Հրապարակումներ
Վերլուծություններ
Տեղեկատվության ազատությունը 2014թ.-ին. ամփոփում
21.01.2015
ՏԱ հարցումներ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր ուղարկած տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության հիման վրա ամփոփել է 2014թ.-ի ընթացքում տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում։ Ուղարկված 193 հարցումներից.
- 113-ը (59%) ստացել են ժամանակին լիարժեք պատասխան,
- 38-ը (20%)` ուշացած լիարժեք պատասխան,
- 1 (1%) հարցման պատասխանվել է հիմնավոր հղումով,
- 3 (2%) հարցում օրինական մերժում է ստացել,
- 3 (2%) հարցում ստացել է անհիմն մերժում,
- 3 (2%) հարցում ստացել է թերի պատասխան,
- 8 (4%) հարցում` անհիմն պատասխան,
- 24 (12%) հարցում էլ մնացել է անպատասխան:
Հարկ է սակայն նշել, որ անպատասխան մնացած հարցումների մեծ մասի դեպքում տեղեկություն տնօրինողներն արդյունքում տրամադրել են պահաջվող տեղեկությունները` կրկնակի հարցում ուղարկելուց հետո: Որոշ դեպքերում տեղեկություն տնօրինողը հարցումը ստացած չի եղել տեխնիկական պատճառներով. այս հարցումները որպես կանոն էլեկտրոնային փստով ուղարկված հարցումներն են (4 հարցում):
2013թ.-ի համեմատ ժամանակին ստացված լիարժեք պատասխանների թիվն աճել է 16%-ով, ուշացածներինը նույնն է մնացել: Ընդհանուր առմամբ 2014թ.-ին ստացված լիարժեք պատասխանները կազմել են է 79%, այնինչ 2013թ.-ին լիարժեք պատասխանները 63% էին:
Աճել է լուռ մերժումների թիվը` 2013թ.-ի 8%-ի դիմաց 2014թ.-ին 12% է: Սակայն, եթե հաշվի առնենք արդյունքում պատասխան ստացած հարցումները, ապա արդյուքնում անպատասխան մնացած հարցումների (լուռ մերժումների) քանակը 2013թ-ին եւ 2014թ.-ին գրեթե մնացել է նույնը:
Լիարժեք պատասխանների հաշվին 2014թ.-ին նվազել են անհիմն մերժումների, եւ թերի պատասխանների թվերը` 2013թ.-ի համեմատ համապատասխանաբար 6% եւ 8%-ով: Անհմն պատասխանների համամասնությունը մնացել է նույնը` 4%:
ԻԱԿ-ի հարցումները հիմնականում անպատասխան են թողել տեղական ինքնակառավարման մարմինները (7 հարցում):
Հարցումներով խնդրվել է բազմազան տեղեկատվություն` մի մասը ԻԱԿ-ին դիմած քաղաքացիներին եւ գործընկերներին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար, մյուս մասն էլ հանրային պոտենցիալ կարեւոր նշանակություն ունեցող (կոռուպցիոն երեւույթներ, պետական ռեսուրսների անարդյունավետ կառավարում բացահայտող) տեղեկություններ:
Նոր նախագիծ` ՏԱ եւ հրապարակայնության ինդեքս
ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ հրապարակայնության մակարդակը պարբերաբար գնահատելու համար համար Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն 2014թ.-ին մշակել եւ գործարկել է Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսը: Մշակված հիսուներեք չափանիշների հիման վրա 2014թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները գնահատել եւ այդուհետ ամեն տարի գնահատելու են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ տեղեկատվության ազատության մակարդակը եւ կազմելու են Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ամենամյա ինդեքսը։ Գնահատման չափանիշները բաժանվում են երեք հիմնական խմբի:
- “Տեղեկատվության ազատության իրավունք” – Տեղեկատվության ազատության իրավունքը հրապարակայնության եւ թափանցիկության ինքնուրույն ցուցանիշ է, այն մատնանշում է, թե որքանով է տեղեկություն տնօրինող մարմինը պատշաճ վերաբերվում հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու իր պարտականությանը:
- “Հրապարակայնության/մատչելիության ապահովում տեղեկատվություն տնօրինողի սեփական նախաձեռնությամբ” – Պետության պատրաստակամությունը եւ ձգտումը գնահատվում են պետության գործողություններով, այն է` սեփական նախաձեռնությամբ հրապարակայնության ապահովմամբ:
- “Աշխատակազմ եւ աշխատաոճ” – Ինդեքսի այս բաժինը գնահատում է տեղեկատվություն տնօրինող մարմնի ռեսուրսների պատշաճությունը չափանիշների երկու հիմնական խմբով` ունի արդյոք տեղեկատվություն տնօրինող մարմինը բավարար մարդկային (մասնագիտական) ռեսուրսներ, կրթված վերապատրաստված աշխատակիցներ, եւ որքանով է տեղեկատվություն տնօրինող մարմինն օգտագործում հրապարակայնության ապահովման տարբեր գործիքներ:
Գնահատման արդյունքում հնարավոր է ստանալ առավելագույնը 100 միավոր, որն էլ համապատասխանում է հրապարակայնության եւ թափանցիկության 100%-ին: 2014թ.-ին գնահատվել են ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության եւ ՀՀ ԱԺ աշխատակազմերը, ՀՀ բոլոր նախարարությունները, ՀՀ բոլոր մարզպետարանները, ՀՀ կառավարությանն առընթեր բոլոր մարմինները` ընդհանուր առմամբ 37 մարմին:
Լավագույններն են`
- ՀՀ տարածքային կառավարման նախարարություն – 81%,
- ՀՀ Արմավիրի մարզպետարան – 80%,
- ՀՀ արդարադատության նախարարություն – 78%,
- ՀՀ Սյունիքի մարզպետարան – 77%,
- ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան – 77%:
Վատագույններն են`
- Ազգային անվտանգության ծառայություն – 31.5%,
- Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե – 37.5%,
- Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն – 41%:
ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության եւ ՀՀ ԱԺ աշխատակազմերը հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսի շրջանակում ստացել են միջինից ցածր միավորներ` ՀՀ Նախագահի աշխատակազմի հրապարակայնության եւ թափանցիկության ցուցանիշը 47.5 միավոր է, ՀՀ ԱԺ աշխատակազմինը` 45.5 միավոր, ՀՀ կառավարության ցուցանիշը` 55.5 միավոր:
Նախարարությունները եւ մարզպետարանները ստացել են ամենաբարձր միավորները: Գնահատված 37 մարմինների 18-ը նախարարություններն են, ուստի նախարարությունները բաշխված են ամբողջ ցուցակով, գտնվում են եւ առաջատարների շարքերում, եւ միջին միավոր ստացած մարմիններից են, կան նաեւ նախարարություններ, որոնք ստացել են միջինից ցածր միավոր: Առավել տպավորիչ է մարզպետարանների ցուցանիշը. 10 մարզպետարանից 3-ը (Արմավիրի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզպետարաններ) գտնվում են ամենաբարձր միավորներ ստացած մարմինների հնգյակում, նաեւ, որեւէ մարզպետարան չի հայտնվել վատագույնների տասնյակում:
Կառավարությանն առընթեր 6 մարմիններից 3-ը վատագույններն են գնահատման արդյունքում: Սակայն այս դեպքում խոսքը չի գնում տեղեկությունը թաքցնելու կամ չտրամադրելու, ապօրինի մերժումների մասին: Գնահատման ընթացքը ցույց տվեց, որ այս մարմինները նույնպես պատրաստ են կոմունիկացիային, խորհուրդներ եւ եզրակացություններ լսելուն, պատրաստ են համագործակցության, սակայն բացակայում են դրանց հիմքերը: Օրինակ, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ինդեքսի 3-րդ (աշխատակազմ եւ աշխատաոճ) բաժնի հարցերի արդյունքում հնարավոր 20 միավորից հավաքել է 3.5 միավոր. կոմիտեն չունի տեղեկատվության ազատության համար պատասխանատու առանձին պաշտոնյա, չունի նաեւ տեղեկատվության եւ/կամ հասարակայնության հետ կապերի առանձին բաժին, հետեւաբար չունի նաեւ համապատասխան աշխատակիցների ատեստավորում եւ վերապատրաստում, չունի թեժ գիծ, չունի տեղեկատվության տրամադրման կարգ, չունի քաղաքացիների ընդունելության մատչելի կարգ, չի հրապարակել իր գործունեության կամ կոնկրետ գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ եւ հաշվետվություններ, չի նախաձեռնել իր գործունեության կամ կոնկրետ գործողությունների վերաբերյալ մամուլի ասուլիսներ կամ այլ հանդիպումներ:
ԻԱԿ-ը տեղեկություն տնօրինող մարմինների հրապարակայնությունը եւ թափանցիկությունը գնահատելու է ամեն տարի: 2015թ.-ին գնահատվելու է 2014թ.-ի սեպտեմբերի 28-ից հետո մինչեւ 2015թ.-ի սեպտեմբերի 28-ը (ՏԱ միջազգային օրը) ընկած ժամանակահատվածում տեղեկություն տնօրինող մարմնի գործունեությունը ՏԱ ոլորտում, իսկ Ինդեքսի արդյունքները նաեւ հիմք են լինելու ԻԱԿ-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՏԱ ոլորտում լավագույն եւ վատագույն մարմիններ ընտրելու համար:
Դատական գործեր
2014թ.-ը ՏԱ դատական պրակտիկայում ԻԱԿ-ի համար նոր դիրքորոշումների եւ ռազմավարական պայքարների տարի էր: Տեղեկություն ստանալու իրավունքի խախտումը ճանաչելու մասին հայցապահանջները դատարանների կողմից մերժվել են. դատարանները մեկնաբանել են, որ նման հայցապահանջ չի կարող ներկայացվել վարչական դատարաններին: 2014թ.-ի ընթացքում դեռ շարունակվում են ԻԱԿ-ն ընդդեմ ԱԱԾ-ի գործը (ՍԴ), ԻԱԿ-ն ընդդեմ Կադաստրի գործը (Վճռաբեկ դատարան), ԻԱԿ-ն ընդդեմ “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի գործը (Վերաքննիչ դատարան, 2-րդ քննություն), ԻԱԿ-ն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ի գործը (Վարչական դատարան):
ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության գործով կողմերը հաշտության են եկել, սակայն դատարանը դեռ չի հրապարակել իր որոշումը:
2015թ.-ի սկզբում էլ ԻԱԿ-ը 5 նոր դատական գործ է նախապատրաստել, որոնք այժմ գտնվում են ընդունելության փուլում: Գործերից 4-ը ԻԱԿ-ի ՏԱ հարցումների հիման վրա են, իսկ 1-ը` լրագրող Արման Սուլեյմանյանի հետ համագործակցության արդյունքում լրագրողի ՏԱ իրավունքը պաշտպանելուն ուղղված գործ: ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործերը հիմնված են ԻԱԿ-ի կողմից ուղարկված տեղեկություն ստանալու հարցումների վրա. ԻԱԿ-ը դատարան ներկայացված հայցերով վիճարկում է կամ իր հարցմամբ խնդրված տեղեկության տրամադրման մերժումը, կամ հարցման պատասխանի բացակայությունը: Լրագրող Արման Սուլեյմանյանի հետ համագործակցության դեպքում դատական գործ նախաձեռնելու հիմքը մի փոքր այլ է. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում լրագրողին արգելել են տեսանկարահանել դռնբաց դատական գործով դատարանի որոշման եզրափակիչ մասը: Ուստի, այս դեպքում վիճարկվում է դատարանի (դատավորների) գործողությունների իրավաչափությունը: