ որում,նախագիծն անտեսում է ոլորտային օրենքներով արդեն իսկ սահմանված կանոնները: Առհասարակ օրենքի հիմքում այնպիսի գաղափարներ կան, որոնք ճիշտ չեն: Օրինակ, ՀՏ մասին օրենքի նախագիծն անձնական տվյալն ինքնին դիտում է որպես սահմանափակման ենթակա տեղեկություն, այնինչ ոչ Սահմանադրության 34 հոդվածը, ոչ ԱՏՊ մասին օրենքը անձնական տվյալն ինքնին գաղտնիք չեն համարում:
- ՀՏ մասին օրենքի նախագծի բովանդակությունից պարզ չէ նման ծավալուն փոփոխությունների նպատակը. թեև աշխատանքային քննարկումների ժամանակ նախագծի հեղինակները ներկայացրել են նպատակները (եթե ամփոփ, ապա նախագիծը նպատակ ունի կարգավորել տեղեկություն տնօրինողների կողմից տվյալների հետ վարվելու կանոնները տեղեկությունների ստացման/ձևավորման, գրանցան, դրանք դասակարգելու, պահպանելու համատեքստում, այլ կերպ ասած՝ տեղեկություն տնօրինողը պետք է իմանա, թե ինչ տեղեկություն ունի, ինչ հիմքով է ստացե կամ ձևավորել, ինչ ռեժիմ ունի, ինչ հիմքով է դասակարգված և ըստ այդմ իմանա և այլն): Այս նպատակներն առերևույթ այնպիսին են, որ պետք է ապահովեն բարենպաստ միջավայր տեղեկություն ստանալու իրավունքն իրականացնելու համար, սակայն ՀՏ մասին օրենքի նախագիծն ակնհայտորեն դուրս է եկել այս նպատակների շրջանակից և անդրադարձել է ՏԱ այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են ոչ թե իրավունքի իրացման մեխանիզմներին, այլ հենց իրավունքի սահմաններին՝ ընդ որում, ՏԱ գործող օրենքի հստակ կանոնների փոխարեն անորոշ, թյուրըմբռնումների տեղիք տվող և վտանգավոր ձևակերպումներով:
- ՀՏ մասին օրենքի որոշ դրույթներ ուղղակիորեն կրկնում են Էստոնիայի Հանրային տեղեկատվության ակտի կարգավորումները՝ առանց հաշվի առնելու, որ Էստոնիայի ներպետական օրենսդրությունը, ի տարբերություն Հայաստանի, ամբողջանում է ԵՄ կարգավորումներով և Եվրամիության դատարանի որոշումներով, ինչը կիրառելի չէ Հայաստանի դեպքում: Ըստ այդմ, ՀՏ մասին օրենքի նախագծում էստոնական օրենքից ուղղակիորեն փոխառված դրույթները իրենց էությամբ կիրառելի չեն Հայաստանի համար այնպես, որ չխախտվի տեղեկատվության ազատությա իրավունքը:
- Ընդհանուր առմամբ ՀՏ մասին օրենքի նախագիծը խնդրահարույց է, ունի ակնհայտ խնդրահարույց, ինչպես նաև առնվազն հարցեր առաջացնող դրույթներ գրեթե բոլոր հոդվածներում:
Ընդհանուր առմամբ առաջիկա աշխատանքային քննարկման ընթացքում առնվազն ակնկալում ենք, որ նախագծի հեղինակները կհստակեցնեն նախագծի նպատակները, ինչպես նաև, կանխատեսելով այդ նպատակները՝ գտնում ենք, որ այդ նպատակներին (տեղեկությունների ստացման և ձևավորման, դրանց գրանցման, դասակարգման, պահպանման, դրանց ստացման/ձևավորման և դասակարգման իրավական հիմքերի կարգավորման, այլ կերպ ասած՝ տեղեկություն ստանալու իրավունքն իրականացնելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու) հնարավոր է հասնել առանց ՏԱ գործող օրենքի հիմնական կարգավորումների ըստ էության փոփոխության և օրենքի այլ դրույթների առնվազն նվազագույն փոփոխություններով՝ միայն լրացնելով գործող օրենքը վերոնշյալի վերաբերյալ առանձին հոդվածով/բաժնով: