Հրապարակումներ
Վերլուծություններ
Որքա՞ն են ծախսում նախարարությունները հյուրասիրությունների վրա
15.01.2013
2012թ.-ի սեպտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ Նախագահի աշխատակազմին, ՀՀ Ազգային ժողովին, ինչպես նաեւ ՀՀ բոլոր նախարարություններին եւ խնդրել էր տրամադրել տեղեկություններ Նախագահի, ԱԺ նախագահի եւ նախարարների պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վերաբերյալ։ Մասնավորապես.
1. Պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունները ո՞ր կազմակերպությունը կամ անձն է իրականացնում,
2. Եթե ընտրվում է անձը կամ կազմակերպությունը, ապա ի՞նչ սկզբունքով եւ ի՞նչ ժամկետով,
3. 2012թ.-ի բյուջեով որքա՞ն գումար է նախատեսվել ՀՀ-ում պաշտոնական հանդիպումների ընթացքում տրվող հյուրասիրությունների համար (խնդրում ենք ուտեստների և խմիչքների համար նախատեսվող գումարները ներկայացնել առանձին),
4. 2012թ.-ի հունվարի 1-ից մինչ օրս բյուջեով նախատեսված գումարից որքա՞նն է ծախսվել հյուրասիրությունների համար (խնդրում ենք ուտեստների և խմիչքների համար ծախսված գումարները ներկայացնել առանձին):
Պաշտոնական հյուրասիրություններ
Նշենք, որ որպես կանոն պետական բյուջեով նախատեսված գումարները ոչ թե հյուրասիրությունների համար են, այլ ներկայացուցչական ծախսերի, այդ թվում՝ տարբեր ձեւաչափի միջոցառումների եւ հանդիպումների կազմակերպման: Իսկ հյուրասիրությունների համար հատկացվող եւ ծախսվող գումարները ներառված են ներկայացուցչական ծախսերի մեջ: Ուստի, պետք է հաշվի առնել, որ հյուրասիրությունների համար առանձին գումարային հատկացում կամ առանձին ծախս եւ այդ ծախսի առանձին հաշվարկ ոչ միշտ է կատարվում: Այսպես, ԻԱԿ-ի հարցումներին տրամադրված պատասխանները տրամադրվել են ըստ կատարվող հատկացումների եւ ծախսերի, որոնցում ոչ միշտ են առանձնացված ներկայացված հյուրասիրությունների ծախսերը: Այժմ համեմատենք հյուրասիրությունների համար հատկացված եւ ծախսված գումարները, ինչպես նաեւ առանձին ներկայացուցչական ծախսերի համար հատկացված եւ ծախսված գումարները:
Ըստ ԻԱԿ-ի հարցումներին տրված պատասխան գրությունների բովանդակության՝ պաշտոնական հանդիպումների ընթացքում տրվող հյուրասիրությունների համար առանձնացված ծախսված գումարներ ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ սփյուռքի եւ ՀՀ քաղաքաշինության նախարարությունները: Այս մարմիններից հյուրասիրությունների համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ 9.600.000 ՀՀ դրամ, իսկ ամենաքիչը՝ ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ համապատասխանաբար 200.000 եւ 174.800 ՀՀ դրամ:
Հարկ է առանձին նշել ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանի մասին: Նախարարությունը նշել է, որ ուտեստների եւ խմիչքների տրանջատում չի իրականացվում, իսկ հյուրասիրությունները կազմակերպվում են օտարերկրյա պատվիրակությունների ՀՀ այցերի արարողակարգով նախատեսված միջոցառումների շրջանակներում՝ 1 անձի համար 12.500 ՀՀ դրամ հաշվարկով:
Հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովի բնույթը եւ այն, որ ԱԺ-ն ըստ ներկայացված պատասխանի հյուրասիրությունների համար ամենաքիչ գումարը ծախսած մարմիններից է, ԻԱԿ-ը 2012թ.-ի նոյեմբերի 20-ին մեկ այլ գրավոր հարցում ուղարկեց ՀՀ ԱԺ-ին՝ խնդրելով այս անգամ տրամադրել ընդհանուր ներկայացուցչական ծախսերի համար Ազգային ժողովին հատկացված եւ ծախսված գումարները: ԻԱԿ-ի այս հարցմանը, սակայն, ԱԺ-ն թերի պատասխան էր տրամադրել (տես՝ http://givemeinfo.am/hy/case/1085/): Այնուամենայնիվ, ԱԺ-ն նշել էր, որ ներկայացուցչական ծախսերի համար հատկացվել է 195.000.000 ՀՀ դրամ գումար եւ ծախսվել 165.431.300 ՀՀ դրամ: Ըստ պատասխանի՝ այդ գումարը ծախսվել է հյուրասիրության, հյուրանոցային սպասարկման եւ հուշանվերների ձեռքբերման համար:
Առավել քան զարմանալի է, որ 195 մլն գումարից հյուրասիրությունների համար հատկացվել է միայն 350.000-ը, այսինքն, հատկացված գումարի 0.17%-ը, իսկ ծախսված ավելի քան 165 մլն դրամից հյուասիրությունների համար ծախսվել է ընդամենը 200.000-ը, այսինքն 0.12%-ը: Ուշադրության է արժանի, որ ԻԱԿ-ը ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ իր հարցմամբ խնդրել էր հայտնել, թե ինչ ուղղություններով են ծախսվել ներկայացուցչական ծախսերի համար հատկացված գումարները, իսկ ԱԺ-ն նշել էր սպառիչ 3 ուղղություն՝ հյուրասիրություն, հյուրանոցային սպասարկում եւ հուշանվերների ձեռքբերում: Ստացվում է, որ հյուրանոցային սպասարկման եւ հուշանվերների ձեռքբերման համար հատկացվել է ընդհանուր ներկայացուցչական ծախսերի 99.83%-ը եւ միայն 0.17%-ը հյուրասիրությունների համար: Իսկ ընդհանուր ծախսված գումարից հյուրանոցային սպասարկման եւ հուշանվերների ձեռքբերման համար ծախսվել է 99.88%-ը եւ միայն 0.12%-ը հյուրասիրությունների համար: Ամեն դեպքում, ՀՀ ԱԺ-ի տրամադրած տեղեկությունների անհամապատասխանությունն ակնհայտ է. եթե ԱԺ-ի ընդունած հյուրերն այնքան փոքրաթիվ են եղել, որ նրանց հյուրասիրության (օրինակ՝ հանդիպումների, այլ միջոցառումների ժամանակ տրվող սուրճի ընդմիջումների եւ այլն) համար ծախսվել է ընդամենը 200.000 ՀՀ դրամ, ապա ինչու է նույն փոքրաթիվ հյուրերի հյուրանոցային սպասարկման եւ հուշանվերների ծախսը կազմում 165 մլն:
Եթե համեմատենք ընդհանուր բոլոր տեսակի ներկայացուցչական ծախսերի համար հատկացված եւ ծախված գումարները, ապա ամենաշատ գումարը հատկացվել է ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 225.940.000 ՀՀ դրամ եւ համապատասխանաբար ամենաշատն էլ ծախսվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից՝ 33.563.700 ՀՀ դրամ:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության, ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները պատասխան գրություններով հայտնել են, որ այս գերատեսչությունները ղեկավարող նախարարների պաշտոնական հանդիպումների ընթացքում տրվող հյուրասիրությունների համար ծախսեր նախատեսված չեն:
Ներկայացուցչական ծախսերի համար հատկացված եւ ծախսված գումարները ներկայացված են վերջում՝ աղյուսակի տեսքով:
Պատասխանների բովանդակությունը ՏԱ տեսանկյունից
Նշենք, որ ԻԱԿ-ի որեւէ հարցում անպատասխան չի մնացել: Լուռ մերժումների բացակայությունը բավական հետաքրքիր է, քանի որ չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում լուռ մերժումների թիվը կրճատվել է, միեւնույն է՝ լուռ մերժումները կազմում էին տարեկան հարցումների մոտ 25-30%-ը:
Այս փուլում (2012թ. մայիսի 4-ին) ուղարկված 20 հարցումներից 16-ին (80%) տրամադրվել է լիարժեք պատասխան, իսկ 4 (20%) հարցման դեպքում՝ թերի:
Թերի պատասխանների հեղինակներն էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (http://givemeinfo.am/hy/case/1034/), ՀՀ սփյուռքի նախարարությունը (http://givemeinfo.am/hy/case/1044/), ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը (http://givemeinfo.am/hy/case/1045/) եւ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը (http://givemeinfo.am/hy/case/1046/): Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը չէր պատասխանել ԻԱԿ-ի հարցման 3-րդ հարցին, իսկ թերի պատասխան տրամադրած մնացած 3 նախարարությունները՝ հարցման 1-ին հարցին (ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը անեւ 2-րդ հարցին):
Նշենք, որ 7 դեպքում անհրաժեշտ է եղել կրկնակի հարցում ուղարկել. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կրկնակի հարցումներ էր ուղարկել թերի պատասխան տրամադրած բոլոր 4 նախարարություններին, ինչպես նաեւ ՀՀ Նախագահին, ՀՀ մշակույթի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններին: ՀՀ Նախագահին, ՀՀ մշակույթի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններին կրկնակի հարցում ուղարկելու պատճառները ներկայացված են ստորեւ:
Նախ անդրադառնանք ՀՀ Նախագահի աշխատակազմի եւ ՀՀ մշակույթի նախարարության պատասխաններին (համապատասխանաբար http://givemeinfo.am/hy/case/1028/ եւ http://givemeinfo.am/hy/case/1041/): ԻԱԿ-ի հարցումները կազմվել եւ ուղարկվել էին ԻԱԿ-ի իրավաբանի կողմից՝ նրա ստորագրությամբ: Ի պատասխան Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այս հարցումներին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանել են, որ ԻԱԿ-ի անունից հարցում ուղարկելու և պատասխան ստանալու համար անհրաժեշտ է լիազորագիր: Քանի որ ԻԱԿ-ի հարցման արձագանքը ժամանակին էր, ուստի պատասխաններն համարվել են ժամանակին տրամադրված լիարժեք պատասխաններ, սակայն այս մարմիններին նույնպես կրկնակի հարցումներ են ուղարկվել՝ հարցմանը կից ներկայացնելով լիազորագիր:
Հարկ է նշել, որ թեեւ լիազորագիր ներկայացնելու պահանջն օրենքի խախտում չէ, սակայն դա լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման համար: Պատճառն այն է, որ այն տեղեկությունները, որոնք ենթակա չեն տրամադրման, սահմանափակված են բոլորի համար, իսկ այն տեղեկությունները, որոնց տրամադրումն օրենքով սահմանափակված չէ, պետք է բաց լինեն նույնպես բոլորի համար: Տեղեկատվության ազատության իրավունքից օգտվելու հնարավորությունները բացարձակ հավասար պետք է լինեն բոլորի համար (oրենքը չի առանձնացնում առավելություններ կամ լրացուցիչ պարտականություններ կազմակերպության անունից հանդես եկողի կամ անհատի համար, չի առանձնացնում պատասխան տրամադրելու տարբեր ընթացակարգեր, չի սահմանում թույլատրելի տեղեկատվության տարբեր սահմաններ): Այս առումով` կազմակերպության անունից տեղեկություն խնդրելու դեպքում լիազորագիր ներկայացնելու պահանջը չի բխում տեղեկատվության ազատության կոնցեպցիայից։ Լիազորագիր ներկայացնելու պահանջը ստեղծում է խոչընդոտներ, օրինակ` ավելորդ անգամ երկարում է տեղեկություն ստանալու ժամկետը: Ելնելով վերոգրյալից` նշենք, որ ցանկալի է, որպեսզի տեղեկություն տնօրինող մարմինները նման դեպքերում չպահանջեն ներկայացել լիազորագիր, ինչն ավելի համահունչ կլինի ՏԱ իրավունքի սկզբունքներին:
Եւս 1 կրկնակի հարցում ուղարկվել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, քանի որ կրկնակի հարցումն ուղարկելու պահին՝ առաջին հարցումն ուղարկելուց 1 ամիս անց, նախարարությունը դեռեւս ոչ մի պատասխան չէր տրամադրել ԻԱԿ-ին: Սակայն այն բանից հետո, երբ ԻԱԿ-ն արդեն ուղարկել էր կրկնակի հարցումը՝ նախարարությունից ստացվեց լիարժեք պատասխան (http://givemeinfo.am/hy/case/1043/): Չնայած դրան՝ նախարարությունն արձագանքել էր նաեւ ԻԱԿ-ի կրկնակի հարցմանը:
Այսպես, կրկնակի հարցումներից ոչ մեկն անպատասխան չի մնացել, չեն եղել նաեւ թերի պատասխաններ. կրկնակի 7 հարցումներին էլ տրամադրվել է լիարժեք պատասխան, որոնցից 2-ին տրվել է ժամանակին, եւս 5-ին՝ ուշացած լիարժեք պատասխան:
Պատասխանների ժամկետները
Հարցումներին պատասխանելու ժամկետները համեմատելիս հաշվի են առնվել բոլոր հարցումները, այդ թվում՝ կրկնակի հարցումները՝ ընդհանուր 27 հարցում։
Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան պետք է տրվի այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում: ԻԱԿ-ը հարցումներն ուղարկել է փոստով: Ուստի, պատասխանը չի համարվել ժամկետ խախտած, եթե տրամադրվել է 9 օրացույցային օրվա ընթացքում, որոնցից 5 օրը օրենքով սահմանված ժամկետն է, 2 օրը հաշվարկվել է որպես փոստային առաքման ժամկետ և ևս 2 օրը ոչ աշխատանքային օրերն են` շաբաթ և կիրակի: Ամեն դեպքում, անճշտություններից խուսափելու համար ժամկետները հաշվարկելիս որպես հիմք ընդունվել են հարցումներն ուղարկելու օրը և պատասխան գրության ծրարի վրա փոստային ծառայության կնիքի վրա նշված` պատասխան գրությունն ուղարկելու օրը:
Այսպիսով, ԻԱԿ-ի հարցումներին պատասխանելու ժամկետները ներկայացված են 27 հարցումների հաշվարկով, որոնցից 7-ը կրկնակի հարցումներն են: Ընդհանուր առմամբ 27 հարցումներից 12-ին (44%) պատասխան տրամադրվել է ժամանակին, իսկ 15-ին (56%)՝ ժամկետների խախտմամբ:
Լավագույն արդյունքը ժամկետների առումով ցույց է տվել ՀՀ Նախագահի աշխատակազմը, որն իրեն հասցեագրված առաջին հարցմանն արձագանքել է հարցումն ուղարկելուց 6 օր հետո: Նշենք, սակայն, որ ՀՀ Նախագահի աշխատակազմը ուշացումով է պատասխանել կրկնակի հարցմանը՝ պատասխան գրություն տրամադրելով հարցումն ուղարկելուց 11 օր հետո: Ժամկետների առումով լավագույններից են նաեւ ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ արդարադատության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ մշակույթի նախարարությունները, որոնք ԻԱԿ-ի հարցումներին պատասխանել են հարցումն ուղարկելուց 7 օր հետո:
Զարմանալի է, բայց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ժամկետների առումով միաժամանակ եւ լավագույններից, եւ վատագույններից է: ԻԱԿ-ի առաջին հարցմանը նախարարությունը պատասխանել է հարցումն ուղարկելուց 1 ամիս 4 օր անց, իսկ ԻԱԿ-ի կրկնակի հարցմանը՝ հարցումն ուղարկելուց 7 օր հետո:
Ժամկետների առումով վատագույն արդյունք ունի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որը նույնպես ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել է հարցումն ուղարկելուց 1 ամիս 4 օր անց:
Նշենք, որ բոլոր 27 հարցումների հաշվարկով՝ տեղեկատվություն տնօրինողները Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին պատասխանել են միջինը 13 օրում:
Պատասխանների բովանդակությունը ՏԱ տեսանկյունից եւ պատասխանների ժամկետները:
Ներկայացուցչական ծախսերի համար հատկացված եւ ծախսված գումարները: