Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

www.e-gov.am-ը ճանաչվել է լավագույն ինտերնետային կայք

29.09.2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ներկաներին և կարևորել տեղեկատվության ազատությունը, խոսել է ոլորտում առկա հիմնախնդիրների մասին։ «Առաջին հերթին ես կարևորում եմ պետական կառավարման մարմինների` իրենց գործունեության ընթացքում բաց և թափանցիկ լինելը։ Եվ այդ առումով մենք բավական լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր որոշումները, որոնք ընդունվում են պետական մարմինների կողմից հասանելի լինեն հասարակայնության համար և մինչև դրանց ընդունումը նախապես ներկայացվեն հասարակության քննարկմանը։ Դա հնարավորություն է տալիս պետական մարմիններին հաշվի առնել հասարակական կարծիքը»։

Վարչապետը խոսել է հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության կայացման մասին, նշելով, որ նաև վերջիններիս միջոցով պետք է ապահովել հասարակության ու պետական մարմինների երկխոսությունը` տեղեկատվության ստացման գործում։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հասարակությանն է ներկայացվել կառավարության բոլոր որոշումները։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում որպես բաց ու լավ աշխատանքի խորհրդանիշ տրվել է Ոսկե բանալի, իսկ կառավարության էլեկտրոնային կառավարման
www.e-gov.am կայքն արժանացել է 2010 թվականի տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային անվանակարգին։

Մրցանակին արժանանալու առիթով կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ այդ աշխատանքը կատարվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ։ «Առաջին իսկ տեղեկատվությունը, որ մենք տեղադրել ենք կառավարության կայքէջում մինչև
www.e-gov.am կայքի ստեղծումը, դրանք ըստ պայմանագրերի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից պետական բյուջեից ստացվող ֆինանսավորման բացվածքն էր»,-նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։

Աղբյուրը` www.gov.am

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Տեղեկատվության ազատության ամենամյա` ութերորդ մրցանակաբաշխությանը կարող եք դիտել այստեղ` http://www.gov.am/am/videos/item/133/

 

 

← Վերադառնալ ցուցակին