Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

ԻԱԿ-ի 2012 թվականի հարցումների վերլուծություն

28.05.2013

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ինչպես նաեւ ԻԱԿ-ին դիմած քաղաքացիների` տեղեկություն ստանալու հարցումները եւ դրանց ի պատասխան ներկայացված գրությունները եւ կից փաստաթղթերը տեղադրվում են ԻԱԿ-ի www.givemeinfo.am կայքում՝ այդպիսով կազմելով ՏԱ հարցումների վիճակագրություն:

Պատկերն ըստ մարմինների

2012թ.-ի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու 327 հարցում է ուղարկել տեղեկություն տնօրինող տարբեր մարմիններին: Որպես կանոն` հարցումներն ուղարկվել են փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Մի քանի դեպքում հարցումները ներկայացվել են առձեռն:

2012թ.-ին ամենաշատ հարցումներ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուղարկել է ՀՀ նախարարություններ` 91 հարցում: Սա կազմում է ընդհանուր 2012թ.-ին ուղարկված 327 հարցումների 27.8%-ը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներ ուղարկել է նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ` 64 հարցում, ինչը կազմում է ընդհանուր հարցումների 19.6%-ը: Եվս 58 հարցում կամ ընդհանուր հարցումների 17.7%-ն ուղղվել են ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններ եւ պետական հիմնարկներ` ՊՈԱԿ-ներ, գործակալություններ, տեսչություններ եւ այլ:

Պետք է հաշվի առնել, սակայն, որ 91 հարցումն ուղարկվել է 18 նախարարություններ, այսինքն 1 նախարարությանն ուղարկվել է միջինը 5 հարցում: Նույն կերպ` 64 հարցումներն ուղարկվել են շուրջ 49 քաղաքապետարաններ, իսկ 59 հարցումներն ավելի քան 30 մարմին: Որպես տեղեկություն տնօրինող առանձին մարմնի` ԻԱԿ-ը բավական շատ հարցումներ է ուղարկել նաեւ ՀՀ Ազգային ժողով` 7 հարցում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնից 2012թ.-ին ամենաշատ հարցումներ ստացել է Երեւանի քաղաքապետարանը` 10 հարցում:

2012թ.-ին ուղարկված 327 հարցումներից լիարժեք պատասխան է ստացել 212-ը, այսինքն հարցումների 64.8%-ը, մյուս կողմից, հարցումներից 51-ը կամ 15.6%-ը մնացել է անպատասխան: Համեմատության համար նշենք, որ 2011թ.-ին ԻԱԿ-ի իրականացրած մշտադիտարկման շրջանակներում ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցումներ էր ուղարկել տեղեկություն տնօրինող մարմիններին, որոնց շուրջ 30%-ն էր մնացել անպատասխան (տես` http://foi.am/hy/research/item/893/): Այս ցուցանիշը փոքր տարբերությամ կրկնվել է նաեւ նախորդ տարիներին, մասնավորապես 2004թ.-ին ԻԱԿ-ի իրականացրած մշտադիտարկման շրջանակներում լուռ մերժումների թիվը կազմել էր 36% (տես` http://foi.am/hy/research/item/344/): Այսինքն, 2012թ.-ին նախորդ տարիների համեմատ լուռ մերժումների թիվը կրճատվել է 2 անգամ (լուռ մերժումների վերաբերյալ ավելի մանրամասն տես` սույն վերլուծության “Լուռ մերժումներ” բաժնում):

2012թ.-ին ուղարկված հարցումներից 12-ը (3.7%) ստացել է հիմնավոր հղումով պատասխան, եւս 3 հարցում (0.9%) ստացել է օրինական մերժում: Հարցումներից 7-ին (2.1%) տրամադրվել է անհիմն պատասխան, 38 (11.6%) հարցում ստացել է թերի պատասխան եւ 4 (1.2%) հարցում անհիմն մերժվել է: Այսպիսով, ընդհանուր առմամբ 2012թ.-ին ուղարկված 327 հարցումների 69.4%-ը ստացել է ըստ օրենքի պատասխան, այսինքն արձանագրվել է դրական արդյունք, իսկ 30.6%-ը՝ բացասական` ստացել են լուռ մերժում կամ օրենքին չհամապատասխանող պատասխան:

Լուռ մերժումներ

Թեեւ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը գործում է արդեն շուրջ 10 տարի, իսկ տեղեկատվության ազատության իրավունքը զարգանում է, եւ այդ իրավունքի կիրառման պարկտիկայում նկատվում է դրական միտում, սակայն, ինչպես տեսանք, այսօր էլ ՏԱ ոլորտում մեծ խնդիր են մնում լուռ մերժումները, ինչպես նաեւ ոչ լիարժեք, թերի պատասխանները:

2012թ.-ին ուղարկված բոլոր հարցումներից 51-ը (15.6%) մնացել է անպատասխան: Ինչպես նշեցինք, լուռ մերժումների թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել է շուրջ 2 անգամ: Սակայն, լուռ մերժումների թիվը կրճատվում է` փոխարինվելով ոչ միայն լիարժեք պատասխաններով, այլ մեծամասամբ թերի կամ անհիմն պատասխաններով կամ անհիմն մերժումներով: Այսինքն, նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնեղ տեղեկությունները եւ անպատասխան էին թողում տեղեկատվություն ստանալու հարցումը: Այսօր արդեն պաշտոնյայի համար խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափող, ոչ ըստ էության պատասխան, կամ էլ կամայական հիմնավորմամբ փորձում է մերժել հարցումը: Այսինքն, պաշտոնյան հարցմանը արձագանքում է, ստացվում է, թե պաշտոնյան պատասխանել է հարցմանը, սակայն իրականում ըստ էության խուսանավում է՝ չտրամադրելով պահանջված խնդրահարույց տեղեկատվությունը: Հարկ է նաեւ նշել, որ լուռ մերժումների թվի կրճատման հավանական պատճառներից մեկն էլ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի մասին պաշտոնյաների իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: Միայն ԻԱԿ-ի իրականացրած ուսուցումների շնորհիվ 2003-2012թ.թ.-ի ընթացքում 2763 պաշտոնյա ստացել է գիտելիք եւ հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ: Վերոնշյալից բխում է, որ տեղեկություն տնօրինող պաշտոնյաներն արդեն գիտակցում են հարցումներն անպատասխան թողնելու արատավոր պրակտիկայի բացասական հետեւանքները, այն է` բաց եւ թափանցիկ աշխատելու մշակույթը թեեւ ամբողջությամբ ձեւավորված չէ, սակայն որոշ չափով իր տեղը գտել է պաշտոնյաների գործելաոճում:

Թեեւ լուռ մերժումների թիվը 2012թ.-ին 2 անգամ կրճատվել է նախորդ տարիների համեմատ, սակայն հարկ է նշել, որ սա դեռեւս ամբողջությամբ ցույց չի տալիս տեղեկատվության ազատության իրավունքի զարգացման իրական տեմպերը եւ միտումները Հայաստանում: Բանն այն է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ավելի քան 10 տարի է, ինչ զարգացնում է ՏԱ իրավունքը եւ պաշտպանում այն, նաեւ` ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաների գործողությունները դատական կարգով բողոքարկելով: Արդեն եզակի չեն դեպքերը, երբ դատարանը վարչական պատասխանատվության` տուգանքի է ենթարկել տեղեկություն տնօրինող մարմնի ղեկավարին` ՏԱ իրավունքը խախտելու համար (տես` http://foi.am/hy/all-cases/item/494/ եւ http://foi.am/hy/all-cases/item/962/): ԻԱԿ-ի գործունեությունն ի գիտություն ընդունելով` պաշտոնյաներն ավելի զգոն եւ հետեւողական են ԻԱԿ-ի հարցումներին պատասխանելիս, եւ այսպես ավելի քիչ թվով հարցումներ են անպատասխան մնում: Պատկերը կարող էր այլ լինել, եթե տեղեկություն խնդրողը հասարակ քաղաքացի լիներ:

Թերի պատասխաններ

2012թ.-ին ԻԱԿ-ը ստացել է 38 (11.6%) թերի պատասխան: Պատասխանների վերլուծությունը ցույց տվեց, որ թերի պատասխաններ հիմնականում ստացվում են 3 դեպքում.

  1. Երբ տեղեկություն տնօրինողը վստահ չէ՝ կարող է արդյոք տրամադրել խնդրվող տեղեկությունը,
  2. Երբ տեղեկություն տնօրինողը փորձում է թաքցնել այս կամ այն տեղեկությունը,
  3. Երբ հարցումը պարունակում է մի քանի տեղեկություններ տրամադրելու խնդրանք, եւ խնդրվող տեղեկություններից մեկը կամ մի քանիսը դուրս են մնում տեղեկություն տնօրինողի ուշադրությունից:

Առաջին դեպքի վառ օրինակ են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումները ուղղված ՀՀ նախարարությունների թվով 30 առանձնացված ստորաբաժանումներին՝ տեսչություններին, գործակալություններին, նախարարությունների ենթակայության տակ գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպություններին եւ պետական հիմնարկներին: 2012թ.-ի մայիսի 29-ի գրավոր հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրել էր տրամադրել տեղեկություններ տվյալ մարմինների աշխատակիցների ստացած պարգեւատրումների վերաբերյալ` ներառյալ` ովքե՞ր են պարգեւատրվել (ըստ հաստիքների) եւ ինչքա՞ն գումարով (ի՞նչ նվերով): 30 հարցումներից մոտ կեսի` 14 հարցման դեպքում ԻԱԿ-ը ստացել էր թերի պատասխան: Տեղեկություն տնօրինողները ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունների (ովքե՞ր են պարգեւատրվել (ըստ հաստիքների) եւ ինչքա՞ն գումարով) տրամադրումը համարել էին իրենց աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում եւ ոչ թե մերժել էին այդ տեղեկության տրամադրումը, այլ այդ մասին պատասխան գրություններում պարզապես լռել էին` տրամադրելով թերի պատասխաններ:

Ինչպես նշվեց` տեղեկությունները խնդրվել էր տրամադրել ըստ հաստիքների, այլ ոչ անվանական, այսինքն, տեղեկություն տնօրինողները կարող էին տրամադրել պարգեւատրումների չափերը ըստ հաստիքների կամ ըստ հաստիքների խմբերի (այսինքն՝ նշելով հաստիքի անվանումը, այդ նույն հաստիքը զբաղեցնող եւ նույն չափի պարգեւատրում ստացած աշխատակիցների թիվը, պարգեւատրման չափը)՝ անգամ առանց բացահայտելու աշխատակիցների անունները: Այսինքն, աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին խոսք լինել չէր կարող (ավելի մանրամասն տես` http://foi.am/hy/research/item/1187/):

Որպես 2-րդ դեպքում նշված պատճառի մեկնաբանություն` հարկ է նշել, որ խոսքը որպես կանոն չի գնում խախտումներ պարտակելու կամ ոչ իրավաչափ գործողություններ արտացոլող տեղեկությունները թաքցնելու մասին, այլ առավել շատ խոսքը գնում է այն տեղեկությունները չտրամադրելու մասին, որոնց հրապարակմամբ տեղեկություն տնօրինող տվյալ մարմինը վատ լույսի ներքո կերեւա:

Թեեւ խախտումներ թաքցնելը տեղեկությունը թերի տրամադրելու պատճառ կարող է հանդիսանալ, բայց թերի պատասխանն ինքնին որպես ոչ իրավաչափ գործողություն թաքցնելու պարտադիր միտում ԻԱԿ-ը չի գնահատում, դա ավելի շատ իրավապահ մարմինների գործառույթն է: Սակայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնն արձանագրում է, որ որպես կանոն հնարավոր խնդրահարույց, քննադատություն պարունակող կամ տվյալ մարմնին վատ լույսի ներքո ցույց տվող տեղեկություններ խնդրելիս տրամադրվում է թերի պատասխան:

Երրորդ դեպքում նշված պատճառը այն է, երբ բացակայում է պատասխանը թերի տրամադրելու դիտավորությունը, եւ խոսքը գնում է տեղեկություն տրամադրող անձի կամ անփութության կամ էլ մասնագիտական ոչ պատշաճ պատրաստվածության մասին:

Անհիմն պատասխաններ

2012թ.-ին ուղարկված բոլոր հարցումներից 7-ին (2.1%) տրամադրվել է անհիմն պատասխան: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անհիմն է որակել այն պատասխանները, որոնցով տրամադրվել են ոչ թե տեղեկություն ստանալու հարցմամբ խնդրված տեղեկությունները, այլ դրանցից տարբերվող այլ տեղեկություններ: Օրինակ, 2012թ.-ի փետրվարի 21-ի գրավոր հարցմամբ ԻԱԿ-ը Թումանյանի քաղաքապետարանին խնդրել էր հայտնել, թե Թումանյան քաղաքի բյուջեով 2011 եւ 2012թ.թ.-ին որքան գումար է նախատեսվել ձյան մաքրման աշխատանքների համար եւ որքան գումար է հատկացվել 2011թ.-ին եւ 2012թ.-ին (փետրվարի 20-ի դրությամբ): Ի պատասխան բյուջետային հատկացումների եւ ծախսերի վերաբերյալ հարցմանը` քաղաքապետրանը հայտնել էր, որ քաղաքապետարանի աշխատակազմում կա 1 բանվոր եւ 2 տեխաշխատող, որոնց ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ իրականացվում են քաղաքի առավել բանուկ փողոցների ձյան մաքրման աշխատանքները. ըստ էության հարցմանը չհամապատասխանող պատասխան (տես` http://www.givemeinfo.am/hy/case/854/):

Հաշվի առնելով, որ անհիմն պատասխանները շատ չեն, ներկայացնենք նաեւ անհիմն պատասխանների մյուս 6 հեղինակներին եւ համապատասխան հղումները, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ունենա ծանոթանալու դրանց.

Նշենք, որ հարցման պատասխանն անհիմն համարելու դեպքում պատասխանի ծավալն ու բովանդակությունը էական չեն, կարեւոր է հարցմամբ խնդրված տեղեկության եւ պատասխանով տրամադրված տեղեկության տարբերությունը:

Անհիմն մերժումներ

Անհիմն մերժումների թիվը նույնպես համեմատաբար փոքր է.  դրանք 4-ն (1.2%) են: Այս 4 անհիմն մերժումները նույնական են եւ վերաբերում են այս վերլուծության “Թերի պատասխաններ” բաժնում որպես օրինակ ներկայացված հարցումներին: Ինչպես նշեցինք, ԻԱԿ-ը հարցմամբ դիմել էր ՀՀ նախարարությունների թվով 30 առանձնացված ստորաբաժանումների եւ խնդրել էր տրամադրել տեղեկություններ տվյալ մարմինների աշխատակիցների ստացած պարգեւատրումների վերաբերյալ` ներառյալ` ովքե՞ր են պարգեւատրվել (ըստ հաստիքների) եւ ինչքա՞ն գումարով (ի՞նչ նվերով): Արդյունքում 14 հարցման դեպքում ԻԱԿ-ը ստացել էր թերի պատասխան. խնդրվող տեղեկություններից չէր տրամադրվել վերոնշյալ հարցի պատասխանը` համարելով դա իրենց աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում: Սակայն, այս դեպքում անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտում չէր կարող լինել, քանի որ ԻԱԿ-ը տեղեկությունները խնդրել էր տրամադրել ըստ հաստիքների, այլ ոչ անվանական: Այս հիմնավորմամբ ԻԱԿ-ը կրկնակի հարցումներով դիմեց թերի պատասխան տրամադրած մարմիններին:

Արդյունքում, տեղեկություն տնօրինող 4 մարմիններ միեւնույն է գրավոր մերժեցին տրամադրել խնդրվող տեղեկությունները: Այդ մարմիններն են Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը (տես` http://www.givemeinfo.am/hy/case/998/), Լիցենզավորման գործակալությունը (տես` http://www.givemeinfo.am/hy/case/994/), Ֆինանսական վերահսկողության տեսչությունը (տես` http://www.givemeinfo.am/hy/case/995/) եւ “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ն (տես` http://www.givemeinfo.am/hy/case/988/):

Այս մարմինների տրամադրած մերժումների մասին, ինչպես նաեւ դրանք անհիմն համարելու առավել մանրամասն մեկնաբանությունները հասանելի են ԻԱԿ-ի ինտերնետային կայքում` http://foi.am/hy/research/item/1187/:

Հարկ է նշել նաեւ, որ այս մերժումները դատական գործեր նախաձեռնելու հիմք են հանդիսացել, մասնավորապես, ԻԱԿ-ը դատական կարգով վիճարկել է Լիցենզավորման գործակալության եւ Ֆինանսական վերահսկողության տեսչության մերժումները (տես` http://foi.am/hy/all-cases/item/1053/) եւ “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ի մերժումը (տես` http://foi.am/hy/all-cases/item/1052/):

Լիարժեք պատասխաններ

2012թ.-ի ընթացքում ԻԱԿ-ը ստացել է 212 լիարժեք պատասխան: Այդ լիարժեք պատասխան ստացած հարցումներից 125-ը (38.2%) տրամադրվել են ժամանակին, իսկ 87-ը (26.6%)` ուշացումով պատասխաններ:

Այսպես, հարցումներին լիարժեք պատասխանելու առումով լավագույնները ՀՀ կառավարությունը եւ ՀՀ մարզպետարաններն են, որոնք իրենց հասցեագրված բոլոր հարցումներին (100%) լիարժեք պատասխան են տրամադրել: Ընդ որում, ՀՀ կառավարությունը ժամանակին է պատասխանել իրեն հասցեագրված բոլոր 3 հարցումներին, իսկ մարզպետարանները իրենց հասցեագրված 12 հարցումներից 6-ին պատասխանել են ժամանակին, 6-ին` ուշացումով: Հաջորդը ՀՀ նախարարություններն են, որոնք լիարժեք են պատասխանել իրենց հասցեագրված 91 հարցումներից 78-ին կամ հարցումների 85.7%-ին: Նախարարությունները լիարժեք պատասխաններից 42-ին (46.1%) տրամադրել են ժամանակին, իսկ 36-ին (39.6%)` ուշացած պատասխաններ: Նշենք նաեւ, որ 2012թ.-ին նախարարություններին ԻԱԿ-ի կողմից ամենաշատ հարցումներն է ուղարկվել: Դրական են նաեւ ՀՀ նախագահի եւ ՀՀ ոստիկանության ցուցանիշները, որոնք լիարժեք են պատասխանել իրեն հասցեագրված 4-ական հարցումներից 3-ին կամ հարցումների 75%-ին: Ընդ որում, ոստիկանությունը լիարժեք բոլոր պատասխաններն էլ տրամադրել է ժամանակին, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմը` 2-ին ժամանակին, 1-ին` ուշացումով:

Հարցումներին լիարժեք պատասխանելու առումով վատագույնը ՀՀ Ազգային ժողովն է: ԱԺ-ն իրեն հասցեագրված 7 հարցումներից լիարժեք է պատասխանել միայն 2-ին (28.6%): Ընդ որում, ԱԺ-ն հարցումներից մեկին պատասխանել է ժամանակին, մյուսին ուշացումով:

Մնացած մարմինների պատասխանների տեսակները ներկայացված են սույն վերլուծության վերջում բերված աղյուսակում: Հաշվի առնելով, որ տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրել է տարբեր քանակի հարցումներ` պատասխանների տեսակները ներկայացված են նաեւ տոկոսային հարաբերակցությամբ` այն համեմատելի դարձնելու նպատակով:

Պատասխաններն ըստ ժամկետների

2012թ.-ին պատասխան ստացած 276 հարցումների հաշվարկով` անկախ հարցմանը տված պատասխանի կարգավիճակից (լիարժեք, թերի, մերժում եւ այլն), 165-ը (ընդհանուր հարցումների 50.5%-ը եւ պատասխան ստացած հարցումների 59.8%-ը) ստացել է ժամանակին պատասխան, իսկ 111-ը (ընդհանուր հարցումների 33.9%-ը եւ պատասխան ստացած հարցումների 40.2%-ը)` ուշացած պատասխան:

“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան պետք է տրվի այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում: ԻԱԿ-ը հարցումներն ուղարկել է փոստով: Ուստի, պատասխանը չի համարվել ժամկետ խախտած, եթե տրամադրվել է 9 օրացույցային օրվա ընթացքում, որոնցից 5 օրը օրենքով սահմանված ժամկետն է, 2 օրը հաշվարկվել է որպես փոստային առաքման ժամկետ եւ եւս 2 օրը ոչ աշխատանքային օրերն են` շաբաթ եւ կիրակի: Ամեն դեպքում, անճշտություններից խուսափելու համար ժամկետները հաշվարկելիս որպես հիմք ընդունվել են հարցումներն ուղարկելու օրը եւ պատասխան գրության ծրարի վրա փոստային ծառայության կնիքի վրա նշված` պատասխան գրությունն ուղարկելու օրը:

Լավագույն արդյունքը ժամկետների առումով ցույց է տվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որն ԻԱԿ-ի հարցմանը լիարժեք պատասխան է տրմադրել հարցումն ուղարկելուց 1 օր անց: Ժամկետների առումով լավագույններից են նաեւ Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 եւ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցները, Սյունիքի եւ Տավուշի մարզպետարանները, Պետական ռեզերվների գործակալությունը, "Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն" ՊՈԱԿ-ը եւ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, որոնք ԻԱԿ-ի հարցումներին պատասխանել են հարցումն ուղարկելուց 2 օր անց:

Ժամկետների առումով վատագույն արդյունքը "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանն է, որն ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել է կրկնակի հարցում ուղարկելուց 3 ամիս 19 օր անց՝ այն բանից հետո, երբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն արդեն վիճարկել էր կուսակցության անգործությունը դատական կարգով: Ժամկետների առումով հաջորդ վատ արդյունքը "Հայրենիք-սփյուռք կենտրոն" ՊՈԱԿ-ինն է, որը ԻԱԿ-ի կրկնակի հարցմանը պատասխանել է կրկնակի հարցումն ուղարկելուց 2 ամիս 9 օր հետո:

2012թ.-ին ԻԱԿ-ի ուղարկած հարցումներին տեղեկություն տնօրինող մարմինները պատասխանել են միջինը 10.5 օրում:

← Վերադառնալ ցուցակին