Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Տեղեկատվության մատչելիությունը Կոտայքի մարզում

20.07.2011

Հուլիսի 19-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանում բացվեց տեղեկատվական կենտրոն, որի նախաձեռնողը Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանն էր: Բացման արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետը, թեմի առաջնորդը, ԻԱԿ նախագահը եւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կոտայքի մարզպետարանում մշտապես կարեւորվել ու կարեւորվում են հրապարակային գործելաոճի գերակայությունները եւ իրականացվող բոլոր գործընթացները կազմակերպվում են բացառապես այդ մտայնությամբ եւ հանրության համար առավել մատչելի տեղեկատվության ապահովման նպատակադրմամբ:

Տեղեկատվական այս կենտրոնի առկայությունը եւս պետք է համարել տեղեկատվության մատչելիության ապահովման հերթական նախաձեռնություն, որն իր ներկայությամբ կնպաստի ժողովրդավարության կարեւորագույն ուղղություն համարվող տեղեկատվության ազատության առավել կենսունակ միջավայրի ձեւավորմանը:

Վստահություն կա, որ մարզպետարանի տեղեկատվական կենտրոնը կդառնա բոլոր այցելուների, մարզի բնակիչների համար մի կարեւորագույն վայր, որտեղ հնարավոր կլինի ստանալ բազում հարցերի պատասխաններ, տեղեկատվության հարցման օրենսդրական տարբերակներով դիմել պատասխանատուներին, ստանալ սպառիչ պատասխաններ եւ լիարժեքորեն կիրառել տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքն ու զգալ այդ իրավունքի ամբողջական ընկալումները:

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվական կենտրոնն դառնալու է տնօրինվող տեղեկատվության մատուցման մի յուրօրինակ եւ քաղաքակիրթ տարբերակ, որը սկիզբ է դնելու այս ասպարեզում մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքների նոր փուլի համար, մի փուլ որտեղ ձեւավորվում են հանրային իրազեկման գործառույթների առավել արդյունավետ կազմակերպման, ազատ տեղեկատվության, հրապարակային ու թափանցիկ գործելաոճի բոլորովին նոր ու համակողմանի մոտեցումներ:

Տեղեկատվական կենտրոնի այցելուները կարող են նախ դիմել բանավոր հարցմամբ, ստանալ անհրաժեշտ ուղղորդում փնտրվող տեղեկատվության տնօրինողի եւ պաշտոնական կայքերում այդ տեղեկատվության առկայության վերաբերյալ:

Էլեկտրոնային տարբերակով տեղեկատվությունը չգտնելու դեպքում տեղեկատվական կենտրոնում հնարավոր է փակցված օրինակելի հարցման տարբերակից օգտվելով դիմել գրավոր հարցմամբ, աշխատակցի օժանդակությամբ այդ հարցումը մուտքագրել մարզպետարանի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային "Mulberry" համակարգ եւ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում ստանալ պահանջվող տեղեկատվությունը:
Կենտրոնի այցելուները կարող են առկա համակարգիչների միջոցով "Mulberry" համակարգ մուտք եղած իրենց դիմումի կամ հարցման ընթացքին ծանոթանալ նախապես իրենց տրված 12 նիշանոց համարի միջոցով:

Հավելենք նաեւ, որ տեղեկատվական կենտրոնում գործելու է բացառապես "Մատչելի տեղեկատվություն եւ տեղեկացված հասարակություն" կարգախոսը, որի ազդակներն անընդհատ նկատելի են լինելու հանրության համար:

Այս կենտրոնում գործելու է նաեւ մարզպետարանի մամուլի սրահը, որտեղ կազմակերպվելու են մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ եւ հարցազրույցներ` քննարկելով, վերլուծելով եւ ներկայացնելով հանրության համար առավել կարեւոր թեմաներ ու դիտարկումներ:

 

← Վերադառնալ ցուցակին