Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Մարզպետական եկամուտներ 2011

29.08.2012

2012թ.-ի օգոստոսի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 2011թ.-ին պաշտոնավարած ՀՀ բոլոր մարզպետների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: 2012թ.-ի սեպտեմբերի 8-ին հանձնաժողովը ԻԱԿ-ին տրամադրեց պահանջվող տեղեկությունները: Նշենք, որ փոխկապակցված անձ է համարվում պաշտոնատար անձի ամուսինը, նրա հետ ապրող ծնողը, չափահաս և չամուսնացած երեխան: Ուստի, առանձին կներկայացնենք նաև ՀՀ մարզպետների փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների մասին տեղեկությունները:

 

Շարժական և անշարժ գույքը
Մարզպետներ
2011թ.-ի ընթացքում բոլոր 10 մարզպետներից անշարժ կամ շարժական գույք օտարել կամ ձեռք է բերել միայն Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Սակայն, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի տրամադրել տվյալներ, թե ինչ անշարժ գույք և ինչ արժեքով է ձեռք բերել մարզպետը: Հանձնաժողովի տրամադրած տեղեկանքներում այդ հատվածը ծածկված էր: Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը. ՀՀ կառավարության 2011թ.-ի դեկտեմբերի 15-ի 1835-Ն որոշման հավելված 1-ի համաձայն՝ պաշտոնյայի հայտարարագրերում ներառված տվյալներից հրապարակման ենթակա են նաև.

  • անշարժ գույքի տեսակը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Այսպիսով, պաշտոնյայի ձեռք բերած կամ օտարած անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ հրապարակվում են միայն այն դեպքում, երբ անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Քանի որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ծածկել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հայտարարագրի այդ հատվածը, հետևաբար ենթադրվում է, որ մարզպետի ձեռք բերած անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը 50 մլն դրամից պակաս է եղել:

Փոխկապակցված անձինք
Ինչ վերաբերում է մարզպետների փոխկապակցված անձանց, ապա նշենք, որ այս դեպքում ևս անշարժ կամ շարժական գույք օտարվել կամ ձեռք է բերվել միայն Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ընտանիքում. մարզպետի որդին ձեռք է բերալ կամ օտարել է ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույք: Սակայն օտարված կամ ձեռք բերված գույքի մասին տեղեկությունները նույնպես չեն տրամադրվել՝ տեղեկանքների համապատասխան հատվածը ծածկված էր:

ՀՀ կառավարությանն վերոնշյալ որոշման համաձայն՝ փոխկապակցված անձանց հայտարարագրերում ներառված հրապարակման ենթակա տվյալներ են նաև.

  • բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի անշարժ գույքի տեսակը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը,
  • բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, իսկ օտարման դեպքում նաև օտարված շարժական գույքի գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Այսինքն, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի որդու կողմից ձեռք բերված կամ օտարված անշարժ և շարժական գույքերի վերաբերյալ տվյալներ կհրապարակվեին, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցեր 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ ձեռք բերված կամ օտարված շարժական գույքի գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցեր է 8 մլն դրամը: Քանի որ մարզպետի որդու հայտարարագրի՝ անշարժ և շարժական գույքին վերաբերող հատվածները նույնպես ծածկվել են, հետևաբար այս դեպքում նույնպես ենթադրվում է, որ 50 մլն և 8 մլն գումարները չեն գերազանցվել:

Արտարժույթով եկամուտները
Մարզպետներ
2011թ.-ին արտարժույթով եկամուտ ունեցել են ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ 80.000 ԱՄՆ դոլար, և ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ 20.000 ԱՄՆ դոլար: Ըստ հայտարարագրերի` մարզպետներն արտարժույթով ստացված այս դրամական միջոցները նվեր են ստացել:

Փոխկապակցված անձինք
2011թ.-ի ընթացքում ՀՀ մարզպետների փոխկապակցված անձանցից ոչ ոք արտարժույթով եկամուտ չի ունեցել:

Եկամուտների համեմատություն
Մարզպետներ
2011թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը` 52.718.634 ՀՀ դրամ և 80.000 ԱՄՆ դոլար (ընդհանուր մոտավորապես 84.718.634 ՀՀ դրամ): Նրան հաջորդում է ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան, ում ստացած եկամուտը կազմել է 2.288.160 ՀՀ դրամ և 20.000 ԱՄՆ դոլար (ընդհանուր մոտավորապես 10.288.160 ՀՀ դրամ): 2011թ.-ին ամենաշատ եկամուտ ստացած մարզպետներից երրորդը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն է` 10.576.600 ՀՀ դրամ եկամուտով:

Պարզվում է՝ վերջին 4 տարիների ընթացքում Լոռու մարզպետներն ամենաշատ եկամուտներն են ստացել, ընդ որում 4 տարուց 3-ում եղել են առաջինը: Այսպես, 2008թ.-ին Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանն առաջինն էր (35.070.600 ՀՀ դրամ), 2009թ.-ին` երկրորդը (3.088.000 ՀՀ դրամ), 2010թ.-ին Լոռու ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը առաջինն էր (17.739.735 ՀՀ դրամ), 2011թ.-ին նա կրկին առաջինն է, այս անգամ՝ 52.718.634 ՀՀ դրամ և 80.000 ԱՄՆ դոլար եկամուտով:

2011թ.-ին ամենաքիչ եկամուտն ստացել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ 2.359.603 ՀՀ դրամ: Հաջորդը ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն է՝ 2.497.584: 2011թ.-ի ամենաքիչ եկամուտը ստացած մարզպետների եռյակը եզրափակում է ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ 2.517.088 ՀՀ դրամ եկամուտով:

Մնացած մարզպետների` 2011թ.-ի ընթացքում ստացած եկամուտների չափը տատանվում է 2.6-5.3 մլն դրամի սահմաններում:

Բոլոր մարզպետները միասին 2011թ.-ին ունեցել են 89.800.636 ՀՀ դրամ և 100.000 ԱՄՆ դոլար եկամուտ:

Փոխկապակցված անձինք
ՀՀ մարզպետների փոխկապակցված անձանցից 2011թ.-ին ամենաշատ եկամուտն ստացել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի կինը՝ 2.160.000 ՀՀ դրամ: Նրան հաջորդում են ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կինը և ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ համապատասխանաբար 2.095.712 ՀՀ դրամ և 1.272.000 ՀՀ դրամ եկամուտներով:

2011թ.-ին ամենաքիչ եկամուտն ստացել է ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կինը՝ 600.000 ՀՀ դրամ: Հաջորդը ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի որդին է՝ 900.000 ՀՀ դրամ: Երրորդ տեղը կիսել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կինը և ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կինը՝ յուրաքանչյուրը 1.200.000-ական ՀՀ դրամ եկամուտով:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի որդին՝ 1.510.0 ՀՀ դրամ (տվյալները ներկայացված են ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստացված տեղեկանքների: Ամենայն հավանականությամբ այս դեպքում խոսքը գնում է 1.510.000 ՀՀ դրամի մասին): ՀՀ մարզպետների մնացած բոլոր փոխկապակցված անձինք 2011թ.-ին եկամուտ չեն ստացել:

2011թ.-ին ՀՀ մարզպետների բոլոր փոխկապակցված անձանց ստացած եկամուտը կազմել է 9.427.712 ՀՀ դրամ (անճշտությունից խուսափելու համար այս գումարում ներառված չէ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի որդու ստացած 1.510.0 ՀՀ դրամ եկամուտը):

ՀՀ բոլոր մարզպետների և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների և հարկային տարվա սկզբում և վերջում նրանց դրամական միջոցների մասին տվյալները ներկայացված են աղյուսակում:

2011թ.-ին պաշտոնավարած բոլոր մարզպետների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված հրապարակման ենթակա տեղեկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին