Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ը կհրապարակայնացնի Մաշտոցի այգու տարածքի մանրամասները
20.02.2012
20.02.2012թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պաշտոնապես դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Մինչ հողահատկացումը ի՞նչ կարգավիճակ է ունեցել Երևան քաղաքի Մաշտոցի այգու տարածքը, և արդյոք փոխվե՞լ է տարածքի կարգավիճակը հողահատկացումից հետո:
2. Ե՞րբ են կատարվել հողահատկացումները, որքա՞ն մակերեսով, ի՞նչ նպատակով եւ որքա՞ն ժամկետով:
3. Ու՞մ կամ ո՞ր կազմակերպությանն (կազմակերպություններին) են կատարվել հողահատկացումները:
4. Ե՞րբ է տրվել վերոնշյալ տարածքում շինարարության թույլտվությունը և ի՞նչ հիմքով:
5. Խնդրում ենք տրամադրել հողահատկացման, շինարարական թույլտվության եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքի պատճենները:
6. Արդյոք իրականացվե՞լ է հասարակության ծանուցում և քննարկում տվյալ հանրային տարածքը առեւտրային գոտու վերածելու վերաբերյալ: Եթե այո, ապա` ե՞րբ և ու՞մ մասնակցությամբ:
7. Խնդրում ենք հայտնել, թե նման շինարարության թույլտվություն տրամադրելիս, հաշվի առնվե՞լ է "Քաղաքաշինություն. հատակագծում եւ կառուցապատում քաղաքային եւ գյուղական բնակավայրերի" ՍՆԻՊ 2.07.01-89 -ի 4.12 կետի 4-րդ աղյուսակի կանոնը (քաղաքաշինական նորմը), ըստ որի շինության արտաքին պատը ծառի բնից պետք է հեռու լինի 5 մետր:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Ոչ լիարժեք կամ ուշացած պատասխան կամ ապօրինի մերժում ստանալու դեպքում սովորաբար ԻԱԿ-ը դատական հայց է ներկայացնոմ տվյալ մարմնի դեմ։ Իսկ որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միշտ հետամուտ է լինում իր ուղարկած հարցումներին, դա փաստ է, դրա ապացույցը այն 34 դատական հայցերն են, որոնց միջոցով (թեկուզ եւ 3 տարի ուշացումով) ԻԱԿ-ը ստացել է իր պահանջած տեղեկությունները:
Ի դեպ, քաղաքապետին ուղղված հարցումը և հարցման պատասխանը տեղադրվելու են www.givemeinfo.am կայքում: