Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Նախարարական եկամուտները 2011 թվականին

07.09.2012

2012թ.-ի օգոստոսի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 2011թ.-ին պաշտոնավարած ՀՀ բոլոր նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: 2012թ.-ի օգոստոսի 8-ին հանձնաժողովը ԻԱԿ-ին տրամադրեց 2011թ.-ին պաշտոնավարած բոլոր նախարարների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված հրապարակման ենթակա տեղեկությունները: Նշենք, որ փոխկապակցված անձ է համարվում պաշտոնատար անձի ամուսինը, նրա հետ ապրող ծնողը, չափահաս և չամուսնացած երեխան: Ուստի, առանձին կներկայացնենք նաև ՀՀ նախարարների փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների մասին տեղեկությունները:

Շարժական և անշարժ գույքը
Նախարարներ
2011թ.-ի ընթացքում բոլոր 10 նախարարներից անշարժ կամ շարժական գույք օտարել կամ ձեռք են բերել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը 37.000.000 ՀՀ դրամով օտարել է բնակարան և ձեռք է բերել բնակարան 60.532.000 ՀՀ դրամով: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 28.800.000 ՀՀ դրամով ձեռք է բերել բնակարան:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ձեռք են բերել կամ օտարել են անշարժ գույք, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ձեռք է բերել կամ օտարել է շարժական գույք: Սակայն, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի տրամադրել տվյալներ, թե ինչ անշարժ կամ շարժական գույք և ինչ արժեքով են ձեռք բերել այս նախարարները: Հանձնաժողովի տրամադրած տեղեկանքներում այդ հատվածը ծածկված էր: Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը. ՀՀ կառավարության 2011թ.-ի դեկտեմբերի 15-ի 1835-Ն որոշման հավելված 1-ի համաձայն՝ պաշտոնյայի հայտարարագրերում ներառված տվյալներից հրապարակման ենթակա են նաև.

  • անշարժ գույքի տեսակը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը,
  • շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում` նաև ձեռք բերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Այսպիսով, պաշտոնյայի ձեռք բերած կամ օտարած անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ հրապարակվում են միայն այն դեպքում, երբ անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ հրապարակվում են, եթե օտարված կամ ձեռք բերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Ուստի, քանի որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ծածկել է նախարարների հայտարարագրի այդ հատվածը, հետևաբար մնում է ենթադրել, որ նրանց ձեռք բերած կամ օտարած անշարժ և շարժական գույքերի ձեռքբերման կամ օտարման գործարքների գները պակաս են եղել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված 50 մլն և 7 մլն ՀՀ դրամից:

Փոխկապակցված անձինք
ՀՀ նախարարների փոխկապակցված անձանցից ոչ ոք 2011թ.-ի ընթացքում անշարժ կամ շարժական գույք չի օտարել կամ ձեռք բերել:

Արտարժույթով եկամուտները
Նախարարներ
2011թ.-ին արտարժույթով եկամուտ ունեցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ 20.000 ԱՄՆ դոլար և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ 8.000 ԱՄՆ դոլար: Արմեն Աշոտյանն արտարժույթով եկամուտը ստացել է վարկից, իսկ Վարդան Վարդանյանը՝ ավանդից:

Փոխկապակցված անձինք
2011թ.-ի ընթացքում ՀՀ նախարարների փոխկապակցված անձանցից ոչ ոք արտարժույթով եկամուտ չի ունեցել:

Եկամուտների համեմատություն
Նախարարներ
2011թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` 203.466.197 ՀՀ դրամ: Հարություն Քուշկյանի եկամուտն ավելի քան 68 անգամ գերազանցում է 2011թ.-ին ամենաքիչ եկամուտն ստացած ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի եկամուտը՝ 2.967.600 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջին 4 տարիների ընթացքում գլխավորում է ամենաշատ եկամուտն ստացած նախարարների ցուցակը: Նա առաջինն էր նաև 2008, 2009 և 2010թթ.-ին: Առողջապահության նախարարի եկամուտը 2008թ.-ին կազմել է 381.607.396 ՀՀ դրամ, 2009թ.-ին՝ 341.615.000 ՀՀ դրամ և 2010թ.-ին՝ 326.543.484 ՀՀ դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին հաջորդում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ում ստացած եկամուտը 2011թ.-ին կազմել է 102.102.823 ՀՀ դրամ: Արամ Հարությունյանը երկրորդն է եղել նաև 2009թ.-ին` 131.061.616 ՀՀ դրամ, և 2010թ.-ին` 103.250.403 ՀՀ դրամ: 2011թ.-ին ամենաշատ եկամուտն ստացած նախարարներից երրորդը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն է՝ 60.344.280 ՀՀ դրամ եկամուտով:

