Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

305 մլն դրամ բյուջեից` որպես պարգեւատրում

30.01.2013

2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներ ուղարկեց մի շարք պետական կառույցների՝ պարզելու, թե որքանով այս մարմիններն արդարացի եւ հիմնավորված են ծախսում պետական բյուջեի միջոցները։ Այս հարցումները միեւնույն ժամանակ հնարավորություն տվեցին պարզել, թե ինչպես են պետական մարմինները կիրառում տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը:

Հարցումներն ուղղվել էին ՀՀ նախարարությունների՝ թվով 30 առանձնացված ստորաբաժանումների՝ տեսչությունների, գործակալությունների, նախարարությունների ենթակայության տակ գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետական հիմնարկների: Հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել էր հայտնել.
1. Ստացե՞լ են արդյոք պարգեւատրումներ (պարգեւավճարներ, նվերներ) տվյալ մարմնի աշխատակիցները 2011թ.-ին,
2. Եթե այո, ապա ովքե՞ր են պարգեւատրվել (ըստ հաստիքների) եւ ինչքա՞ն գումարով (ի՞նչ նվերով),
3. Որքա՞ն է կազմել տվյալ մարմնի աշխատակիցների ստացած դրամական պարգեւատրումների ընդհանուր գումարը,
4. Որքա՞ն է կազմել տվյալ մարմնի աշխատակիցների ստացած նվերներից յուրաքանչյուրի արժեքը եւ նվերների արժեքների ընդհանուր գումարը:

Պարգեւատրումները

Պարգեւատրումների չափի ընդհանուր համեմատությունը կներկայացնենք առանց հաշվի առնելու այդ պարգեւատրումը ստացած անձանց քանակը, քանի որ ԻԱԿ-ի հարցումներին տարբեր մարմիններ տարբեր կերպ են պատասխանել. որոշները տրամադրել են թերի պատասխաններ` ամբողջ տարվա համար ընդհանուր նշելով պարգեւատրում ստացածների թիվն ու պարգեւատրման ընդհանուր թիվը: Որոշներն էլ տրամադրել են լիարժեք պատասխաններ, սակայն տարբեր ձեւակերպումներով, օրինակ` տարբերակելով աշխատակիցների ստացած պարգեւատրումների տեսակները կամ ներկայացնելով պարգեւատրումները ըստ կիսամյակների կամ ամիսների:

Նախ նշենք, որ ԻԱԿ-ը խնդրել էր պարգեւատրում ստացած աշխատակիցների մասին տեղեկություն ըստ հաստիքների, այսինքն՝ ոչ անվանական: Սակայն մի շարք մարմիններ ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունների տրամադրումը համարել են իրենց աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում: Ուստի, 2012թ. հունիսի 13-ին ԻԱԿ-ը պարզաբանման համար դիմեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ: Ի պատասխան` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 2012թ. հունիսի 20-ի գրությամբ պատասխանեց, որ քաղաքացիական ծառայողների ստացած պարգեւատրումների արժեքի մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ չկան (տես՝ http://givemeinfo.am/hy/case/985/): Մի կողմից այն, որ քաղաքացիական ծառայողների ստացած պարգեւատրումների արժեքի մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ չկան եւ մյուս կողմից էլ այն, որ ԻԱԿ-ը տեղեկությունները խնդրել է ըստ հաստիքների` ոչ անվանական, ցույց են տալիս, որ պահանջվող տեղեկությունը չի կարող խախտել անհատական քաղաքացիական ծառայողի անձնական կյանքի անձեռնմխելիությունը. տեղեկություն տնօրինողները կարող էին տրամադրել պարգեւատրումների չափերն ըստ հաստիքների, ըստ հաստիքների խմբերի (այսինքն՝ նշելով հաստիքի անվանումը, այդ նույն հաստիքը զբաղեցնող եւ նույն չափի պարգեւատրում ստացած աշխատակիցների թիվը, պարգեւատրման չափը)՝ անգամ առանց բացահայտելու աշխատակիցների անունները:

ԻԱԿ-ից հարցումներ ստացած վերոնշյալ 30 պետական կառույցներից ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը` 79.870.500 ՀՀ դրամ:
Երկրորդ մարմինը ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է, որի աշխատակիցները 2011թ.-ին պարգեւատրվել են ընդհանուր 50.334.700 ՀՀ դրամով:

2011թ. ընթացքում ամենաքիչ պարգեւատրումը ստացել են ՀՀ քաղաքաշինության նախարարության “Լիցենզավորման կենտրոն” գործակալության աշխատակիցները` 1.406.266 ՀՀ դրամ: Այս գործակալությանը հաջորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալությունը` 2.085.581 ՀՀ դրամ պարգեւատրումների ընդհանուր գումարով:

ՀՀ նախարարությունների մնացած առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների ստացած ընդհանուր պարգեւատրումների չափը տատանվում է 2.508.000 ՀՀ դրամից 31.894.100 ՀՀ դրամի սահմաններում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թերի է պատասխանել հարցմանը` չտրամադրելով տեղեկություն պարգեւատրվածների մասին: Ուստի, անհնար է եղել վերհանել, թե որքան է կազմել ծառայության 1 աշխատակցի պարգեւատրման միջին չափը: Իսկ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը նշել է, որ 79.870.500 ՀՀ դրամ ընդհանուր գումարով պարգեւատրվել է 351 աշխատակից: Այսինքն, 1 աշխատակցի պարգեւատրման միջին չափը կազմել է 227.551 ՀՀ դրամ:

1.406.266 ՀՀ դրամ պարգեւատրումը “Լիցենզավորման կենտրոն” գործակալությունում ստացել են 6 աշխատակիցներ (1 աշխատակցի պարգեւատրման միջին չափը` 234.378 ՀՀ դրամ), իսկ 2.085.581 ՀՀ դրամ պարգեւատրում Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալությունում ստացել են 5 աշխատակիցներ (1 աշխատակցի պարգեւատրման միջին չափը` 417.116 ՀՀ դրամ):

Ինչպես տեսանք, ստացվեց այնպես, որ ամենաքիչ ընդհանուր պարգեւատրում ունեցած մարմինների 1 աշխատակցի պարգեւատրման միջին չափն ավելի շատ է, քան ամենաշատ ընհանուր պարգեւատրում ունեցած մարմնի 1 աշխատակցի պարգեւատրման միջին չափը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՀՀ հավատարմագրման գործակալությունն ու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության "Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն" ՊՈԱԿ-ը նշել են, որ իրենց աշխատակիցները 2011թ. ընթացքում որեւէ պարգեւատրում չեն ստացել:

ԻԱԿ-ի հարցմանն ըստ էության պատասխան տրամադրած մարմինների հաշվարկով (տես` աղյուսակ 2) պարգեւատրումների ընդհանուր գումարը կազմել է 305.448.727 ՀՀ դրամ:

Նշենք, որ հարցման ենթարկված մարմիններից որեւէ մեկի աշխատակիցերը 2011թ. ընթացքում նվեր չեն ստացել:

Պատասխանների բովանդակությունը ՏԱ տեսանկյունից


2011թ. մարտի 29-ին ուղարկված` ԻԱԿ-ի 30 հարցումներից ոչ մեկն անպատասխան չի մնացել: Ուղարկված 30 հարցումներից 8-ին (27%) տրվել է լիարժեք պատասխան, որոնցից 6-ին` ժամանակին լիարժեք, 2-ին՝ ուշացած լիարժեք պատասխան: 14 (46%) հարցման դեպքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստացել է թերի պատասխան: Եվս 8 (27%) հարցման դեպքում տեղեկատվություն տնրինող մարմինը հղում է արել նախարարությանը՝ հայտնելով, որ պահանջվող տեղեկություններն իրենք չեն տնօրինում, եւ դրանք անհրաժեշտ է ստանալ համապատասխան նախարարության աշխատակազմից:

Առանձնակի ուշադրության է արժանի ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության հղումը: Պատասխան գրությամբ գործակալությունը հայտնել է, որ իր աշխատակիցները 2011թ. որեւէ նվեր չեն ստացել, իսկ պարգեւավճարների մասին տեղեկատվությունը կարող է տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմը, քանի որ գործակալությունը հանդիսանում է նախարարության առանձնացված ստորաբաժանում: Սակայն, հղում անելով նախարարությանը, գործակալությունը նաեւ սեփական նախաձեռնությամբ ԻԱԿ-ի հարցումը վերահասցեագրել է ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով ԻԱԿ-ին տրամադրել այն տեղեկությունները, որոնք գործակալությունը չէր կարողացել տրամադրել: Արդյունքում, ԻԱԿ-ը ՀՀ առողջապահության նախարարությունից պատշաճ պատասխան էր ստացել (տես՝ http://givemeinfo.am/hy/case/954/):

Թեեւ որեւէ հարցում անպատասխան չի մնացել, սակայն բավական շատ էին թերի պատասխանները (46%): Պատճառն այն էր, որ տեսչությունները, գործակալությունները, ՊՈԱԿ-ները եւ ՊՀ-ները խուսափել էին տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ տվյալ մարմնի՝ պարգևատրում ստացած աշխատակիցների եւ յուրաքանչյուրի ստացած դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները (2-րդ, երբեմն նաեւ 3-րդ հարցերի պատասխանը)՝ համարելով, որ այդպիսով կխախտեն իրենց աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Ուստի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստացված պատասխանները համարել էր թերի եւ 2012թ. հունիսի 23-ին կրկնակի հարցումներ էր ուղարկել թերի պատասխան տրամադրած բոլոր 14 մարմիններին: Կրկնակի 14 հարցումներից 4-ը կրկին անհիմն մերժվել են: 3 հարցում մնացել են անպատասխան, իսկ մնացած 7 կրկնակի հարցումներին տրվել է լիարժեք պատասխան:

Անհիմն մերժման հեղինակներն են ՀՀ արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը, ՀՀ բնապահպանության նախարարության “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ն, ՀՀ ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալությունը եւ Ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Այս կառույցների դեմ ԻԱԿ-ը 2012-ին նախաձեռնել է դատական գործընթացներ՝ դատական կարգով վիճարկելու անհիմն մերժումները (Դատական գործերի մասին ավելի մանրամասն տես՝ http://foi.am/hy/all-cases/item/1052/ եւ http://foi.am/hy/all-cases/item/1053/)։

ՀՀ ԱԴ Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունն ի պատասխան ԻԱԿ-ի կրկնակի հարցման` նշել է, որ իրավասու չէ տրամադրել գործակալության աշխատակիցների դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկատվություն` համարելով դա մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարում: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ պատճառաբանել էր, թե ինչու իր խնդրած տեղեկությունները մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը չեն ոտնահարում: Փոխարենը, Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը որեւէ կերպ չէր մեկնաբանել կամ պատճառաբանել, թե ինչ պատճառներով հաշվի չի առել ԻԱԿ-ի փաստարկները: Ուստի, ԻԱԿ-ը գործակալության մերժումը համարել է անհիմն:

