Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Իրավունքների պաշտպանության օրը՝ խնդիրների վրա սևեռվելու օր

10.12.2011

«Հայաստանի անկախությունից ի վեր, ու նաև այս տարվա, մարդու իրավունքների պաշտպանության ամենասուր և ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է»,- «Մարդու իրավունքների EXPO»-ի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին առաջիկա ընտրությունների շրջանում ծավալվող հանրային քննարկումներում ոչ միայն ներկայացնել դատական իշխանության ներկայիս վիճակը, որը հայտնի է բոլորին, այլ ընտրողներին մատուցել արդար դատարան ունենալու գործուն և իրատեսական ծրագրեր:

Տարին ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակին ուղղված բողոքներն ամենից շատը վերաբերել են անձանց ընտանեկան նպաստի իրավունքից զրկելուն և կենսաթոշակները սխալ հաշվարկելուն: Պաշտպանին ուղղված բողոքներով ամենից շատ դրական լուծումները ստացվել են Պաշտպանության նախարարությունից, իսկ օմբուդսմենի գրասենյակի կողմից արված օրենսդրական առաջարկություններն ամենից շատ ընդունել են Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները:

«Մարդու իրավունքների EXPO»-ի ժամանակ ներկայացված 10 տաղավարները վերաբերում էին իրավունքների ամենատարբեր ոլորտներին:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ներկայացնում էր «Տեղեկատվություն ստանալու իրավունք» տաղավարը: «Կարևոր է, որ սրահում մեր տաղավարն առաջինն է, որովհետև մարդու մյուս բոլոր իրավունքները խարսխվում են այս իրավունքի վրա: Եթե մարդը չի ունենում ժամանակին ամբողջական տեղեկատվություն, ապա մյուս բոլոր իրավունքներից չի կարող լիարժեք օգտվել»,- նշեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:

«2011 թվականի ընթացքում չեմ կարծում, թե հաշմանդամություն ունեցող անձինք լուրջ փոփոխություններ զգացին իրենց կյանքում»,- ասում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
«Ունեցել ենք խոստում, որ շուտով ավտոբուսների մի մասը կլինի հարմարեցված հաշմանդամների համար: Առայժմ՝ խոստման ձևով, բայց հուսով եմ, որ աշխատելով քաղաքապետարանի հետ կհասնենք ինչ-որ բանի»,- հույս է հայտնում Ալավերդյանը: Զբաղվածության ոլորտում թեև հայտնվել են գործատուներ, ովքեր պատրաստ են աշխատանքի վերցնել հաշմանդամ մարդկանց, սակայն «Ունիսոնի» գործադիր տնօրենի խոսքերով՝ դա ավելի շատ անհատական նախաձեռնություն է և համակարգային բնույթ չի կրում:

Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնությունները ներկայացել էին մեկ տաղավարում:

«Ես միշտ ասել եմ և ասում եմ, որ ազգային փոքրամասնությունների իրավունքներն իրավական մակարդակում պաշտպանված են, բայց այդ իրավունքների իրացման համար ոչ միայն պետք է օրենքով սահմանել, այլև այդ իրավունքների իրագործման համար հնարավորություններ ստեղծել՝ հավասար հնարավորություններ և պայմաններ»,- նշեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը՝ հավելելով, որ եթե իրավունքները թղթի վրա են մնում, ուրեմն չեն պաշտպանվում:

Շարոյանի խոսքերով՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները իրենց կամքի արտահայտումը չեն տեսնում ո՛չ խորհրդարանում, ո՛չ կառավարությունում, որովհետև այդ մարմիններում չունեն իրենց՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը:

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում կարևոր ձեռքբերումները քրեակատարողական հիմնարկների և ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերի հասարակական դիտորդների խմբերն են, որոնք ինչ-որ չափով կանխարգելիչ բնույթ ունեն՝ կարծում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը:

Նրա խոսքերով՝ շարունակում է խնդրահարույց մնալ ՀՀ քրեական օրենսգրքում «խոշտանգում» եզրույթի սահմանումը, որը չի համապատասխանում ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի եզրույթին: «Այդ առումով՝ դժվար է նույնիսկ գնահատել, թե քանի մարդ է դատապարտվում Հայաստանում բուն խոշտանգումների համար»,- ասում է Դանիելյանը:

Նրա կարծիքով՝ պետության կողմից ցանկություն չկա պայքարելու խաշտանգումների դեմ, նույնիսկ ակնհայտ խոշտանգման դեպքերին համապատասխան արձագանք չի տրվում:

Իրավապաշտպանը հույս ունի, որ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմը որոշ չափով կլուծի առկա խնդիրները:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Մարդու իրավունքների EXPO»-ն դրական է համարում նրանով, որ հասարակական կազմակերպությունները հնավարություն ունեն ցույց տալ, թե ինչով են զբաղվում և ինչ խնդիրներով կարող են մարդիկ դիմել իրենց, եթե նրանց իրավունքները ոտնահարվել են:

Դրականի հետ մեկտեղ Ալավերդյանը վտանգներ է տեսնում. «Վտանգն այն է, որ մենք հանկարծ սա չվերածենք տոնակատարության, ինչպես մարտի 8- ը: Իրականում՝ այդ օրը եղել և մնում է կանանց իրավունքների պաշտպանության օր, բայց մենք վեր ենք ածել օծանելիք նվիրելու օրվա: Այդ վտանգը այստեղ էլ կա: Ես միշտ ասել եմ, դեկտեմբերի 10-ը տոնական օր չէ, ընդհակառակը՝ դա օր է, երբ մենք սևեռում ենք մեր ուշադրությունը չլուծված խնդիրների վրա»,- նշեց մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

 Աղբյուրը՝ hra.am

← Վերադառնալ ցուցակին