Նորություններ և իրադարձություններ
ՀԱՅՏՆԻ ԵՆ 2010Թ. ՏԱ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
28.09.2010
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակա-բաշխությունն անցկացնում է արդեն 8-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։ 
Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին Ոսկե բանալիներ շնորհվեցին հետեւյալ անձանց եւ կազմակերպություններին.
- Գորիսի համայնքապետարանին (քաղաքապետ` Նելսոն Ոսկանյան)` որպես 2010թ. ամենահրապարակային գործող մարմին,
 - ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքին` www.egov.am-ին` որպես 2010թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
 - «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը` որպես 2010թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն,
 - Արամ Զաքարյանին («Առավոտ» օրաթերթ)`որպես 2010թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող,
 - «Խոսքի իրավունք» հաղորդաշարին (հ2 հեռուստաընկերություն)` որպես 2010թ. Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած հեռուստահաղորդում,
 - Հակոբ Թովմասյանին` որպես 2010թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի:
 
Մրցանակաբաշխության բացասական մրցանակը Ժանգոտ կողպեքն է՝ որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին այս մրցանակին արժանացավ Ստեփանավանի  համայնքապետարանին (քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյան)՝ որպես 2010թ. “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին:
«Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակբաշխությունը հզորացնում է հասարակական վերահսկողությունը պետական մարմինների վրա, նրանց ստիպում է առավել բաց աշխատել եւ հաշվետու լինել հանրության առջեւ։ Շատ մարմինների համար սա լավ խթան է՝ կատարելագործելու իրենց աշխատանքը, վերանայելու թերությունները եւ շտկելու դրանք։ -Նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը,- Միեւնույն ժամանակ, այս միջոցառումը խրախուսում եւ քաջալերում է քաղաքացիներին, լրագրողներին եւ ՀԿ-ներին դառնալ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպան եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ակտիվ օգտագործող»։
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը: 
Հրապարակային եւ փակ գերատեսչություններն ընտրվել են հետեւյալ չափանիշները հաշվի առնելով.
-   Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջների կատարում:
-   Տեղեկություն ստանալու  հարցումներին պատշաճ ձեւով ընթացք տալ (գրանցել, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել):
-   Պարբերաբար հրապարակել օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները` համաձայն ՏԱ օրենքի (բյուջեն, որոշումները, բյուջեի կատարման հաշվետվությունները, ավագանու նիստերի մասին տեղեկատվություն, եւ այլն):
-   ԶԼՄ-ների հետ համագործակցություն` հանրությանը ժամանակին եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: 
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։