Հաջորդ երկու անհիմն մերժումների հեղինակը ՀՀ Ֆինանսների նախարարությունն է, որը մեկ գրությամբ պատասխանել է Լիցենզավորման գործակալությանը եւ Ֆինանսական վերահսկողության տեսչությանն ուղղված կրկնակի հարցումներին: Ի պատասխան ԻԱԿ-ի կրկնակի հարցման այն փաստարկի, որ աշխատակիցների պարգեւավճարների մասին տեղեկությունները խնդրվել են ըստ հաստիքների՝ նախարարությունը, միեւնույն է, մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները: Նախարարությունը նշել էր, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ են աշխատողների համաձայնությունները, բացի այդ նույնիսկ եթե ԻԱԿ-ի խնդրած տեղեկատվությունը տրամադրվի ըստ հաստիքների, ապա հաշվի առնելով Լիցենզավորման գործակալության եւ Ֆինանսական վերահսկողության տեսչության աշխատակիցների փոքրաքանակ թիվը՝ այդ տեղեկատվությունը կդիտվի որպես անվանական: Դիտարկելով նախարարության պատասխանը տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի տեսանկյունից՝ ԻԱԿ-ն այն համարել է անհիմն մերժում հետեւյալ պատճառաբանությամբ. հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսչության եւ գործակալության աշխատակիցները փոքրաթիվ են, նախարարությունը կարող էր ստանալ յուրաքանչյուրի համաձայնությունը կամ անհամաձայնությունը: Սակայն, մերժելով ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունների տրամադրումը, պատասխան գրությամբ նախարարությունը որեւէ բան չի նշել այն մասին` արդյոք այդ համաձայնությունը խնդրվել է, թե ոչ: Ուստի, ԻԱԿ-ը հիմնավոր կհամարեր նախարարության մերժումը, եթե նախարարությունը ստանար տեսչության եւ գործակալության աշխատակիցների անհամաձայնությունը եւ այդ հիմքով մերժեր տեղեկատվության տրամադրումը, այսինքն, եթե մերժումը հիմնված լիներ գործողության, այլ ոչ թե անգործության վրա: Այս դեպքում, ԻԱԿ-ը նախարարության մերժումը համարել է անհիմն. միգուցե աշխատակիցներից ոմանք համաձայների՞ն տրամադրել խնդրվող տեղեկությունները:

Վերջին անհիմն մերժման հեղինակը ՀՀ Բնապահպանության նախարարության “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ն է, որն ի պատասխան ԻԱԿ-ի կրկնակի հարցման` նույնպես նշել էր ՊՀ-ի աշխատակիցների համաձայնության անհրաժեշտությունը խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար: Սակայն, ի տարբերություն ՀՀ ֆինանսների նախարարության, ՊՀ-ն չի անդրադարձել ԻԱԿ-ի կրկնակի հարցման այն փաստարկին, որ տեղեկությունները խնդրվում են ըստ հաստիքների, այլ ոչ անվանական, չի նշել, թե ինչ պատճառով է անհնար տրամադրել ՊՀ-ի աշխատակիցների ստացած պարգեւավճարների մասին տեղեկություններն ըստ հաստիքների: Այս մերժումը նույնպես համարվել է անհիմն:

Նշենք նաեւ 3 լուռ մերժումների հեղինակներին. ԻԱԿ-ի կրկնակի հարցումն անպատասխան են թողել ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչությունը, ՀՀ բնապահպանության նախարարության “Բնապահպանական փորձաքննություն” ՊՈԱԿ-ը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հեռախոսազանգի միջոցով փորձել է ճշտել արդյոք վերոնշյալ 3 մարմինները ստացել էն կրկնակի հարցումները եւ եթե այո, ապա որոնք են հարցումներն անպատասխան թողնելու պատճառնները: Միայն ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչությունն է հայտնել, որ կրկնակի հարցումը չեն կարողանում գտնել, հավանաբար չեն ստացել: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումներն ուղարկել է փոստային ծառայության միջոցով՝ պատվիրված նամակով: Մյուսները հայտնել են, որ կրկնակի հարցումը ստացել են, սակայն ինչ-ինչ պատճառներով դեռ չեն ուղարկել: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներն անպատասխան թողած վերոնշյալ մարմինների ղեկավարները (բացառությամբ ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության` քանի որ այս մարմինը բանավոր հայտնել է, որ հարցումը չի ստացել) հայտնվել են ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների սեւ ցուցակում (տես` http://foi.am/hy/years/):

Այս մարմինների դեմ ԻԱԿ-ը դատական գործընթաց չի սկսել հետեւյալ պատճառաբանությամբ. ԻԱԿ-ն իրականացնում է ռազմավարական դատավարություն, նախաձեռնում է դատական գործեր, որոնցում ընկած իրավական վեճը այս կամ այն չափով նոր բնույթ է կրում, նախկինում չի մեկնաբանվել դատարանների կողմից եւ չկա կամ բավարար չափով չկա այդ վեճի լուծման վերաբերյալ ձեւավորված դատական պրակտիկա: Այս առումով` վերոնշյալ մարմինների դեմ դատական գործեր նախաձեռնելը նպատակահարմար չէր, քանի որ լուռ մերժումների վրա հիմնված դատական գործեր ԻԱԿ-ը բազմիցս  է նախաձեռնել, եւ այդպիսի գործերի լուծման հեռանկարները կանխատեսելի են: Նման դեպքերում որպես կանոն դատական գործի ընթացքում տեղեկություն տնօրինողը տրամադրում է խնդրվող տեղեկությունները, եւ դատական գործընթացը կորցնում է իր իմաստը: Ուստի, այս դեպքում ԻԱԿ-ը նախընտրեց այս մարմինների դեմ դատական գործ նախաձեռնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ուղղել ռազմավարական առավել կարեւոր դատական գործերի:

Պատասխանների ժամկետները

“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան պետք է տրվի այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում: ԻԱԿ-ը հարցումներն ուղարկել է փոստով: Ուստի, պատասխանը չի համարվել ժամկետ խախտած, եթե տրամադրվել է 9 օրացույցային օրվա ընթացքում, որոնցից 5 օրը օրենքով սահմանված ժամկետն է, 2 օրը հաշվարկվել է որպես փոստային առաքման ժամկետ և ևս 2 օրը ոչ աշխատանքային օրերն են` շաբաթ և կիրակի: Ամեն դեպքում, անճշտություններից խուսափելու համար ժամկետները հաշվարկելիս որպես հիմք ընդունվել են հարցումներն ուղարկելու օրը և պատասխան գրության ծրարի վրա փոստային ծառայության կնիքի վրա նշված` պատասխան գրությունն ուղարկելու օրը:

Ինչպես նշվեց՝ ուղարկվել է 30 հարցում, ապա եւս 14 կրկնակի հարցում: Այսպես, 44 հարցումներից 3-ը (7%) մնացել են անպատասխան, 22-ին (50%) պատասխան տրամադրվել է ժամանակին, իսկ 19-ին (43%)՝ ժամկետների խախտմամբ:

Լավագույն արդյունքը ժամկետների առումով ցույց են տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական ռեզերվների գործակալությունը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության "Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն" ՊՈԱԿ-ը, որոնք ԻԱԿ-ի հարցմանը լիարժեք պատասխանել են հարցումն ուղարկելուց 2 օր հետո: Ժամկետների առումով լավագույններից են նաեւ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն” ՊՈԱԿ-ի լիարժեք եւ ՀՀ բնապահպանության նախարարության “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ի թերի պատասխանները, որոնք ներկայացվել են հարցումն ուղարկելուց 3 օր հետո:

Վատագույն արդյունքը ՀՀ սփյուռքի նախարարության “Հայրենիք-սփյուռք կենտրոն” ՊՈԱԿ-ն է, որն ԻԱԿ-ի հարցմանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 2 ամիս 9 օր հետո:

ԻԱԿ-ի հարցումներին տրված պատասխանների ժամկետների հաշվարկով՝ տեսչությունները, գործակալությունները, ՊՈԱԿ-ները եւ ՊՀ-ները ԻԱԿ-ի հարցումներին պատասխանել են միջինը 11 օրում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած բոլոր հարցումների պատասխանների բովանդակությանը եւ ժամկետներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1

Աղյուսակ 2

← Վերադառնալ ցուցակին