Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Նախարարությունները պատասխանում են էլեկտրոնային հարցումներին

10.06.2014

2014թ.-ի մայիսին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներով դիմեց ՀՀ բոլոր նախարարություններին: Էլեկտրոնային հարցումներն ուղարկվել են էլեկտրոնային այն հասցեներին, որոնք նշված են ՀՀ կառավարության www.gov.am կայքի` տվյալ նախարարության համապատասխան բաժնում: Հարցումներին պատասխանել են 18 նախարարություններից 17-ը: Պատասխան չի ստացվել ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ընդ որում, ՀՀ գյուղատնտեսության, սփյուռքի եւ քաղաքաշինության նախարարություններից պատասխան ստացվել է այն բանից հետո, երբ սույն վերլուծությունը հրապարակվել էր: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, արձագանքելով այս հոդվածին, ԻԱԿ-ին հայտնեց, որ պատասխան գրությունն ուղարկվել է 2014թ.-ի մայիսի 23-ին, էլեկտրոնային փստի միջոցով, սակայն այն հնարավոր չէր եղել հասցնել ԻԱԿ-ին տեխնիկական պատճառներով, ինչը պարզվել է պատասխանի բացակայության մասին այս վերլուծությունից տեղեկանալուց հետո:

16 նախարարություններն ԻԱԿ-ի հարցմանը տրամադրել են լիարժեք պատասխան: Որեւէ թերի կամ անհիմն պատասխան, անհիմն մերժում կամ անգամ հղումով պատասխան չի տրամադրվել:

Հարցմամբ խնդրել էինք հայտնել հետեւյալ տեղեկությունները.

  1. Իրականացնու՞մ է արդյոք նախարարությունը ստացած էլեկտրոնային հարցումների հաշվառում,
  2. Եթե այո, ապա քանի՞ էլեկտրոնային հարցում է ստացել նախարարությունը 2013թ.-ին:

Տրամադրված պատասխանները վկայում են, որ 2013թ.-ին ամենաքիչ էլեկտրոնային հարցումները ստացել է ՀՀ տարածքային կառավարման նախարարութունը` 6 էլեկտրոնային հարցում: Ամենաշատ էլեկտրոնային հարցումները ստացել է ՀՀ արդարադատության նախարարությունը` 600 էլեկտրոնային հարցում: Ընդ որում, այս հարցումները ստացվել են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեներին` press@moj.am եւ info@moj.am, սակայն նախարարի, նրա տեղակալների եւ նախարարության այլ աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին 2013թ.-ին նույնպես ստացվել են հարցումներ, որոնց վիճակագրութունը նախարարությունը չի իրականացնում:

Որոշ նախարարությունների պատասխաններից բխում է, որ թեեւ տվյալ նախարարությունն իրականացնում է էլեկտրոնային տարբերակով ստացված հարցումների հաշվառում, սակայն դա անում է էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումների հետ համատեղ, ուստի էլեկտրոնային եղանակով ստացված հարցումների թվի մասին առանձին տվյալ հնարավոր չի եղել ներկայացնել: Այսպես, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 2013թ.-ին նախարարության թեժ գծի էլեկտրոնային հասցեին ստացվել է 435 դիմում եւ հարցում, նմանապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2013թ.-ին ստացել է 207 դիմում եւ հարցում, որոնցից 102-ը` secretariat@mineconomy.am, իսկ 105-ը` press@mineconomy.am էլեկտրոնային հացսեներով:

ՀՀ բնապահպանության նախարարությունն, օրինակ, իր պատասխանում նշել է էլեկտրոնային տարբերակով ստացած գրությունների ընդհանուր թիվը` 501, սակայն առանձնացրել է, որ նշված 501 գրությունից 96-ն է հարցում:

Որպես դրական օրինակ՝ հարկ է առանձնացնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանը: Նախարարությունը հայտնել է, որ 2013թ.-ին ստացել է 26 էլեկտրոնային հարցում, իսկ 2014թ.-ի մայիսի 21-ի դրությամբ` եւս 13 հարցում: Նախարարությունը առդիր 4 էջով ներկայացրել է յուրաքանչյուր հարցման մասին տեղեկություն` նշելով ուղարկողին (լրատվամիջոցի կամ իրավաբանական անձի դեպքում նշվել է անվանումը, քաղաքացու դեպքում անունը եւ ազգանունը չի նշվել, այլ նշվել է «քաղաքացի» բառը), հարցան վերնագիրը, գրանցման ամսաթիվը, պատասխանի վերջնաժամկետը եւ պատասխանի ամսաթիվը: Այս եւ մնացած բոլոր հարցումների պատասխանները հասանելի են ԻԱԿ-ի www.givemeinfo.am կայքում:

Համեմատություն

Էլեկտրոնային հարցումների վերաբերյալ նույնանման հարցումներ ԻԱԿ-ը նախարարություններին ուղարկել էր նաեւ 2013թ.-ին` ստանաու համար նախարարությունների կողմից 2012թ.-ի ընթացքում ստացած էլեկտրոնային հարցումների թիվը:

Ինչպես նշեցինք, 2013թ.-ին ամենաքիչ էլեկտրոնային հարցումները ստացել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը` 6 էլեկտրոնային հարցում: 2012թ.-ին նույն նախարարությունը ստացել էր 25 էլեկտրոնային հարցում` ավելի քան 4 անգամ ավել, քան 2013թ.-ին: Իսկ 2013թ.-ին ամենաշատ` ավելի քան 600 էլեկտրոնային հարցում ստացած ՀՀ արդարադատության նախարարությունը 2012թ.-ին էլեկտրոնային տարբերակով ստացել էր ընդամենը 90 գրություն, ընդ որում, նախարարությունը հայտնել էր, որ 2012թ.-ի էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառումն իրականացվել է ընդհանուր սկզբունքով, ուստի 90-ը եւ՛ հարցումների, եւ՛ դիմումների ընդհանուր թիվն էր: Ստացվում է, որ 2012թ.-ին ՀՀ արդարադատության նախարարության ստացած էլեկտրոնային հարցումների եւ դիմումների գումարային թիվը ավելի քան 6 անգամ քիչ է, քան 2013թ,-ին ստացած միայն հարցումների թիվը:

Ժամկետները

Հարցմանը պատասխանած 15 նախարարություններից միայն 2-ն են ուշացրել պատասխանը, այսինքն պատասխանել են օրենքով սահմանված 5-օրյա ժամկետից հետո: Այսպես, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել է էլեկտրոնային փոստի միջոցով` հարցումն ուղարկելուց 10 օր անց, իսկ ՀՀ արտակարգ իրավիճանկերի նախարարությունը` ժամկետների առումով վատագույնն է` ԻԱԿ-ի հարցմանը պատասխան տրամադրել է հարցումն ուղարկելուց 11 օր հետո: Մնացած 12 նախարարությունները ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել են 2-4 օրվա ընթացքում: Ժամկետների առումով լավագույնը ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններն են, որոնք ԻԱԿ-ի հարցմանը լիարժեք պատասխան են տրամադրել հարցումն ուղարկելուց 2 օր անց:

ԻԱԿ-ը գտնում է, որ թեեւ սահմանված է 5-օրյա ժամկետ, սակայն էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունները պետք է փորձեն առավել սեղմ ժամկետներում արձագանքել՝ ինչպես դա արվել են վերջին երկու նախարարությունները։

Պատասխանների կրիչը

Թեեւ ԻԱԿ-ը բոլոր հարցումներն ուղարկել էր էլեկտրոնային փոստով, սակայն դրանց մեծ մասին պատասխան տրամադրվել է ավանդական թղթային տարբերակով: Պատասխանած 14 նախարարություններից միայն 7-ն են հարցմանը պատասխանել էլեկտրոնային փոստի միջոցով: Երկու նախարարություն հարցմանը պատասխանել է եւ՛ էլեկտրանային, եւ՛ թղթային տարբերակով: Մնացած 5 նախարարությունները ԻԱԿ-ի էլեկտրոնային հարցմանը տրամադրել են փոստային ծառայությամբ ուղարկված թղթային տարբերակով պատասխան:

Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ չկան ընթացակարգեր էլեկտրոնային հարցումները եւ դիմումները գրանցելու եւ դրանց էլեկտրոնային տարբերակով պատասխանելու համար: Էլեկտրոնային հարցումների հարցը կարգավորված չէ նաեւ ՏԱ մասին օրենքով, ուստի ԻԱԿ-ին պատշաճ պատասխան տրամադրելու համար տեղեկություն տնօրինողները նախընտրում են էլեկտրոնային հարցումներին պատասխանել թղթային, կամ նաեւ թղթային տարբերակով:

← Վերադառնալ ցուցակին