Ինչպես նշվեց, 2011թ.-ին ամենաքիչ եկամուտն ստացել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը՝ 2.967.600 ՀՀ դրամ: Մանուկ Վարդանյանին հաջորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ 3.052.468 ՀՀ դրամ եկամուտով: 2011թ.-ի ամենաքիչ եկամուտն ստացած նախարարների եռյակը եզրափակում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ 3.104.402 ՀՀ դրամ եկամուտով: Նշենք, որ Հասմիկ Պողոսյանը վերջին 4 տարիների ընթացքում մշտապես հայտնվել է ամենաքիչ եկամուտն ստացած նախարարների եռյակում: 2008թ.-ին նա ունեցել է բոլոր նախարարներից ամենաքիչ եկամուտը (2.903.800 ՀՀ դրամ), 2009թ.-ին եղել է ամենաքիչ եկամուտն ունեցած նախարարներից երրորդը (3.190.800 ՀՀ դրամ) իսկ 2010թ.-ին կրկին Հասմիկ Պողոսյանի եկամուտն ամենաքիչն է եղել (3.071.600 ՀՀ դրամ):

Մնացած նախարարների` 2011թ.-ի ընթացքում ստացած եկամուտների չափը տատանվում է 3.2-32.1 (24.1 մլն դրամ և 20.000 ԱՄՆ դոլար) մլն դրամի սահմաններում:

Բոլոր նախարարները միասին 2011թ.-ին ունեցել են 485.602.859 ՀՀ դրամ և 28.000 ԱՄՆ դոլար եկամուտ:

Փոխկապակցված անձինք
ՀՀ նախարարների փոխկապակցված անձանցից 2011թ.-ին ամենաշատ եկամուտն ստացել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կինը՝ 122.260.000 ՀՀ դրամ: Նրա եկամուտն ավելի քան 124 անգամ գերազանցում է ՀՀ նախարարների փոխկապակցված անձանցից ամենքիչ եկամուտն ստացած՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կնոջ եկամուտը՝ 980.511 ՀՀ դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կինը երկրորդն է՝ 12.119.742 ՀՀ դրամ եկամուտով: Իսկ ՀՀ նախարարների ամենաշատ եկամուտն ստացած փոխկապակցված անձանց եռյակը եզրափակում է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կինը՝ 7.960.772,5 ՀՀ դրամ եկամուտով:

Ինչպես նշվեց, 2011թ.-ին ամենաքիչ եկամուտն ստացել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կինը՝ 980.511 ՀՀ դրամ: Նրան հաջորդում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ամուսինը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի դուստրը՝ համապատասխանաբար 1.680.684 ՀՀ դրամ և 2.239.000 ՀՀ դրամ եկամուտներով:

2011թ.-ին եկամուտ չեն ստացել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի փոխկապակցված անձինք:

ՀՀ նախարարների մնացած փոխկապակցված անձանց` 2011թ.-ի ընթացքում ստացած եկամուտների չափը տատանվում է 2.3-7.1 մլն դրամի սահմաններում:

2011թ.-ին ՀՀ նախարարների բոլոր փոխկապակցված անձանց ստացած եկամուտը կազմել է 179.889.616,5 ՀՀ դրամ:

ՀՀ բոլոր նախարարների և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների և հարկային տարվա սկզբում և վերջում նրանց դրամական միջոցների մասին տվյալները ներկայացված են աղյուսակում:

2011թ.-ին պաշտոնավարած բոլոր նախարարների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված հրապարակման ենթակա տեղեկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին