Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Աշխատանքային երկխոսություն դատախազների եւ լրագրողների մասնակցությամբ

26.10.2010

«Գնալով մեր աշխատանքներն ավելի թափանցիկ են դառնալու` որքանով որ դա թույլ է տալիս օրենսդրությունը»,- բացման իր խոսքում նշեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Նաեւ հավելեց, որ լրագրողներն իրենց հրապարակումներում պետք է մի փոքր ավելի զգույշ լինեն, քանի որ «քրեական գործերում միայն մեղադրյալներ չեն, կա նաեւ տուժող կողմ, որի իրավունքները եւս չպետք է ոտնահարել»: Դա է պատճառը, որ երբեմն հանրությանը «աչքաչափով» տեղեկատվություն է տրամադրվում:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը ընդգծեց, որ «հրապարակման ենթակա տվյալները պետք է տրամադրել լրագրողներին: Այն է` թե քանի վկա է հարցաքննվել, կան ձերբակալված անձինք եւ այլն»: «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը, սակայն, նշեց, որ քննիչները հաճախ զլանում են անգամ հրապարակման ենթակա տեղեկություններ  տրամադրել: Օրինակ, հարցնում են, թե տվյալ գործով կան ձերբակալվածներ եւ պատասխան չեն ստանում:

ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը շատ կարեւորում է հրապարակայնության սկզբունքը, բայց եւ անհանգստանում, քանի որ «լրագրողները երբեմն սենսացիային տուրք տալով դատախազությունից ստացված տեղեկատվությունը ներակայացնում են ուռճացված` իրականությունից կտրված»:

Աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը խոսեց տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունների եւ մարդու բարի համբավի, պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին, ԻԱԿ փորձագետ Գեւորգ Հայրապետյանն էլ ներկաներին պարզաբանեց «Տեղեկատվության ազատությունը որպես գործիք» թեման, իսկ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը ներկայացրեց “Տեղեկատվության ազատությունը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը” թեման: Հանդիպման ժամանակ քննարկումներ եղան նաեւ վիրավորանք, զրպարտություն, հերքման իրավունք, պատասխանի իրավունք հարցերի շուրջ:

Քննարկման արդյունքում մասնակիցները եկան այն եզրահանգման, որ նմանատիպ հանդիպման կարիք կա նաեւ դատախազներ-լրատվամիջոցների ղեկավարներ ֆորմատով, քանի որ սենսացիային հիմնականում տուրք են տալիս հենց խմբագիրները:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ` “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում:

← Վերադառնալ ցուցակին