Հրապարակումներ
Վերլուծություններ
28 պետական կառավարման մարմիններից միայն 7-ն է կատարել օրենքի պահանջը
27.06.2023
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ կառավարության և դրա ենթակա պետական մարմինների պաշտոնական կայքերը՝ պարզելու, թե դրանցից քանիսն է կատարել օրենքի պահանջն ու պաշտոնական կայքում տեղադրել տեղեկություն ստանալու հարցումների 2022 թվականի վիճակագրությունը: Ընդհանուր պատկերը հուսադրող չէ․ ուսումնասիրված մարմինների միայն մեկ քառորդն է հրապարակել թարմացված վիճակագրական տվյալներ։
Հիշեցնենք՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ «եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը»:
Դիտարկումն իրականացվել է 2023 թվականի հունիսին։ Ուշադրության կենտրոնում են եղել 28 պետական մարմիններ. դիտարկվել են Վարչապետի աշխատակազմի, բոլոր նախարարությունների, կառավարության և վարչապետի ենթակա մարմինների կայքերը:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ օրենքով նախատեսված վիճակագրությունը հրապարակել է ընդամենը 7 գերատեսչություն՝ 5 նախարարություն և 2 տեսչական մարմին․
- Առողջապահության նախարարությունը,
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,
- Պաշտպանության նախարարությունը,
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին,
- Ֆինանսների նախարարությունը և
- Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Ի դեպ, վերջին երկուսը տվյալները հրապարակում են ամփոփել են ըստ ամիսների:
Մյուս բոլոր մարմինները օրենքի պանջը չեն կատաել․ կայքերում տեղեկություն ստանալու հարցումների վերաբերյալ վիճակագրություն կամ առկա չէ, կամ տեղադրված տվյալները թարմացված չեն։
Վերջին մեկ տարում տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության բաժինները չէին թարմացվել Վարչապետի աշխատակազմի, Արդարադատության, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության կայքերում:
Որոշ կայքերում (Կրթության տեսչական մարմնի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Պետական վերահսկողական ծառայության) «Վիճակագրություն» բաժիններն ամբողջովին դատարկ էին:
Իսկ Պետական վերահսկողական ծառայության կայքում առանձնացված էր 2022 թվականին ստացված տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության բաժինը, սակայն դեռևս տվյալներ հրապարակված չէին:
Որոշ գերատեսչություններ թեև ամփոփել են ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների, այլ գրությունների քանակական տվյալները, սակայն հրապարակված փաստաթղթերում առանձնացված չէ տեղեկություն ստանալու հարցումների թիվը: Այդպիսի կառուցների ցանկում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Արտակարգ իրավիճակների նախարարության և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կայքերում ևս վիճակագրության հատուկ բաժիններ կան, սակայն տեղեկություն ստանալու հարցումների վերաբերյալ թարմ տվյալներ առկա չեն:
Դիտարկումներից դուրս են մնացել Ներքին գործերի նախարարությունը և Պետական պահպանության ծառայությունը․ այս մարմինները դեռևս պաշտոնական կայքեր չունեն։
Այսպիսով՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիտարկումները ցույց են տալիս, որ տեղեկություն ստանալու հարցումների տարեկան վիճաագրության հրապարակման պահանջը ՀՀ նախարարությունների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների կողմից պատշաճ կերպով չի կատարվում: Հարկ է նշել, որ դիտարկումները վերաբերում են հարցի բացառապես տեխնիկական մասին. հրապարակվա՞ծ են, արդյոք, թարմ տվյալները, թե՞ ոչ։ Առանձին ուսումնասիրության կարիք ունի նաև հրապարակված վիճակագրության որակական կողմը, որը կարող է վեր հանել նաև տվյալների հավաքման և վիճակագրության վարման մեթոդաբանությանը, ինչպես նաև առանձին կառույցների վիճակագրությունների համադրելիությանն առնչվող խնդիրները։
Հիեցնենք, որ ՏԱ վիճակագրության վարման և հրապարակման միասնական պրակտիկան խթանելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2022 թ․-ին մշակել է տեղեկություն ստանալու հարցումերի վիճակագրության հրապարակման ձևանմուշ և տրամադրել Կառավարությանը։