Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Պետական մարմինները շուրջ 156 միլիոն դրամ կամ 322 հազար դոլար են ծախսել ամանորի նախապատրաստությունների համար

30.01.2018

2018 թվականի հուվարի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցում էր ուղարկել բոլոր 18 նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին, Երևանի քաղաքապետարանին և կառավարությանն առընթեր 6 մարմնի՝ ամանորի ծախսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Ընդհանուր 27 մարմին:
Հարցման բովանդակությունը հետևյալն է.

«2017թ.-ի վերջին Ձեր գերատեսչության կողմից որքան գումար է ծախսվել .

  1. ամանորի շնորհավորական բացիկների,
  2. ամանորի նվերների (խնդրում ենք նշել նվերների տեսակը և քանակը)
  3. ամանորի ընդունելության կազմակերպման համար:

Խնդրում ենք յուրաքանչյուր ծախսի համար նշել՝ գումարը գերատեսչության 2017 թ.-ի պետական բյուջեից, թե՞ արտաբյուջետային միջոցներից է հատկացվել»:

Հարցումն ուղարկելու հաջորդ օրը ԻԱԿ-ը զանգել և բոլոր վերոնշյալ մարմիններից ճշտել է, որ հարցումները ստացվել են և համապատասխանաբար գրանցվել:

Հարցումն ուղարկելուց 13 աշխատանքային օր հետո՝ 30.01.2018-ի դրությամբ, բոլոր 27 մարմինները պատասխանել են հարցմանը: 

Ամենահետաքրքրական պատասխանը ՀՀ կառավարության աշխատակազմինն է. Պարզվում է ՀՀ վարչապետի ներկայությամբ ամանորի ընդունելության ծախսերը ներառված են հույժ գաղտնի, պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկում, հետևապես և մեզ չտրամադրեցին: Բանն այն է, որ Գնումների մասին օրենքում փոփոխություններից հետո երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ծախսերը չհրապարակվող տեղեկությունների մեջ մտան:
Իսկ ՀՀ վարչապետի ամանորի ընդունելության ծախսերի համար, ըստ ստացված պատասխանի, « միջոցներ են հատկացվել ՀՀ վարչապետի արարողակարգային ծախսերից, և դրանք ներառված են եղել գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հրապարակման ենթակա չեն»: ՀՀ կառավարությունը պետական բյուջեի «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի միջոցների հաշվին ձեռք է բերել 975 հատ ամանորի շնորհավորական բացիկ՝ 682,100 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: http://www.givemeinfo.am/hy/case/2331/:

Հարկ է նշել նաև ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված պատասխանների ժամկետների և ՏԱ պատասխանատուի աշխատանքի մասին: Նախ դեռևս անցյալ տարվանից այս մարմինը չէր պատասխանել ԻԱԿ-ի երկու հարցմանը և ՏԱ պատասխանատուն ներառվել էր ԻԱԿ-ի Սև ցուցակում: Այս հարցման հետ կապված այդպես էլ չստացվեց հեռախոսով կապնվել ՏԱ պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանի հետ, և միայն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ պատասխանը ստանալ:

Այսպիսով, ըստ ստացված արդյունքների, Ամանորի համար ամենաշատը ծախսել է Երևանի քաղաքապետարանը՝ 139,329,092 ՀՀ դրամ համայնքային բյուջեից, որից

  • 89,864,892 դրամը ծախսվել է սոցիալապես անապահով անձանց սոցիալական փաթեթներ տրամադրելու նպատակով. թվով 21738 հատ, 1 փաթեթի արժեքը 4134 դրամ,
  • 44,464,200 դրամը՝ Երևանի մանկապարտեզների թվով 40422 երեխայի համար նվեր-փաթեթներ պատրաստելու նպատակով. մեկ փաթեթի արժեքը 1100 դրամ,
  • Երևանի քաղաքապետարանում ամանորյա պաշտոնական ընդունելության կազմակերպման համար «Արիես քեյթրինգ սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր՝ 5 մլն դրամի չափով:
  • Իսկ Ամանորի շնորհավորական բացիկների համար, ըստ քաղաքապետարանի, համայնքային բյուջեից միջոցներ չեն ծախսվել: http://www.givemeinfo.am/hy/case/2333/:

Ամանորի շատ ծախսեր կատարած երկրորդ մարմինը Արտաքին գործերի նախարարությունն է. Նախարարությունը պատասխանում նշում է, որ ոչ բյուջետային միջոցներից (չնշելով, թե ինչպես են գոյանում ոչ բյուջետային միջոցները) ծախսվել է 4,403,460 ՀՀ դրամ, որից 337,260 դրամը հատկացվել է շնորհավորական բացիկներին, 2,860,700 դրամը՝ ընդունելությանը, 850,000 դրամ էլ հատկացվել է երաժշտական ծառայության մատուցմանը, իսկ 355,500 դրամը ծախսվել է զորամաս այցելելիս զինվորների համար 145 տուփ շոկոլադ գնելու նպատակով: http://www.givemeinfo.am/hy/case/2323/

