Նորություններ և իրադարձություններ
Սուպերմարկետները` տեղեկատվություն տնօրինողներ
13.06.2011
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ընդլայնել է գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների ցանկը` այսուհետ այդ ցանկում ներառելով նաեւ մանրածախ առևտրի ոլորտը ներկայացնող կազմակերպություններին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովի` 2011թ.-ի հունիսի 8-ի որոշմամբ մանրածախ առեւտրի ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող են համարվել “Ալեքս Գրիգ”, “ՍԱՍ գրուպ”, “Ֆրեշ”, “Սթար Դիվայդ” եւ “Նոր Զովք” ընկերությունները՝ համապատասխանաբար “Երևան Սիթի”, “ՍԱՍ”, “Ֆրեշ”, “Սթար” եւ “Նոր Զովք” խանութների ցանցերով:
“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվություն տնօրինող են հանրային նշանակության կազմակերպությունները: Նույն հոդվածի համաձայն` հանրային նշանակության կազմակերպություն են համարվում նաեւ ապրամքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ոչ պետական կազմակերպությունները:
Սա նշանակում է, որ “Երևան Սիթի”, “ՍԱՍ”, “Ֆրեշ”, “Սթար” եւ “Նոր Զովք” խանութները այսուհետ համարվում են տեղեկատվություն տնօրինող եւ պահանջի դեպքում պարտավոր են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրել տեղեկություն քաղաքացիներին, սեփական նախաձեռնությամբ հրապարակել նույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Այսպիսով, հանրային նշանակություն ունեցող այս ոլորտը նույնպես կարող է տեղեկատվության ազատության շնորհիվ վերահսկվել նաեւ հենց հասարակության կողմից: