Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ն ընդդեմ "ՓՄՁ ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ի
15.03.2012
2012թ.-ի փետրվարի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ԻԱԿ-ն ընդդեմ "ՓՄՁ ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ի դատական գործը: Նախնական դատական նիստի ժամանակ ԻԱԿ ներկայացուցիչը պնդեց հայցապահանջը, և գործը մտավ դատաքննության փուլ: Մարտի 2-ին տեղի ունեցավ դատական նիստի ժամանակ դատաքննությունն ավարտվեց, իսկ մարտի 15-ին հրապարակվեց վճիռը. դատարանը մերժեց ԻԱԿ-ը հայցը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև վարկային կազմակերպության տնօրենին ենթարկել վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի նոյեմբերի 11-ին "Անկախ" շաբաթաթերթը դիմել էր "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ--ին` խնդրելով տեղեկություններ ՈւՎԿ-ի կողմից ֆինանսավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց և ֆինանսավորման չափերի մասին: Ի պատասխան շաբաթաթերթի հարցմանը` "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ն պատասխանել է մերժմամբ` հայտնելով, որ խնդրվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Նշենք, որ 11.11.2011թ.-ի հարցմամբ խնդրված տեղեկությունները վերաբերել են պետական միջոցներից տրամադրված ֆինանսավորմանը: Ուստի, "Անկախ" շաբաթաթերթը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը "Անկախ" շաբաթաթերթին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2011 թ.-ի նոյեմբերի 22-ին գրավոր հարցում էր կատարել "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Բադալյանին` նշելով, որ խնդրվող տեղեկությունները վերաբերում են պետական միջոցներին եւ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ն, ստեղծման օրվանից մինչև վերջին ամփոփման օրն ընկած ժամանակահատվածում քանի իրավաբանական և ֆիզիկական անձի է ֆինանսավորել "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից,
2. Որոնք են այդ իրավաբանական և ֆիզիկական անձիք (խնդրում եմ նշել ամբողջական անունները),
3. "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից որքան միջոցներ են հատկացվել յուրաքանչյուր իրավաբանական և ֆիզիկական անձին:
Ի պատասխան վերոնշյալ հարցման` ՈւՎԿ-ն ներկայացրել է մասնակի պատասխան: Բացի այդ, որը ՈւՎԿ-ն հղում է կատարել առևտրային գաղտնիքին (բանկային գաղտնիք), առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ ՀՀ օրենքի դրույթով է ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը համարվում գաղտնիք:
Ուստի, 2011թ.-ի դեկտեմբերի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով պարտավորեցնել "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև վարկային կազմակերպության տնօրենին ենթարկել վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով: