Մեր մասին
Ընդհանուր տեղեկություն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թ.-ի հուլիսի 1-ին Երեւանում մի խումբ լրագրողների եւ իրավաբանների կողմից: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:
ԻԱԿ-ի 2023 թվականի հիմնական նպատակներն են․
- նպաստել Հայաստանում վերջերս մեկնարկած Իրական շահառուների թափանցիկության բարեփոխման իրականացմանը,
- զարգացնել տեղեկատվական հասանելիությանը նպաստող ռազմավարությունն ու պրակտիկան,
- աջակցել ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված ռազմավարական քաղաքականության և դրան ուղղված փաստաթղթերի մշակման գոծընթացին,
- ապահովել տեղեկատվության ինքնագնահատման գործիքների հասանելիություն պետական մարմինների համար,
- խթանել դատական համակարգի ներքին և արտաքին հաղորդակցությունը,
- պաշտպանել քաղաքացիական հասարակության և մեդիաների իրավունքները և շահերը տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման գործընթացում:
ԻԱԿ գործունեության հիմնական ուղղություններն են.
Բաց կառավարման գործընկերություն
ԻԱԿ-ն ակտիվորեն ներգրավված է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության մեջ։ Կենտրոնի ծրագրերի ղեկավար, փորձագետ Լիանա Դոյդոյանն ընդգրկված է ԲԿԳ-ում ՀՀ մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում, որը կազմավորվել է 2012 թ. սեպտեմբերին ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ: Աշխատանքային խումբը 2013 թ. մշակել է ԲԳԿ-ում 2014-2016 թթ. Հայաստանի գործողությունների պլանի նախագիծը։
ԻԱԿ-ի նախաձեռնությամբ և ջանքերով 2013-ին գործարկվեց ԲԿԳ-ի հայաստանյան պաշտոնական կայքէջը՝ www.ogp.am: Իսկ ԻԱԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում 2013 թ.-ի հունիսի 14-ին Երևանում անցկացվեց «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» առաջին միջազգային համաժողովը:
ԻԱԿ-ը ոչ միայն մասնակցում է ԲԿԳ շրջանակում Հայաստանի ստանձնած գործողությունների իրականացմանը, այլև գործընկեր ՀԿ-ների աջակցությամբ հետևողականորեն դիտարկում է ՀՀ ստանձնած հանձնառությունների իրականացման գործընթացը:
Կոռուպցիայի դեմ պայքար
2001 թվականից մինչ օրս Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվության ազատության ոլորտի զարգացմանն ուղղված ավելի քան 60 ծրագիր է իրականացրել, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային խոշոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Բոլոր այդ ծրագրերի շրջանակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, օգտագործելով տեղեկատվության ազատությունը որպես գործիք կոռուպցիայի հաղթահարման գործում, ակտիվորեն ներգրավված է կոռուպցիայի դեմ պայքարում:
Կազմակերպությունը ներգրավված է հակակոռուպցիոն տարբեր միջոցառումներում, այդ թվում` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պաշտոնյաների համար ուսուցումների իրականացում, հանրային կրթության քարոզարշավների կազմակերպում, աջակցություն հակակոռուպցիոն ազգային ռազմավարությունների մշակմանը, ինչպես նաև դրանց իրականացման մոնիտորինգ, քաղաքական կուսակցությունների քարոզարշավների ֆինանսավորման և հանրային գնումների մոնիտորինգ:
2009-ին «Աջակցություն ՀՌՄՀ փորձագիտական խմբին նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ընթացքում» ծրագրի շրջանակում իրականացվել է 2003-2007 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ձեռքբերումների գնահատում հետևյալբնագավառներում` կրթություն, առողջապահություն, դատական և բանկային համակարգեր, հարկային և մաքսային ծառայություններ և այլն: Տրամադրվել է փորձագիտական խորհրդատվություն հակակոռուպցիոն նոր ռազմավարության բովանդակային կողմի զարգացման համար:
2014-2016 թթ.-ի ընթացքում ԻԱԿ-ը ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող 3-ամյա «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջոցով ամբողջությամբ ներգրավված էր կոռուպցիայի դեմ պայքարում՝ որպես ծրագրի արդյունքներից մեկն ունենալով ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրումը:
2016 թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ եւ ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացնում է 18 ամիս տևողությամբ «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիրը, ոը նույնպես ուղղված է ՀՀում բաց եւ հաշդետու կառավարման ապահվոմանը, հետաքննական լրագրության եւ տեղեկատվության ազատության խթանմանը:
ԻԱԿ-ն անդամակցում է ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվեցիայի կոալիցիային, 2017 թվականին ընդգրկված է եղել Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմում: 2019 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ընդգրկված է ՀՀ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում:
Իրական շահառուների թափանցիկություն
2018 թվականից Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) շրջանակում ակտիվ դերակատարում է ստանձնել իրական շահառուների թափանցիկության գործընթացում՝ նախաձեռնելով հանրային խորհրդակցություններ ԻՇ վերաբերյալ և սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ ԲԿԳ-ում ՀՀ կառավարության 4-րդ ազգային գործողությունների ծրագրում իրական շահառուների թափանցիկության վերաբերյալ նոր հանձնառություն ընդունելու նպատակով: Այն հաստատվել է կառավարության կողմից և 2019 թ․-ի նոյեմբերին դարձել 4-րդ գործողությունների ծրագրի մաս։ Ի կատարումն այս հանձնառության՝ ՀՀ ում ստեղծվել է ԻՇ հանրային բաց ռեգիստր բիզնեսի բոլոր ճյուղերի վերաբերյալ։
Այնուհետ ԻԱԿ-ը սկսել է իրականացրել է այս բարեփոխման շուրջ հանրային իրազեկման բարձրացման, բիզնես համայնքի և ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված գործողություններ։ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ ԻԱԿ-ը նախաձեռնել և իրականացրել է թեմատիկ հետազոտություն, մշակել բիզնես ներկայացուցիչների համար նախատեսված հատուկ կրթական ծրագիր, կազմակերպել մասնավոր հատվածի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանան դասընթացներ և խորհրդատվական հանդիպումներ, իրականացրել ԻՇ հայտարարագրման գործընթացին առնչվող բիզնեսի ներկայացուցիների անհատական խորհրդատվություն և աջակցություն։
Իրական շահառուների թափանցիկության նախաձեռնության խթանման ուղղությամբ ԻԱԿ-ը առանձին ծագրեր է իրականացնում նաև ՔՀԿ-ների համար։ «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպության աջակցությամբ ԻԱԿ-ն իրականացրել է ՔՀԿ-ների և լրագրողների համար նախատեսված դասընթացներ՝ զարգացնելով ԻՇ տվյաների վերլուծության կարողություններն ու խթանելով դրանց օգտագործումը հետազոտական և լրագրողական գործունեության շրջանակում։ ԻԱԿ-ը թեմատիկ ծրագրեր է իրականացնում նաև այլ միջազգային գործընկերների հետ՝ շարունակելով անընդհատ աշխատանքը բարեփոխման կայացման և դրա շրջանակում հիմնական դերակատարների ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ։
Մշտադիտարկում
2003 թ.-ից սկսած՝ ՏԱ օրենքի ընդունումից ի վեր, ԻԱԿ-ը պարբերաբար իրականացրել է մոնիտորինգներ՝ պարզելու համար տեղեկատվության ազատության վիճակը ՀՀ-ում: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրական վիճակը գնահատելու, պետական մարմիններին բաց եւ թափանցիկ աշխատելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ քաղաքացիների համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տարեկան 1000-ից ավելի տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` միաժամանակ լինելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը: ԻԱԿ-ի իրականացրած մոնիտորինգների մասին առավել ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղից՝ http://www.foi.am/hy/research/:
2014թ.-ից ԻԱԿ-ը մշակել և գործարկել է տեղեկություն տնօրինող մարմինների (մասնավորապես` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների) հրապարակայնության և թափանցիկության գնահատման համակարգ` ՏԱ ինդեքս: Մշակված հիսունից ավելի չափանիշների հիման վրա ամեն տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները գնահատելու են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության և տեղեկատվության ազատության մակարդակը և կազմելու են Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ամենամյա Ինդեքսը։
Ուսուցումներ
Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին զարգացնել իրենց գիտելիքը եւ հմտությունները Տեղեկատվության ազատության ոլորտում:
Հանրային քարոզարշավ
2001 թ.-ից մինչ օրս Կենտրոնն իրականացնում է հանրային լայն քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով։ Կենտրոնը հրապարակում է «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: Տեղեկագրի յուրաքանչյուր համարում հրապարակվում է այն պաշտոնյաների «Սև ցուցակը», որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ը ԶԼՄ-ներով լայնորեն հրապարակայնացնում է տեղեկություն ստանալու իրավունքի խախտումները:
Տեղեկատվության ազատության ոլորտում ամենակարեւորն այն է, որ պետական մարմինները իրենց սեփական նախաձեռնությամբ հրապարակեն հանրության համար կարեւոր տեղեկություններ։ Այս նպատակով ԻԱԿ-ը համայնքներին՝ գյուղական եւ քաղաքային, տրամադրում է տեղեկատվական ցուցատախտակներ՝ համայնքին առնչվող պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փակցնելու համար:
2007 թ. մինչ օրս ԻԱԿ-ը ՀՀ 57 համայնքներում տեղադրել է 270 տեղեկատվական ցուցատախտակ, որոնց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հրապարակեն իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկատվությունը: Այս տեղեկատվական ցուցատախտակները տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները մատչելի դարձնելու ճկուն, ոչ ծախսատար եւ արդյունավետ միջոց են:
Բարեփոխումներ էլեկտրոնային կառավարման ոլորտում
ԻԱԿ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման նոր մեխանիզմներ ներդնելու, կատարելագործելու եւ դրանց հրապարակայնության ապահովմանն ու մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի իրականացմանն ուղղելու նպատակով։ Այս նպատակով 2011 թ. ԻԱԿ-ի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ արդիականացվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ 10 մարզպետարանների պաշտոնական կայքերը: Ինչպես եւ 2009-2010 թթ. ԻԱԿ-ն աջակցել է ՀՀ մարզպետարաններում ներդնելու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգը՝ այդ նպատակով կազմակերպելով ուսուցումների շարք, նաեւ՝ տրամադրելով համակարգիչներ քաղաքապետարաններին ու մարզպետարաններին:
Օրենսդրական բարեփոխումներ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ակտիվ դերակատարում է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մշակման և ընդունման գործում: Ներկայումս ԻԱԿ-ը նախաձեռնել է ՏԱ օրենսդրության բարեփոխումների երկրորդ սերնդի մշակման և ընդունման գործընթացը։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ԻԱԿ-ը վերլուծել է տեղեկատվության ազատության ներկայիս պրակտիկան, վերհանել իրավական բացերը եւ դրանք լրացնելու նպատակով ՀՀ ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ մշակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, ինչպես նաեւ ՏԱ իրավունքին առնչվող՝ «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծեր:
Ապատեղեկատվության դեմ պայքար
ԻԱԿ-ն աջակցում է ապատեղեկատվության դեմ պայքարին՝ ոլորտը կարգավորող ռազմավարական փաստաթղթերի մշակման և գործարկման միջոցով, ինչպես նաև տարբեր դերակատարների համար թիրախային ուսուցումներ կազմակերպելով և հանրային կարևոր ոլորտներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր ստանալով և հանրայնացնելով։
2019-2022 թթ․-ին ԻԱԿ-ը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում աջակցել է կառավարությունում տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև օգնել երիտասարդությանը հզորացնելով գործնական գիտելիքով և հմտություններով՝ իրացնելու ակտիվ քաղաքացու վերահսկողության իրենց դերը, բարելավելով հանրային տեղեկատվության հոսքն ու որակը:
2020-2021 թթ․-ներին ԻԱԿ-ը իրականացրել է «Ապատեղեկատվության վիրուսի դեմ պայքար» ծրագիրը՝ նպատակ ունենալով զարգացնել լրատվամիջոցների մեդիա գրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում ստեղծելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։
2021 թվականից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը այս ոլորտում համագործակցում է նաև Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ՝ ներգրավելով նաև բիզնես համայնքի ներուժը։ «Ապատեղեկատվության դեմ պայքար մասնավոր հատվածում» ծրագրի շրջանակում ԻԱԿ-ը մշակել և իրականացրել է փաստերի ստուգման հմտութունների զարգացան դասընթաց մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար։
Ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով՝ «Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ԻԱԿ-ը մշակել է Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը 2023-2025 և դրա իրականացման ճանապարհային քարտեզը։ Փաստաթուղթը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կառավարությունը հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս: Այն նախատեսում է հրատապ և անհետաձգելի գործողությունների համալիր Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուտներին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։
ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
ԻԱԿ-ն իրականացնում է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկե բանալի է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և լրագրողներին: Տրվում են նաև բացասական մրցանակներ` կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:
ԻԱԿ-ն անդամակցում է.
- ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվեցիայի կոալիցիային
- Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցին (հիմնադիր անդամ):
- «Տեղեկատվության ազատություն. Եվրոպա» կազմակերպությանը (հիմնադիր անդամ):
- Տեղեկատվության ազատության ամերիկյան ազգային Կոալիցիային (պատվավոր անդամ), որին անդամակցում են Միացյալ Նահանգներում գործող 25 կազմակերպություն:
- Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմ հիմնադիր անդամ է 2010 թ.-ի հունիսից։