Հրապարակումներ
Վերլուծություններ
Ինչ հիմքերով են մերժվում տեղեկություն ստանալու հարցումները
08.02.2021
Տեղեկություն ստանալու հարցումների առավել հաճախ կիրառվող մերժման հիմքերը պարզելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թվականի հունվարին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել պետական կառավարման 40 մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե տեղեկություն ստանալու քանի հարցում է մերժել կառույցը 2020թ. ընթացքում։ ԻԱԿ-ը խնդրել էր նաև հստակեցնել, թե տեղեկություն ստանալու հարցումներից քանիսն են մերժվել անձնական տվյալների, և քանիսը՝ պետական և/կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանության հիմքով։
Հարցման բովանդակությունը պատահական չէր ընտրված․ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները տարին առնվազն մեկ անգամ պարտավոր են հրապարակել ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը։
Ստացված պաշտոնական պատասխանները ցույց տվեցին, որ թեպետ մարմինները պատրաստակամ են հրապարակել հարցումների տարեկան ամփոփ վիճակագրությունը, սակայն չկան ընդհանուր ձևաչափեր և հրապարակման մեխանիզմներ, իսկ հարցումների ամփոփ վիճակագրության կազմումը յուրաքանչյուրն իրականացնում է յուրովի՝ հենվելով սեփական փորձի ու պատկերացումների վրա։
Հարցումների մերժման հիմքերի մասին ԻԱԿ-ի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պարզել, թե մերժված հարցումներից քանիսն են մերժվել անձնական տվյալների կամ պետական և/կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանության հիմքով։
Ընդհանուր առմամբ ուղարկվել է 40 հարցում 40 մարմին:
- ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Վարչապետի և Նախագահի աշխատակազմեր - 3 հարցում,
- ՀՀ նախարարություններ - 12 հարցում,
- ՀՀ Կառավարությանն առընթեր/Վարչապետին ենթակա մարմիններ -14 հարցում,
- ՀՀ մարզպետարաններ – 10 հարցում,
- Երևանի քաղաքապետարան- 1 հարցում։
2020 թվականին մերժված հարցումների վիճակագրություն ըստ 35 պետական կառավարման մարմինների տվյալների |
|
Մերժված հարցումներ ընդհանուր քանակ |
206 |
Անձնական տվյալների պաշտպանության հիմքով մերժված հարցումներ |
107, 52% (որից 36-ը՝ մասնակի մերժում) |
Պետական և/կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանության հիմքով մերժված հարցումներ |
81, 39% (որից 3-ը՝ մասնակի) |
Այլ հիմքերով մերժված հարցումներ |
18 կամ 9% |
Ուշադրություն։ Մերժման հիմքերին առնչվող վիճակագրությունը չի ներառում Ոստիկանության և ՊԵԿ-ի կողմից մերժված 260 հարցումները․ այս մարմինները մերժման հիմքերի մասին տեղեկություններ պատասխան գրությամբ չեն տրամադրել։ |
Անձնական տվյալների պաշտպանության հիմքով մերժվել է 107 հարցում (մերժումների կեսից ավելին կամ 52 տոկոսը)։ Անձնական տվյալների պաշտպանության հիմքով ամենից շատ հարցումները մերժել է Ֆինանսների նախարարությունը (18 հարցում):
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության հիմքով մերժվել է 81 հարցում (39 տոկոս), որից երեքը մերժվել է մասնակի (տեղեկատվություն տդրամադրվել է հարցերից մի մասի վերաբերյալ)։
2020 թ.-ի ընթացքում պետական և/կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանության հիմքով ամենից շատ հարցումներ մերժել է Պաշտպանության նախարարությունը (33 հարցում, ՊՆ մերժված հարցումների 79%-ը)։ Երկրորդ տեղում Վարչապետի աշխատակազմն է՝ մերժած 30 հարցումներից 23-ը կամ 77%-ը)։
Մեկ անգամ ևս հաստատելով նախկինում արված դիտարկումները՝ ԻԱԿ-ն առանձնացրել է մի քանի խնդիր, որոնք խոչընդոտում են ընդհանրապես հարցումների և մասնավորապես հարցումների մերժման հիմքերի վերաբերյալ միասնական վիճակագրության ստեղծմանը։ Հիմնական խնդիրը այն է, որ չկա ձևավորված միասնական պրակտիկա, մասնավորապես.
- Չնայած իրավական պահանջին՝ կառույցների մի մասը մերժման հիմքերի մասին առանձին հաշվառում չի իրականացնում։
- Մերժման հիմքերի մասին տեղեկությունների հավաքագրման գործընթացի տեխնիկական և բովանդակային մոտեցումները տարբեր կառույցներում տարբեր են։
- Կառույցների մի մասը իրականացնում է ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի մերժված հարցումների հաշվառում, մյուս մասը «մերժված»-ի կարգավիճակ տալիս է միայն ամբողջությամբ մերժված հարցումներին։
- Կան կառույցներ, որտեղ «մերժված»-ի կարգավիճակ չեն ստանում բոլոր այն հարցումները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացել են պատասխան։ Սա տվյալների համադրության ժամանակ հակասություն է առաջացում, քանի որ հիմնավոր մերժումը ինքնին պատասխանի տեսակ է։
Այս մասին ԻԱԿ-ի 2019 թվականի դիտարկումներին կարելի է ծանոթանալ այստեղ: