Նորություններ և իրադարձություններ
Գրքի շնորհանդես եւ ՏԱ դատական պրակտիկայի ամփոփում
17.06.2010
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Տեղեկատվություն ստանալու իրավունք. Դատական գործերի ժողովածու 2007-2010» գրքի շնորհանդեսը: Այն ամփոփում է վերջին 4 տարիներին տեղեկատվության ազատության ոլորտում կենտրոնի նախաձեռնած 20 դատական գործերը՝ առնչվող բոլոր փաստաթղթերով։ Դատական գործերի բազմազանությունը հնարավորություն է ընձեռում մի շարք վերլուծություններ անել ՏԱ դատական պրակտիկայի վերաբերյալ:
Որպես կանոն` ԻԱԿ-ի հիմնական նպատակը եւ հայցապահանջը` տրամադրել պահանջված տեղեկությունները, դատարանի կողմից բավարարվել են: Այս միտումը հավաստում է, որ տեղեկություններ փնտրելու եւ ստանալու իրավունքի իրացումը եւ դատական պաշտպանությունը վերջին չորս տարիների ընթացքում դրական առաջընթաց է ունեցել: Սակայն մի այլ հայցապահանջ` տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը, դատարանների կողմից մերժվել է: Բացառություն էր միայն «ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետի եւ գյուղապետարանի» գործը, որի դեպքում դատարանը (դատավոր` Ա. Պողոսյան) առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկեց պաշտոնյային տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար:
Պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը դատարանների կողմից մերժվում էր հիմնականում օրենսդրական բացի պատճառով։ Օրենսդրական այդ բացն արձանագրեց ՀՀ Սահմանադրական դատարանը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152-րդ հոդվածները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ԻԱԿ-ի դիմումը քննելիս:
Նաեւ ԻԱԿ-ն “Առավոտ” օրաթերթի հետ համատեղ առաջին անգամ դատական կարգով վիճարկեց տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցումն անպատասխան թողնելը: ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթը հայց էին ներկայացրել ընդդեմ Շիրակի եւ Լոռու մարզպետարանների, քանի որ վերջիններս անպատասխան էին թողել “Առավոտ” օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանի էլեկտրոնային հարցումները: Սա լավ նախադեպ կարող է լինել նաեւ մյուս լրատվամիջոցների համար, որոնց լրագրողների տեղեկություն ստանալու հարցումներն անհիմն մերժվում են կամ պատասխաններն՝ ուշացվում։
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ, որոշ դեպքերում միայն դատարան դիմելու փաստը բավարար է լինում տեղեկատվություն ստանալու իրավունքի վերականգնման համար: Մի քանի դեպքում ԻԱԿ-ի դատական գործերը կարճվել են, որովհետեւ դատական քննության ընթացքում ԻԱԿ-ի պահանջած տեղեկատվությունը տրամադրվել է:
Տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական յուրաքանչյուր գործ ինքնին ունի հսկայական կրթական նշանակություն պաշտոնյաների եւ հասարակության համար: Բացի այդ` դատական գործերն ունեն նաեւ տեղեկատվության ազատության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն: Դրանք յուրատեսակ նախազգուշացում են պաշտոնյաներին այն մասին, որ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքում նրանք պարտավոր են պատասխան տալ դատարանում: