Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Նոր վեբ նախագիծ տեղեկատվության ազատության ոլորտում

22.09.2011

Միջոցառման բացման խոսքում ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան նշեց. “Տեղեկատվության մատչելիությունը չափազանց կարեւոր է արդյունավետ կառավարման, իշխանություններին հաշվետու պահելու համար: Ունենալով առաջադեմ օրենսդրություն մի շարք ոլորտներում, այդ թվում տեղեկատվության ազատության, Հայաստանը դեռեւս կարիք ունի բարելավելու օրենքի կիրառման պրակտիկան: Այս առումով, ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից այս ասպարեզում իրականացված հետեւողական աշխատանքը եւ այսօր ներկայացված նոր կայքը մեծապես նպաստում են տեղեկատվության մատչելիությունը հանրության կողմից մշտապես վերահսկողության տակ պահելուն, ինչը շատ ողջունելի է”՚

ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության եւ կառավարման գրասենյակի ղեկավար Սթիվեն Բրագերն իր ողջույնի խոսքում կարեւորեց նորաստեղծ կայքի դերը կառավարության թափանցիկության ու հաշվետվության, ինչպես նաեւ ժողովրդավարական գործընթացում քաղաքացիների տեղեկացված մասնակցության խթանման գործում: “Կայքը հաստատում է ինչպես հասարակության տեղեկացված լինելու եւ կառավարությունից ինֆորմացիա պահանջելու իրավունքը, այնպես եւ կառավարության պարտականությունը լինել թափանցիկ եւ տեղեկություններ տրամադրել` համաձայն “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի”,- ասաց նա:

Նախ ներկայացվեց GiveMeInfo.am նոր վեբ նախագիծը. Կայքն ամփոփում է տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական պատկերը, որը ձեւավորվում է անմիջապես կայքից ներմուծվող ՏԱ հացումների շնորհիվ: Այսօր կայքում ներմուծված են ԻԱԿ-ի կողմից 2010-2011թթ.-ին ուղարկված հարցումները: Կայքը հրաշալի գործիք է յուրաքանչյուրի համար, որը հնարավորություն է տալիս կայք ներմուծել տեղեկություն ստանալու հարցումը եւ կից փաստաթղթերը` այդպիսով անձամբ ձեւավորելով ՏԱ վիճակագրական պատկերը Հայաստանում:

www.givemeinfo.am կայքը նաեւ հնարավորություն է տալիս տեսնել, թե յուրաքանչյուր տեղեկատվություն տնօրինող մարմին ինչպես է պատասխանել իրեն հասցեագրված տեղեկություն ստանալու հարցումներին ցանկացած ժամանակահատվածոմ: Վեբ նախագծի հիմնադիրներն ու գործարկողներն են` Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Հելիքս Կոնսալտինգ ընկերությունը, Ալբերտ Պողոսյանը` նախագծի մտահղացման հեղինակ եւ Սամվել Մարտիրոսյանը:

Այնուհետեւ ներկայացվեցին ԻԱԿ-ի իրականացրած “Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում-2011” մոնիտորինգի արդյունքները: “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը գործում է շուրջ 8 տարի: Վերջին տարիներին ՏԱ օրենսդրության կիրառման պրակտիկայում բավականին շատ փոփոխություններ եւ դրական արդյունքներ են գրանցվել, եւ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել պարզելու, թե ինչպես են տեղեկատվություն տնօրինողները կատարում Օրենքի պահանջները”,- իր ելույթում ասաց ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը:

“Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում-2011” մոնիտորինգը ԻԱԿ-ին հնարավորություն տվեց պարզել տեղեկատվության ազատության առկա վիճակը Հայաստանում: Մոնիտորինգի շրջանակում 50 մարմնի ուղարկված 250 հարցումների 56 տոկոսին տրվել է լիարժեք պատասխան: Սակայն, մյուս կողմից, մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ դեռեւս լուրջ խնդիր են մնում անպատասխան մնացած հարցումները, որոնք կազմել են ընդհանուր հարցումների 30 տոկոսը: Սա այն դեպքում, երբ մերժումների ընդհանուր թիվը կազմել է ընդամենը 8-ը, որից միայն մեկն է եղել օրինական: Ստացվում է, որ այն բոլոր դեպքերում, երբ մարմինը չի ցանկացել տրամադրել տեղեկատվություն, նախընտրել է ոչ թե գրավոր մերժել դիմողին, այլ պարզապես անպատասխան թողնել հարցումը: (տես`http://www.givemeinfo.am/hy/entity/85/):

Խոչընդոտ է շարունակում մնալ նաեւ հարցումներին ժամանակին պատասխանելու հարցը: 250 հարցումներից 19.2 տոկոսին տրվել է ուշացած պատասխան: Եղել են դեպքեր, երբ տեղեկատվությունը տրամադրվել է 1 ամիս 16 օր ուշացումով:

Մոնիտորինգը եւ GiveMeInfo.am նախագիծը իրականացվել են “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի կողմից “Տեղեկատվության ազատության օրենսդրության կիրառումը Հայաստանում” ծրագրի շրջանակում, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի եւ ԱՄՆ ՄԶԳ համաֆինանսավորմամբ:

Հավելենք, որ միջոցառումը իրականացվեց ԻԱԿ-ի կողմից կազմակերպված “Տեղեկատվության ազատության շաբաթ” օրերի շրջանակներում: Այն մեկնարկել է սեպտեմբերի 21-ից և կեզրափակվի սեպտեմբերի 28-ին` “Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք” ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությամբ: 

← Վերադառնալ ցուցակին