ԱԳՆ-ին փոքր-ինչ զիջում է ՀՀ ոստիկանությունը, որը պետական բյուջեից 4,169,000 ՀՀ դրամ հատկացրել է աշխատակիցների երեխաների համար նվերներ գնելուն: Իսկ շնորհավորական բացիկների և ամանորի ընդունելության կազմակերպման համար գումար չի ծախսվել։ http://www.givemeinfo.am/hy/case/2336/

Հաջորդը Ազգային ժողովն է. ԱԺ-ն ամանորին նախապատրաստվել է՝ պետական բյուջեից ծախսելով 3,974,900 ՀՀ դրամ, որից 1,168,000 դրամը հատկացրել է շնորհավորական բացիկներին, իսկ 2,806,900 դրամը՝ ամանորի ընդունելության կազմակերպմանը: Պատասխանում նշված է, որ «ՀՀ ազգային ժողովն ամանորյա նվերների համար գումար չի ծախսել»: http://www.givemeinfo.am/hy/case/2332/:

Սակայն մեր լրագրող գործընկերները էլեկտրոնային գնումների կայքում՝ https://armeps.am/ppcm/public/contracts ուսումնասիրել են 2017թ.-ի դեկտեմբեր ամսին ՀՀ ազգային ժողովի կողմից կնքված պայմանագրերը և պարզել, որ պաշտոնական պատվիրակության ընդունելության համար ՀՀ Ազգային ժողովը ծախսել է շուրջ 44 137 ԱՄՆ դոլարին համարժեք 21185800 ՀՀ դրամ: ՍիվիլՆեթն այս ծախսերը ներկայացնում է որպես ամանորի ծախս, մանրամասները տես տեսանյությում:

Ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից 3,337,590 ՀՀ դրամ է հատկացրել ամանորի նախապատրաստություններին. նախարարությունը ամանորի բացիկներ չի գնել, իսկ նախարարության բյուջեից մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող աշխատակիցների երեխաների համար ձեռք է բերվել ներկայացման 470 տոմս «Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ից՝ 376,000 ՀՀ դրամով: Ամանորի կապակցությամբ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքում կազմակերպվել են միջոցառումներ՝ 3,299,990 ՀՀ դրամ արժեքով: http://www.givemeinfo.am/hy/case/2318/

Արտակարգ իրավիճաների նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպությունն ամանորի տոնակատարություների առիթով ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար ձեռք է բերել Ա. Խաչատրյան համերգասրահի ամանորյա ներկայացման 1801 տոմս՝ յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամ արժողությամբ, տոմսերի ընդհանուր արժեքը՝ 1,801,000 ՀՀ դրամ: Նախարարությունն Ամանորի շնորհավորական բացիկների համար գումար չի ծախսել, քանի որ «նախորդ տարիներից եղել է բացիկների մնացորդ, որն օգտագործվել է այս տարի»: Իսկ ԱԻՆ աշխատակիցների համար ամանորյա հյուրասիրությունը և միջոցառումը կազմակերպել է ԱԻՆ ճաշարանը շահագործող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն՝ սեփական նախաձեռնությամբ, իր միջոցներով: http://www.givemeinfo.am/hy/case/2314/

Մշակույթի նախարարությունը ամանորի նախապատրաստություններին հատկացրել է 770,000 ՀՀ դրամ: Նախարարությունը 500 հատ շնորհավորական բացիկին հատկացրել է 390,000 դրամ (1 հատը՝ 780 դրամ), իսկ 500 նվերի համար՝ զարդանախշով գաթա,  ծախսվել է 380,000 դրամ  (1 հատը՝ 760 դրամ): Նախարարությունը պատասխանում չի նշել, թե ինչ միջոցներից է հատկացվել գումարը: http://www.givemeinfo.am/hy/case/2325/

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն արտաբյուջետային միջոցներից 695,590 ՀՀ դրամ է հատկացրել միայն ամանորի ընդունելության կազմակերպմանը: Բացիկների և նվերների համար գումար չի ծախսվել: http://www.givemeinfo.am/hy/case/2330/

Ամանորին առավել համեստ է նախապատրաստվել Բնապահպանության նախարարությունը. մարմինը ծախսել է 385,000 ՀՀ դրամ. նախարարության կողմից ձեռք է բերվել 100 բացիկ՝ 60.000 դրամ ընդհանուր արժողությամբ, արտաբյուջետային միջոցներով պատվիրվել է բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրման համար գերատեսչական մեկ ոսկե մեդալ՝ 40.000 դրամ արժողությամբ: Պետական բյուջեից ընդունելության կազմակերպման համար ծախսվել է 285,000 դրամ:

Բնապահպանության նախարարությանը զիջում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը. շնորհավորական բացիկներ ձեռք բերելու համար ծախսվել է 201,500 ՀՀ դրամ: Ամանորի ընդունելություն չի կազմակերպվել, նվերներ ձեռք չեն բերվել: Նախարարությունը պատասխանում չի նշել, թե ինչ միջոցներից է հատկացվել գումարը: http://www.givemeinfo.am/hy/case/2315/

Ազգային անվտանգության ծառայությունը պետական բյուջեից 174.000 դրամ հատկացրել է միայն շնորհավորական բացիկներին, իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նույն նպատակով պետական բյուջեից 115,200 ՀՀ դրամ է ծախսել: http://www.givemeinfo.am/hy/case/2329/ 

Քաղաքաշինության պետական կոմիտեն պետական բյուջեից 90,000 ՀՀ դրամ է ծախսել շնորհավորական բացիկներ ձեռք բերելու նպատակով, իսկ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պետական բյուջեից 73,500 ՀՀ դրամ է հատկացրել 150 հատ շնորհավորական բացիկ գնելուն: http://www.givemeinfo.am/hy/case/2328/:

Կրթության և գիտության նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ պետական բյուջեից ծախսեր չեն կատարվել, սակայն ամանորի շնորհավորական բացիկները «նախարարության պաշտոնյաները յուրաքանչյուրն իր մասով գնել է իր անձնական միջոցներով», իսկ նախարարության աշխատակիցներին ամանորի նվերներ տրվել է արհմիության միջոցներից: Ընդունելություն չի կազմակերպվել: http://www.givemeinfo.am/hy/case/2324/

Ներքոնշյալ մարմիններն, ըստ իրենց տրամադրած պատասխանների,  ամանորին նախապատրաստվելիս գումար չեն ծախսել ո՛չ պետական բյուջեից, ո՛չ արտաբյուջետային միջոցներից.

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 
  • Առողջապահության նախարարությունը 
  • Արդարադատության նախարարությունը 
  • Գյուղատնտեսության նախարարությունը 
  • Սփյուռքի նախարարությունը 
  • Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 
  • Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը
  • Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 
  • Պետական գույքի կառավարման վարչությունը 
  • Պետական եկամուտների կոմիտեն 

Բոլոր մարմիններին ուղղված հարցումները և պատասխանները կարող եք գտնել givemeinfo.am կայքում:

Հարցման պատասխաններն ըստ ժամկետների

Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ գրավոր և էլեկտրոնային հարցումներին պատասխան տրվում է 5-օրյա ժամկետում:

Ամենաարագը՝ հարցումն ուղարկելուց 1 աշխատանքային օր անց, պատասխան է տրամադրել Արդարադատության նախարարությունը:

Ամենաուշը պատասխան են տրամադրել Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը (11 ախատանքային օր անց) և ԱԻՆ-ը(10 աշխատանքային օր անց): Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարության գրությունը թվագրված է հունվարի 24-ով, սակայն փոստային առաքմամբ ծրարի վրա նշված է հունվարի 27-ը, այսինքն պատասխանը գերատեսչությունից դուրս է եկել հունվարի 27-ին:

3 աշխատանքային օր հետո պատասխան է ստացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ Ոստիկանությունից և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

4 օր հետո հարցմանը պատասխանել են Սփյուռքի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները և Քաղաքաշինության պետական կոմիտեն:

Ամենից շատ պատասխանները տրամադրվել են հարցման 5-րդ օրը.Երևանի քաղաքապետարանը, ԱԺ-ն, Առողջապահության, Գյուղատնտեսության, Կրթության և գիտության, Ֆինանսների նախարարությունները, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը և Պետական գույքի կառավարման վարչությունը:

Ուշացած պատասխաններ են տրամադրել Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության հարցերի, Բնապահպանության նախարարությունները՝ 6 օր անց: Թեև Բնապահպանության նախարարության գրությունը թվագրված է հունվարի 17-ով, սակայն փոստային առաքմամբ ծրարի վրա նշված է հունվարի 19-ը, այսինքն պատասխանը գերատեսչությունից դուրս է եկել հունվարի 19-ին: Իսկ Մշակույթի նախարարության գրությունը թվագրված է հունվարի 26-ով, բայց նախարարությունը գրությունն էլեկտրոնային տարբերակով ուղարկել է  միայն հունվարի 29-ին:

Անհիմն է ՊՆ-ի պատասխանը. Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել անհրաժեշտ տեղեկության տրամադրման համար, քանի որ լրացուցիչ ուսումնասիրություն է անհրաժեշտ: Սակայն արդեն իսկ ծախսված գումարների մասին տեղեկատվությունը պետք է որ պատրաստ տեղեկությունների ցանկում լինի: Պատասխանը ստանալուց հետո, անմիջապես կհրապարակենք:

Ամփոփելով ստացված պատասխանները, ստացվում է, որ պետական 27 մարմին 156 201 932 ՀՀ դրամ կամ շուրջ 322 740 ԱՄՆ դոլար է ծախսել Ամանորի նախապատրաստման համար:
 

← Վերադառնալ ցուցակին